USD
EUR
RUB

Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը»

 
 
 

Առավոտյան ժամը 10-ն է. շտապում եմ հասնել «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» անիմացիոն ստուդիա: Հենց այնտեղ է իր աշխատանքային-ստեղծագործական օրն անցկացնում մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Աշխատասենյակում, որի պատերին փակցված են Սահակյանցի ընտանեկան-ընկերական լուսանկարներից, սկսում ենք զրույցը՝ կյանքի, աշխարհի, տան, ընտանիքի ու ընկերների մասին. այսպես ամբողջանում է Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը»: Զրույցի մանրամասները կարդացեք ստորև.


Երբ ես ծնվեցի, բնականաբար, ինքս ոչինչ հիշել չեմ կարող: Բայց մերոնց լսելով կարող եմ ասել, որ ամենաշատը մայրս է ուրախացել իմ ծնունդով. հետագայում պատմում էր, որ տղա երեխայի պահանջ ուներ, սպասում էր ինձ (ժպտում է,-հեղ.):

Տան մթնոլորտն իսկապես շատ լավն էր: Հայրս երեկոյան աշխատանքից վերադառնում էր տուն ու սկսում էր այնտեղ աշխատել: Այդ ժամերին պարտադիր էր տանը լինելը. ընտանեկան ավանդույթ էր միասին ընթրելը: Մեզնից՝ ինձնից և քրոջիցս, գրեթե որևէ բան չէր թաքցվում, և ընտանեկան խոսակցությունները հաճախ մեր ներկայությամբ էին արվում, հենց ճաշի ընթացքում, որից հետո յուրաքանչյուրս զբաղվում էինք մեր գործով:

10 պատվիրանները մշտապես գործել են մեր տանը, և միայն հետո եմ իմացել, որ դրանք գրված են նաև Աստվածաշնչում: Թեև եկեղեցի չէինք գնում, բայց տանը կենդանի, ապրող եկեղեցու զգացողությունը կար: Հայրս էլ բարկացած ժամանակ կռվում էր Աստծո հետ, և հասկանալի է, որ այդպես վիճել հնարավոր էր միայն կենդանի Աստծո հետ:

Մայրս է եղել այն մարդն, ով մեծապես ազդել է իմ հոգևոր կյանքի ձևավորման ու զարգացման վրա՝ դեռ մանկուց ծանոթացնելով ինձ բոլոր հնարավոր ուսմունքներին ու կրոններին, զրուցելով ինձ հետ ամեն ինչից: Այդ բոլորին ծանոթանալով ընտրեցի իմը, բայց Աստծո հետ զրույցը մորս միջոցով է հաստատվել:

Ստեղծագործական կյանքը, ընտանիքս ու ընկերներս . ահա այն երեք երևույթները, ինչի վրա հիմված է իմ կյանքը:

Մարդը սկսում է մահանալ, երբ սիրելու ունակությունն է կորցնում:

Միանշանակ համոզված եմ, որ մահը ավարտը չէ: Կա շարունակություն… թե ինչ շարունակություն, պարզ չէ, բայց այն կա: Պարզապես մարդը սովորում է իր կյանքին, և կայնքի նման փոփոխության, նման տրանսֆորմացիայի պատրաստ չի լինում:

Մահանալու ցանկութուն չունեմ, կարծում եմ՝ ժամանակը չէ. շատ անելիքներ կան: Ինձնից հետո աշխարհում կուզեի թողնել մի աշխատանք, որը կդիմակայեր ժամանակի փորձությանը: Կարծում եմ, դեռ չեմ ստեղծել այն: Լավագույնը միշտ առջևում է:

Կյանքը լիարժեք է, երբ սիրում ես և սիրված ես:

Մուլտիպլիկատորի գործում ամենադժվարը ժամանակի զգացումն է և որոշելը՝ որտեղ պիտի կերպարը դադար առնի, ավարտի շարժումը, ինչ ժեստ անի այս կամ այն ֆրազն ասելիս: Սա մասնագիտական լեզվով ասած «timing»-ն է, ինչը ոչ այնքան տեխնիկական հարց է, որքան ժամանակը ճիշտ գնահատելու և օգտագործելու հմտություն: Պիտի հասկանաս՝ ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը: Եվ ժամանակն է միակ բանը, որի կորստի համար ափսոսում եմ. միակ բանն է, որը հետ չես բերի:

Հուսահատության պահերին փորձում եմ մինչև վերջ գնալ դրա մեջ ու դուրս գալ հուսահատությունից: Իսկ, ընդհանրապես, փորձում եմ չհուսահատվել (ժպտում է,-հեղ.):

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի՝ միշտ չէ, որ պետք է պայքարես: Կան մարտեր, որոնցում պարտվելու ես: Դրա համար պետք է հասկանալ և ճիշտ գնահատել ուժերը. եթե հաղթել չես կարող, պիտի ճիշտ ընդունես պարտությունը:

Հայրս է այն մարդն, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ: Արդեն ութ տարի է, ինչ նա մեզ հետ չէ, և շատ բաներ են փոխվել, շատ բաներ են կատարվել իմ կյանքում, մեր ընտանիքի կյանքում, որոնց մասին կուզեի խոսել նրա հետ: Կա հարց, որ կուզեի տալ, բայց չեմ ասի հիմա… իրեն կասեմ, երբ հանդիպենք (ժպտում է,-հեղ.):

Այսօր հրաշք եմ համարում, երբ մարդը մարդ է մնում:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում… չեմ խաբի, եթե ասեմ՝ ցանկացած ժամանակ: Բայց մարդը դժվարությունների մեջ, փորձությունների ժամանակ ավելի անկեղծ ու մոտ է Աստծուն:

Սիրած եկեղեցի ունեմ. Սանահինն է:

Կյանքիս գլխավոր ձեռքբերումն ինձ շրջապատող մարդիկ են, մեծագույն կորուստը՝ հայրս:

Իմ կյանքի սերն այսօր աշխատանքն է, վաղը՝ չգիտեմ (ծիծաղում է,-հեղ.):


Կան բաներ, որոնց չի կարելի ձեռք տալ: Հիմա աշխարհում տարածված միտում կա՝ կոտրելու այն սյուները, կայացա՛ծ հիմնասյուները, որոնց վրա մարդկությունը հիմնվել է շատ երկար ժամանակ: Եկեղեցին ինձ համար այդ սյուներից մեկն է, եթե այն իրեն ճիշտ է դրսևորում: Երբ նպատակ է դրվում քանդել այդ սյունն, ինձ համար դա անընդունելի է:

Քրիստոսից երկու հազար տարի անց… մենք ոչինչ չսովորեցինք:

Դրախտն իմ պատկերացմամբ … անմիջապես ինչ-որ գունավոր պատկեր է գալիս, բայց չեմ կարող ասել դրա աշխարհագրական դիրքը՝ որտեղ է գտնվում… վերևու՞մ է, երկրագնդի վրա, թե՞… Դրախտը ներքին խաղաղությունն է:

Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում (Հայտ. 21.5). ինձ ամենաշատը տպավորած աստվածաշնչյան միտքը:

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ ես կգնամ Իր մոտ սովորելու (ժպտում է,-հեղ.):

Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը

Լրահոս
Գարեգին Նժդեհի հզոր մտքերից Հայրենի հող Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ «Լավ տեմպերացված շանսոնը»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից Տեր ողորմեա Գևորգ Հակոբյան, Քելե լաո Ո՞ւր ես, մայր իմ Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար Մահացել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը Իսկ ինձ ասում են թե խելոք մնա Ես ձեզ ասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկու ղեկավարությամբ Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Սերժ Սարգսյանի կողմից սխալ քայլ էր վարչապետի պաշտոնը ստանձնելը, Նիկոլ Փաշինյանին էլ ղեկավար դեռևս չեմ տեսնում. Սարգիս Գրիգորյան Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 5 Երևանում կկայանա տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը Շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար. Սիրուշոն՝ Փաշինյանի կազմակերպած հավաքների մասին Սերը պարտականություն չէ Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Մի՛ մրսիր, Երկի՛ր… Լորկայի վերջին խոսքը դահիճներին Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում Խիզախը կամ Աներկյուղը Ակունք համայնքում գնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է Վշապին հաղթողը Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին Արծիվը Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ Աշխարհի լավագույն սոպրանոներից Բարբարա Ֆրիտոլին վաղը հանդես կգա Երևանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին Պեղվելու են Աղձքում հայտնաբերված «պալատի» ստորին շերտերը Կոստան Զարյան․ Նոր Հայաստանում
website by Sargssyan