Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը

Համո Սահյան․ Կարդում է Սոս Սարգսյանը

Եղինջը քիչ-քիչ նվաճում է մեր կոտեմի ածուն,
Վարունգի բեկված մարգաթմբերին՝ քեղն ու կռոթուկն իրար բերանից պատառ են խլում,
Կտուրի վրա՝ բովանդակ գյուղում, միակ անթիթեղ կտուրի վրա,
Կակաչներն իրար արյուն են խմում։
Ինչ արտոնություն․
Նորին մեծություն՝ կաչաղակն եկել և բույն է շինել մեր խանում-խաթուն խնձորի ծառին։
Բարդենու բունը, որ մի սրբատար խոյակ էր թվում
Եվ գլխի վրա պահում էր կանաչ մի աստվածություն,
Մի կանաչ-կանաչ հրաշք էր պահում կապույտներն ի վեր՝
Փռչոտվել է խիստ, և փռչերի մեջ բանավեճեր են բռնկվում հաճախ
Կաչաղակների ու ճնճղուկների ճտերի միջև։
Չարդախի քիվից՝ մի ինքնագլուխ գիլամասրենի, կարկատանաձև ստվերն է կախել
Օջախի կողին արևկող արած կճուճի չեչոտ այտերի վրա։
Մի կանաչ մողես, եկել բնակվել մեր ցախանոցում, և առոք-փառոք ապրում է այնտեղ
Առանց որևէ անհանգստության և առանց վախի։
Թոնրատան պատից սարդն իր խճճված երթուղիների քարտեզն է կախել։
Տաշտը, որի մեջ Խաչիպապ պապի հարսանյաց խմորն են հունցել,
Եվ հոգեհացի խմորը նաև, հիմա գրտնակի դագաղն է դարձել։
Գերաններն ի վար սուտուփութ լացող ճաղատ սունկերի հայացքների տակ։
Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ բոցից էր ճաքում՝ հիմա ճաքել է բոցի կարոտից։
Իսկ այն սենյակում՝ ուր Սահակ դային դեռ անցյալ գարուն մեն-մենակ նստած,
Մաշված մատներով իր յոթ պապերի ձեքերում մաշված թզբեհն էր քաշում,
Խեր ու շառ անում, և կանգ էր առնում միշտ խերի վրա՝ 
Եվ տաքանում էր խեղճ Սահակ դային, հաղթողի բոլոր իրավունքներով՝
Իշխում է փոշոտ մի ամայություն։
Իսկ այն սենյակում ուր Սահակ դային մեն-մենակ նստած զրույց էր անում 
Պատերից նայող նկարների հետ, յոթ զավակների հարսանիքներն ու ծնունդն էր հիշում
Եվ առանց այն էլ մաշված իր սիրրտն էր կարոտից մաշում և մթագնում էր
Խեղճ Սահակ դային` իշխող իր բոլոր իրավունքներով, նստել է փոշոտ մի ամայություն։
Իսկ այն սենյակում ուր Սահակ դային երազ էր տեսնում,
Ու երազի մեջ տուն դարձն էր տեսնում իր զավակների,
Եվ տաքանում էր տեսած երազով, և արթնանաում էր խեղճ Սահակ դային, 
Կոպերը փնտրում շողն արեգական, որ խուտուտ բերի,
Բայց մոլորվում է նկարների պաղ փոշիների մեջ, 
Եվ փոշոտվում է շողն արեգկան, և փշրվում է ցուրտ ամայության թևերի վրա։
Նրանք չկային, իսկ դու խեղճ հայրիկ, դու նրանց համար այրվելով այրվում, 
Մաշված մատներով նրանց պապերի օջախը ծխում, տունն էիր պահում նրանց հայրենի,
Տունն էիր պահում և նրանց համար օրհնանքներիդ հետ ուղարկում էիր 
Քո խնձորենու պտուղը վերջին և մինչև անգամ դու բաժին էիր ուղարկում նրանց 
Քո համեստ-համեստ հոգեպահուստից։
Իսկ նրանք, նրանք նամակով անգամ քեզ մխիթարել չէին կամենում։
Եվ քո շնչին էլ չհասան նրանք, և լսող չեղավ կտակդ հայրիկ։
Քեզ հասան նրանք, երբ դու չկայիր։
Իրենց խղճի և աճյունիդ վրա խեղդվելով լացին
Եվ իրենց համար թողին գնացին։
Իսկ այն սենյակում, ուր Սահակ դային,
Ա՜խ Սահակ դայի․․․
Վառարանի մեջ մոխիրը արդեն դարձել է մամուռ, 
Մեր տան դռները խակվել են ամուր,
Իսկ դու գաղթել ես մի ուրիշ աշխարհ,
Որտեղ գնացողն ինչպես ասում են՝ էլ ետ չի գալիս։
Եվ ես քո ավագ ապեխտ որդին, որ իմ այս երգով
Այս մեծ աշխարհում՝ իմ ամենմեծ կարոտն եմ լալիս,
Խոնարհվելով քո շիրիմի առաջ՝ երդում եմ տալիս․
– Այս գարնան բացել դռները մեր տան,
Եվ բացել նաև նահանջի ճամփան
Եղինջ ու քեղի, որ մարգի թմբին 
Իրար բերանից պատառ են խլում։
Երդում եմ տալիս, որ ոչ միայն տունն ապրի երգիս մեջ՝
Այլ նաև երգս այդ տան մեջ ապրի,
Որ հայրենահամ պտուղներ թափվեն
Մեր խնձորենու ամեն մի ճյուղից
Որ չաղքատանա գյուղը մի ծխով
Եվ ավերակի հոտ չգա գյուղից։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Երդիկն ի վար

Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:

Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ:
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:

Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ:
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:

Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:

Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:

Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ:

Համո ՍԱՀՅԱՆ
Կարդում է Սոս ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում