Բղջախոհություն և մեղանչում

Բղջախոհություն և մեղանչում

Իսկ ի՞նչ է բղջախոհությունը:

Յոթ մահացու մեղքերի շարքում հիշվող բղջախոհությունը պիղծ մտքեր ու հակումներ ունենալն է, և դրանից առավել` պիղծ մտքերով հաճոյանալը, դրանցից հաճույք ստանալը: Մարդը կարող է պիղծ մտքեր ունենալ, կամ մեղսալի մտածումներ ծագեն նրա մտքում, ինչը բղջախոհություն չէ, այլ կարող է լինել չարի գայթակղություն, եկամուտ միտք, այսինքն` դրսից եկած և մարդու մեջ մտած միտք` նրան վիշտ պատճառելու, մեղքի ծուղակը գցելու համար:

Երբեմն հավատացյալների մոտ կարող են պատահել այդպիսի մտքեր, որոնք խիստ անհանգստություն են պատճառում մարդկանց` բղջախոհության մեղքի մեջ լինելու ծանր զգացումը և իր բարի, ազնիվ ու բարոյական լինելու պատկերացման աղավաղումը բերելով: Սակայն պետք է գիտակցել, որ եթե մարդու համար տհաճ կամ անցանկալի են այդ ծագած մեղսալի մտքերը և ոչ թե` հաճելի ու ցանկալի, ուրեմն, դրանք չեն վերաբերում մարդու բարոյական նկարագրի աղավաղմանը, մարդու վատ ու մեղսասեր լինելուն, այլ չարի գայթակղություններ են:

Դրանք հաղթահարելու համար պետք է ծագած միտքը չհամարել սեփականը, այլ դրսից անձի մեջ ներարկված, և նմանատիպ մտքերը չզարգացնել մտածողության մեջ, փոխարենը` անմիջապես կտրել և դեն գցել: Բղջախոհությունը հակառակ է ողջախության առաքինությանը: Այս մեղքի անվանումն արդեն դա է ցույց տալիս:

Կարծիք կա, որ «բղջախոհություն» բառն առաջացել է «ողջախոհություն» բառից: Այն հանդիպում է նաև բողջախոհություն ձևով, որտեղ «բ»ն դիտվում է իբրև ժխտական մասնիկ` ողջախոհությանը հակառակ իմաստ հաղորդող, չնայած հայոց լեզվում` այլ բառակազմություններում, «բ»-ն ժխտական նշանակությամբ չի հանդիպում: «Բղջախոհություն» բառը նման է նաև պիղծ խոհություն, մտածողություն արտահայտությանը և գուցե դրա նմանությամբ է առաջացել «բղջախոհություն» բառը, որն արդեն իր կազմությամբ բացահայտում է բառի իմաստն ու նշանակությունը:

Բղջախոհության դեմ դրվում է պահեցողությունը: Մարդն առատ ու պարարտ կերակուրներ ուտելով` պարարտացնում է իր մարմինը, և մարմնի պարարտացումը բերում է մարմնական մեղավոր կրքերի, կենդանանմանության ի հայտ գալուն: Մինչդեռ պահեցողությունը, մի փոքր տկարացնելով մարմնականը, հոգևոր ապրումներին ու մտածումներին է մեծապես նպաստում: Հետևաբար, բղջախոհությունը բուժվում է ապաշխարությամբ և պահեցողությամբ:

Հնարավո՞ր է ընդհանրապես չմեղանչել, և ինչպե՞ս կարող ենք խուսափել յոթ մահացու մեղքերը գործելուց:

Այս հարցին պատասխանելու համար համեմատություն կատարենք հրեշտակների և մարդկանց բնությունների միջև: Հրեշտակները և մարդիկ անձնիշխան են, ունեն ազատ կամք, երկուսն էլ կարող են մեղք գործել, սակայն ի տարբերություն մարդկանց` հրեշտակները դժվարամեղ են, իսկ մարդիկ` դյուրամեղ, այսինքն` հեշտությամբ են դեպի մեղքը հակվում և մեղքի մեջ ընկնում: Մի մեղքը կարող է պատճառ դառնալ մեկ այլ կամ մի քանի մեղքերի: Եվ դյուրամեղ մարդը, մեղքի մեջ ընկնելով, նաև ծանրացնում է իր մեղավոր վիճակը, եթե անմիջապես չի զղջում և ապաշխարում:

Յոթ մահացու մեղքերը դիտարկելիս կարող ենք տեսնել, որ երբեմն այդ մեղքերը ծագում են մեկը մյուսից: Որկրամոլությունը, որ բերում է մարմնի պարարտացում, տանում է նաև բղջախոհության, որը չնայած մտավոր ոլորտին է վերաբերում, սակայն սերտ առնչություն ունի մարմնականի հետ: Նախանձից կարող է ծագել բարկությունը, որը, իհարկե, առաջացման նաև այլ պատճառներ ունի: Ցավոք, մարդու դյուրամեղ լինելը պատճառ է դառնում անգամ խորը հավատք ունեցողների համար փորձություններից պարտվելու, սայթաքելու:

Յոթ մահացու մեղքերը չգործելու համար պետք է նախանձախնդիր լինել դրանց ճիշտ հակառակ առաքինությունները գործելուն, քանզի յուրաքանչյուր մահացու մեղքի դիմաց կա դրան հակադիր առաքինությունը` հպարտության դեմ` խոնարհությունը, նախանձի դեմ` եղբայրասիրությունը, բարկության դեմ` հեզությունը, ծուլության դեմ` աշխատասիրությունը, ագահության դեմ` ողորմածությունը, որկրամոլության դեմ` ժուժկալությունը, բղջախոհություն դեմ` ողջախոհությունը:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում