Սարյանի տուն-թանգարանը եկամուտների մասով 74.4%-ի գերակատարում ունի, այս տարի նախարարն ավելին է սպասում

Սարյանի տուն-թանգարանը եկամուտների մասով 74.4%-ի գերակատարում ունի, այս տարի նախարարն ավելին է սպասում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը հաշվետվությամբ նախարարություն էր բերել 2017թ. եկամուտների մասով գերակատարման 74,4 % ցուցանիշ, իսկ նախարարությունից դուրս եկավ Արմեն Ամիրյանի առանձնահատուկ շնորհակալությամբ.

«Եվ զուր եք մտահոգվում, թե տուն-թանգարանի վերանորոգումից հետո առաջին տարվա այս «սպասելի բումին» հաջորդելու է անկումը։ Ո′չ, սա նաև Ձեր լավ աշխատանքի արդյունքն է, և եթե այս տարի հաջող իրականացնենք այն միջոցառումները, որոնց շուրջ պայմանավորվեցինք քիչ առաջ, ավելի ու ավելի բարձր ցուցանիշներ եք գրանցելու»,- ասաց նախարար Ամիրյանը։

Տուն-թանգարանի տնօրենությունը և նախարարը պայմանավորվածություններ ձեռք բերեցին «Ծաղիկներ» եզակի աշխատանքի առաջիկա ցուցադրության մասին հանրությանը լավագույնս իրազեկելու ( բացումը՝ փետրվարի 28-ին), Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի նախօրեին Սարյանի փարիզյան շրջանի գործերի ժամանակավոր ցուցադրանք բացելու, Սարյանի այդ շրջանի գործերի շուրջ Ռուզան Սարյանի ֆրանսերեն գիրքը թարմացված ձևավորմամբ վերահրատարակելու մասին։

Տուն-թանգարանը 2017 թվականին պետբյուջեից ստացել է մոտ 30 միլիոն դրամի սուբսիդիա։ Իր փաստացի եկամուտը կազմել է մոտ 23 միլիոն դրամ, որից 12 միլիոն 380 հազարը՝ տոմսերի, մոտ 8 միլիոն դրամը՝ բուկլետների և հուշանվերների վաճառքից, մնացածը՝ այլ։

Նախարար Ամիրյանի առաջարկությամբ այս տարի ՊՈԱԿ-ները ներկայացնում են նաև հաշվարկ, թե մեկ այցելուի վրա մեկ միջոցառման համար որքան գումար է ծախսում պետությունը, և մեկ այցելուից մեկ միջոցառման համար որքան գումար է ստանում տվյալ ՊՈԱԿ-ը։ Սարյանի տուն-թանգարանի դեպքում այս ցուցանիշների տարբերությունը նույնպես մրցունակ է՝ զրոյի է մոտենում։

Հաշվարկի ներմուծման թիրախում տարբերությունը մեծացնելն է՝ հօգուտ ՊՈԱԿ-ի ստացած եկամտի ։

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում