Հինգ դար առաջ

Հինգ դար առաջ

Դուք որ մեռաք հինգ դար առաջ,
դուք որ այսօր կ’մահանաք,
նույն ծառի ծիլն էիք կանաչ,
և դարձաք նույն հողին ճարակ:

Հինգ դար առաջ հինգ դար հետո,
նույն անցորդ եք անվերադարձ,
կիջնի անհույս մութ երեկո,
ձեր աչքերի վրա սառած:

Ծառի համար և այս հողի,
նույնն էր երեկ նույնն է այսօր,
նույն ծաղկումն է գարնանային,
Եվ աշնան նույն տերևը չոր…

Դուք, որ հաճախ արտասվեցիք
Եվ դուք, որ շատ զվարճացաք,
Դուք, որ տվիք փուշ ու ծաղիկ`
Նույն խավարին դարձաք բանակ…

Նույնն է հիմա դար ու վարկյան,
Երբ որ չկա երթ ու գալիք.
Համայնական նույնն է ճամբան,
Երբ որ չկա կյանքի ալիք…

Խոսք՝ Մուշեղ ԻՇԽԱՆԻ
Կատարում՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում