Ազգի ներկայացուցիչ համարվելու պայմանը

Ազգի ներկայացուցիչ համարվելու պայմանը

Ազգային պատկանելության գիտակցության բացակայությամբ կարո՞ղ է անհատը ազգի ներկայացուցիչ համարվել:

Ազգը ներկայացնելու համար անհրաժեշտ է այդ ազգին պատկանելության գիտակցումը: Պատկանելության գիտակցությունից զուրկ անձը կարող է ազգի զավակ լինել սոսկ վերացականորեն, էթնիկական ծագումնաբանության նկատառումով, քանզի ինքն իրեն չի դիտարկում որպես տվյալ ազգի ներկայացուցիչ: Ազգային պատկանելության գիտակցության նվազումը տանում է ձուլման և ուծացման:

Ազգային նվազ և անհետացող ինքնագիտակցությամբ ապրող համայնքն օտարության մեջ վերանում է իբրև ազգային միավոր` ձուլվելով այլ երկրի բնակչության հետ, կորցնելով իր ուրույն ազգային-եկեղեցական կյանքի յուրահատկությունները, արժեքները, մշակույթը: Հայ ժողովրդի պատմության մեջ այդպիսի տխուր վախճան է ունեցել լեհահայ բազմամարդ համայնքը, որն ամբողջականությամբ ձուլվել է երկրի բնակչության հետ և վերացել որպես ազգային հավաքականության բաղադրիչ:

Այսպիսով, այն պարագայում, երբ ազգի ներկայացուցիչ համարվելու հիմնական հատկանիշները բացակայում են, ազգային ինքնագիտակցությունը վերջին կռվանն է ազգայինի շրջագծում մնալու համար:

Յուրաքանչյուր ազգ նաև իր առանձնահատկություններն ունի, որոնք արտահայտվում են տվյալ ազգի ներկայացուցիչների հատկանիշներով ու գործողություններով: Հեռանալով ազգային արմատից` մարդը կորցնում է նաև իր ազգին հատուկ գծերը:

Հետաքրքրական է, որ Մխիթար Գոշը ևս իր թղթում անդրադարձել է ազգերի տարբեր հատկություններին («Թուղթ Մխիթար վարդապետին, որ Գոշն կոչիւր»): Նա գրում է, որ բոլոր ազգերն էլ ունեն և՛ բարի, և՛ խոտելի կարգեր, և որոշ թերություններ նշելուց հետո անդրադառնում է դրական կողմերին.

«Հույներն իմաստուն են և ողորմած, հոռոմները [իտալացիներ] զգաստ են աղոթքի մեջ և հնազանդ են առաջնորդներին, ասորիները խոնարհ են ու ճգնող, հայերը պահք պահող են և ողորմած գերիների ու եկեղեցականների հանդեպ, սրբություն սիրող, վրացիները` սուրբ վանքերը մեծարող և առաջնորդներին անբամբաս…»:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում