USD
EUR
RUB

Շնորհավորում եմ, Հայրիկ ջան…

 

Երբ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը զանգեց և տեղեկացրեց, որ Շարժման 30-ամյակի կապակցությամբ հայրս պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, անակնկալի եկա։ Չգիտեի՝ ինչպես արձագանքել։ Լուրն այդ, որ այնքան սպասելի էր նախկինում, այդ պահին շատ անսպասելի թվաց։ Ի՞նչ անել, ի՞նչ ասել… Ուրախությունն ու հուզմունքն իրար էին խառնվել։ Անկախ ինձանից զանգեցի մայրիկիս։ Հետո եղբորս, կնոջս, ընկերներիս...

- Հայրիկին պարգևատրել են… Բակո Սահակյանը… Հա, մեդալ՝ «Մեսրոպ Մաշտոց»… Շնորհակալ եմ, ցավդ տանեմ։ Աստված ողորմի անցավորներիդ…

Հուզմունքն իսկապես շատ էր։ Հեռախոսով ընկերներիս հետ էի խոսում, մտքում՝ իմ հոր։ «Շնորհավորում եմ, Հայրիկ ջան...»

Երկու օր անց Ստեփանակերտ մեկնեցի։ Հետաքրքիր էր։ Այդ օրը զգացի, որ Արցախի ճանապարհն ամեն անգամ նոր ապրումներով եմ անցնում։ Հիշեցի 2015 թվականի ամառը։ Հայրիկին նոր էինք ճանապրհել աշխարհներից լավագույնը։ Ընկերս՝ Միհրանը, առաջարկեց իր հետ Արցախ գնալ։ Մտածեցի՝ լավ բան է ասում։ «Համ էլ կցրվեմ մի քիչ»։ Բայց դե ինչպե՞ս ցրվել, երբ ամբողջ ճանապարհին միայն մեկ բան է մտքիդ... Այդ օրը սերս Արցախի հանդեպ բազմապատկվեց։ Պատասխանատվության զգացողությունն էլ ավելացավ։ Հասա մի Արցախ, որը, թվում էր, նախկինում չէի ճանաչում։ Զգացի, որ շատ բան ունեմ դեռ նորովի հասկանալու, իմաստավորելու… Ինչևէ, այն ճամփորդությունը երբեք չեմ մոռանա։ Եվ միշտ շնորհակալ կլինեմ Միհրանին հրավերի համար։

Եվ ահա ես Ստեփանակերտում եմ՝ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրի գեղեցիկ դահլիճում։ Շուրջ բոլորս ծանոթ դեմքեր են։ Այստեղ են Արցախի հերոսներ Ժաննա Գալստյանը, Արթուր Աղաբեկյանը, իմ շատ սիրելի Արկադի Կարապետյանը, Ռուսլան Իսրայելյանը, հին և նոր հրամանատարներ, գեներալներ, Լևոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանը, իմ հայրիկի ընկեր Սլավիկ Միրզոյանի տիկին Էվելինան, Աղաբալյանի որդի Դավիթը… Բոլոր, բոլորը… Ցնցված էի։ Կարծես ժամանակները խառնված, անցյալն ու ներկան միացած լինեին իրար։ Բոլորը մեկ էին։ Չկար պաշտոնյա կամ շինական հասկացություն։ Կար մեկ միասնական ժողովուրդ, իրար ժպտացող ուրախ դեմքեր։ «Մի-ա-ցում, մի-ա-ցում…, - հնչում է իմ մտքում, - Ո՞վ է ասել, թե մենք կորցրել ենք 88-ի ոգին։ Բա սա ի՞նչ է, գրողը տանի», - մտածում եմ ես ու նորից հիշում հորս։ Մտքումս շատ հստակ պատկերացնում եմ, թե ինչպես կպահեր նա իրեն այս դահլիճում։ Ինչպես կխոսեր Ժաննայի, Դավիթ Իշխանյանի, Պարգև Սրբազանի, զինվորների հետ… Ոչ, չէի պատկերացնում։ Տեսնում էի դա։ Տեսնում էի շատ հստակ…

Հետո ներս է մտնում Արցախի Նախագահ Բակո Սահակյանը։ Դահլիճում հնչում է հայկական երկրորդ պետության օրհներգը և սկսվում է պարգևատրման արարողությունը։ Առաջին շքանշանը զարդարում է հենց Արկադի Կարապետյանի կուրծքը։ Ամեն ինչ ճիշտ է։ Մեր առաջին հրամանատարն է։ Եվ հնչում են նոր անուններ։ Դահլիճը ծափահարում է։ Լսվում են շնորհավորանքներ, շնորհակալության խոսքեր։ Հաջորդ անունը։ Եվ նորից ծափահարություններ, որոնք շատ ավելի բուռն են դառնում ամեն անգամ, երբ պարգևատրվողի անվան ետևից հնչում է «հետմահու» բառը։

- Որդիները ստանում են հայրերի պարգևը, - կողքից լսեցի տիկին Զոյայի շատ հուզված ձայնը, երբ վարողը հնչեցրեց իմ հոր անունը։ Լևոն Մելիք-Շահնազարյան, հետմահու։

Եվ ահա Հայրիկիս շքանշանը հայտնվում է իմ ձեռքում։ Տեր Աստված…

Ամենը կարծես անիրական լիներ։ Հոգևոր այդպիսի ներուժ վաղուց չէի զգացել։ Ուզում էի հասկանալ ինչ է կատարվում շուրջս։ Աջ ու ձախ եմ նայում, սիրող հայացքներից բացի ոչինչ չեմ տեսնում։ Կարծես ամեն մեկի հայացքով հայրս նայեր ինձ։ Նրա հայացքը բավականություն էր արտահայտում…

Ու հանկարծ աչքս հառում է բազում կրծքանշաններով զարդարված մի կնոջ։ Նա կաղալով, դժվար քայլով մոտենում է Նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի ստանա իր ամուսնու պարգևը։

- Վայ, Լյուդա ջան, - նորից լսում եմ տիկին Զոյայի կսկիծով լի ձայնը։ - Էս ի՞նչ ա եղել քեզ...

Կինը Արցախի վաստակավոր բժիշկ Լյուդմիլա Գրիգորյանն էր։ Պարգևը ստանալուց հետո մոտեցավ ամբիոնին և, բոլորի ուշադրությունը հրավիրելով իր հագուստին ամրացված շքանշաններին, ասաց.

- Սա հաշվետվություն է։ Հաշվետվություն մեր սիրելիներին։ Նրանց, ում կյանքի գնով մենք ունեցան անկախություն։ Որպեսզի ցույց տանք, թե ինչպես ենք ապրել, ինչ ենք արել…

Տիկին Լյուդմիլայի առաջին իսկ բառերը ցնցեծին դահլիճը։ «Հաշվետվություն։ Տեր Աստված, փաստորեն այս բառն այս իմա՞ստն էլ ունի։ Հաշվետու լինել մեր անցավորների առջև», - մտածեցի ես ու նորից շատ արագ վերադարձա բժշկուհու՝ դահլիճում հնչող խոսքին.

- Ամեն մեկս չենք խորասուզվել մեր ողբի մեջ։ Եվ երկիրը չենք պատել սև շորերով։ Ապրել ենք հպարտ, արժանավայել։ Երեխաներին դաստիարակել ենք ոչ որպես անհայր որբի։ Չենք վախեցել, որ լավ զգեստավորվենք, լավ սանրվենք, լավ հարդարվենք… Մեզ կասեն, թե էս կանայք սուգ չե՞ն պահում։ Բայց սուգը մեր սրտերում էր և դա ոչ ոք չի տեսել։ Եվ ես համարում եմ, որ դա հենց արցախյան ֆենոմենն է։ Եվ մենք հենց էտպես էլ կշարունակենք...

Բոլոր խոսքերն արդեն ասված էին։ Ապրումներն ապրված։ Տիկին Լյուդմիլան տվեց ինձ տանջող շատ խնդիրների լուծում։ Բանաձև, որը կօգնի մեզ էլ հաշվետու լինել մեր հայրերի առջև…


Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan