Պահանջ. Դասական երաժշտությունը մոդայիկ պետք է լինի երիտասարդների շրջանում

Պահանջ. Դասական երաժշտությունը մոդայիկ պետք է լինի երիտասարդների շրջանում

«Այնպես անել, որ դասական երաժշտությունը լսելի, մոդայիկ լինի հատկապես երիտասարդների լայն շրջանում, իսկ նրա համերգների հանդիսատեսի թիվը կրկնապատկվի»: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենության հետ հանդիպմանը նման պահանջ է դրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նա նույնիսկ խոստացել է. «Ամենաբարդ ընկալվող դասական երաժշտության համերգը տվեք ինձ, և ես ամենաշատ տոմսերը կվաճառեմ»։

Փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը հանձնարարություն է ստացել գովազդային արշավի յուրօրինակ առաջարկներով ծրագիր կազմել, որը կքննարկեն միասին։ Նախարարն օրինակ առաջարկել է մետրոյի շարժասանդուղքների վերևում պրոեկցիոն պատկերներով և երաժշտությամբ գովազդային նյութեր, Ֆիլհարմոնիկը խորհրդանշող պատկերներով հուշանվերների արտադրություն, փողոցային էկրան-վահանակներին գովազդի տեղադրում (շուտով գովազդային 3 մեծ էկրան կտեղադրվի նաև ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի շենքի արտաքին հատվածում), կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունից առաջ գովազդային հոլովակների ներկայացում և այլն։

Նվագախումբը 2017 թվականին պետբյուջեից ստացել է մոտ 340 միլիոն դրամ, իսկ փաստացի եկամուտ՝ մոտ 114 մլն դրամ (2016 թվականի համեմատ եկամտային ցուցանիշը գերակատարել է 11, 2 տոկոսով)։

«Շատ տեղին կլիներ, եթե հաջորդ տարի ձեր հաշվետվությանը ոչ թե ֆինանսական ցուցանիշների մասին խոսեինք, այլ միայն՝ հանդիսատեսի թվի։ Դրանից լավ վկայություն, թե ինչ վիճակում են ֆինանսական ցուցանիշները, չի կարող լինել,- ասել է Ամիրյանը:

Նա մանրամասնել է՝ չի հորդորում շեղվել բարձրակարգ դասական երաժշտության ծրագրերից, այլ որ պետք է կարողանալ վաճառել դա, այդպիսով ավելի շատ մարդկանց հաղորդակից դարձնել դասական երաժշտությանը. «Ուսումնասիրե′ք, թե աշխարհում ինչ մեթոդներով են «փիար» անում, և տեղայնացրեք մեր ժողովրդի մտածելակերպով։ Մենք էլ կօգնենք»։

Մշակույթի նախարարության պահանջն է, որ այսուհետ համերգային և թատերական պետական դահլիճներում հրավիրատոմսերով մուտքը չգերազանցի դահլիճի տեղերի 25 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում