Հայրական երեք խորհուրդ

Հայրական երեք խորհուրդ

Հեռավոր աուլում իր երկու որդիների հետ մի ծերունի էր ապտում։ Երբ նրա մահվան ժամը հասավ, կանչեց որդիներին և ասաց․

– Թանկագին զավակներս, ես ձեզ լավ ժառանգություն եմ թողնում, բայց դուք դրանով հարուստ չեք լինի։ Փողից և ունեցվածքից առավել թանկ են այն երեք խորհուրդները, որ հիմա ձեզ կտամ։ Երբեք առաջինը չխոնարհվեք․ թող ուրիշները խոնարհվեն ձեր առաջ։

Ինչ որ ուտեք, մեղրով կերեք։ Միշտ փափուկ անկողնում քնեք։

Ծերունին մահացավ։ Որդիները շատ շուտ մոռացան նրա խորհուրդներն ու սկսեցին ապրել այնպես, ինչպես կուզեին․ օրվա մի կեսին քնում էին, մյու կեսին՝ քեֆ անում։

Մեկ տարվա ընթացքում հոր թողած ողջ փողը վատնեցին, հաջորդ տարի բոլոր անասունները վաճառեցին, երրորդ տարին՝ այն ամենը, ինչ կար տանը։ Կարիքը թակեց նրանց դուռը։ Եվ միայն այդ ժամանակ ավագ եղբայրը հիշեց․

– Բայց չէ որ մեր հայրը, ժառանգությունից բացի, մեզ երեք խորհուրդ էլ տվեց և ասաց, որ դրանց շնորհիվ լիության մեջ կապրենք որջ կյանքում։

Կրտսեր եղբայրը ծիծաղեց․

– Ես հիշում եմ այդ խորհուրդները, – ասաց նա․ – բայց ի՞նչ արժեն դրանք։ Հայրիկն ասաց․

«Առաջինը չխոնարհվեք․ թող ուրիշները խոնարհվեն ձեր առաջ»։ Բայց խոնարհվում են հարուստների առաջ, իսկ հիմա մենք շրջակայքում ամենաաղքատն ենք։

Երկրորդ խորհուրդն էլ սա էր․

«Ինչ որ ուտեք, մեղրով կերեք»։ Մենք հիմա մի չոր բլիթի կարոտ ենք, ուր մնաց՝ մեղրի։

«Միշտ փափուկ անկողնում քնեք», խորհուրդ տվեց հայրիկը։ Բայց մեր տունը դատարկ է, մի խսիր անգամ չի մնացել։

Ավագ եղբայրը երկար մտածե՜ց, մտածե՜ց և ասաց․

– Զուր ես ծիծաղում։ Մենք այն ժամանակ չհասկացանք հայրիկի խրատը։ Բայց նրա խորհուրդներն իմաստուն են։ Նա ուզում էր, որ մենք լույսը բացվելուն պես դաշտ գնանք աշխատելու։ Այդ ժամանակ յուրաքանչյուր ոք, ով անցնի մեր կողքով, առաջինը կբարևի մեզ։

Երբ ամբողջ օրն աշխատելուց հետո հոգնած ու քաղցած տուն գանք, չոր լոշիկն էլ մեղրից քաղցր կթվա, և ցանկացած անկողնում կքնենք նույնքան քաղցր ու անուշ, որքան փափուկ անկողնում։

Հաջորդ օրը եղբայրներն արթնացան լուսաբացին և դաշտ գնացին։ Իրենցից բացի՝ դեռ ոչ ոք չեր եկել։ Եղբայրներն սկսեցին աշխատել։ Ով անցնում էր նրանց կողքով, առաջինն ինքն էր բարևում, ողջություն ու հաջող օր մաղթում։ Ամբողջ օրն աշխատեցին, իսկ երեկոյան , երբ տուն եկան, սովորական բլիթն այնքան համեղ թվաց նրանց, ասես մեղրով հունցած լիներ։ Հետո պառկեցին հատակին ու մուշ-մուշ քնեցին այնպես, ինչպես կքնեին փափուկ անկողնում։ Այսպես սկսեցին աշխատել առավոտից երեկո, իսկ աշնանը առատ բերք հավաքեցին։ Դարձյալ սկսեցին ապրել լիության մեջ՝ վայելելով նաև մարդկանց հարգանքը։ Եվ, իհարկե, հաճախ էին հիշում հոր թողած անգին գանձը՝ հայրական երեք խորհուրդը։

Թաթարական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում