Այն մեխանիզմը, որով շարժվում է այս երկիրը, վաղուց իրեն սպառել է. Արթուր Մեսչյան

Այն մեխանիզմը, որով շարժվում է այս երկիրը, վաղուց իրեն սպառել է. Արթուր Մեսչյան

Ես այն մարդկանց թվում չեմ, որ իրավասություն ունեն խոսել ամեն ինչի մասին, ես շատ բաներ չգիտեմ…մարդիկ խոսքին էլ չեն հավատում, հավատում են իրավիճակին, գործին. այ գործի առումով խնդիր կա:

Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե բոլորը գիտեն, որ կա փոփոխության անհրաժեշտություն, ինչի՞ց պետք է սկսել փոփոխությունները:

«Խոսքն իմաստազրկվել է, ինչ ուզում ես՝ խոսիր, ինչ նախադասություն ուզում ես՝ ասա, բոլորը խոսում են, խոսում են ամեն ինչի մասին: Շատ դեպքերում խոսքը գործի չի էլ անցնում: Խոսքը մնում է խոսք: Ժողովուրդն արդեն հոգնել է այդ խոսքերից և ոչ միայն խոսքերից: Ժողովուրդը հոգնել է այդ դեմքերից, հեռուստատեսության ալիքից ալիք թռվռալով, նույն պատմությունները պատմելով՝ այսպես ասած, «հայտնի» են դառնում:

Առանձնապես դա լա՞վ բան է՝ չգիտեմ»,-ասել է Մեսչյանը:

Նա մտավորականությանը պայմանականորեն մի քանի խմբի է բաժանել: Ըստ Արթուր Մեսչյանի՝ կա ինտելեկտուալների որոշակի շերտ, որ իր գործն է անում և փորձում է այդ գործն անել հնարավորինս լավ:

«Բավարա՞ր է դա արդյոք պետականաշինական առումով, չգիտեմ, բայց այդ շերտն այդ իրավիճակում է: Մյուս շերտին ես կոչում եմ «ֆեյսբուքային մտավորականություն»: Նրանց կյանքը գլխավորապես անցնում է՝ «Ֆեյսբուքում» գրառումներ անելով: Արդեն ամեն ինչ այնտեղ է հասել, որ գրառումներով իրար հետ պատերազմում են: Այսինքն՝ տղամարդկային հարվածի փոխարեն գրառումով քեզ ինչ-որ բան է ուզում հասկացնել: «Ռազբորկաներն» այսօր վիրտուալ տարածք են մտել, էլի: Չենք հասկանում, որ այդ վիրտուալին կարելի է անալոգ պատասխան տալ: Բավականին շատ են նրանք: Իրենց թվում է, թե կարևոր բան են անում, բայց դա ոչինչ է իրականում: Առօրյա կյանքում իրենք, ցավոք սրտի, ոչինչ են»:

Ճարտարապետի ձևակերպմամբ՝ մտավորականության մյուս խումբը մտածում է երկրից դուրս գնալու մասին, որոնց թվում է՝ իրենց հնարավորությունները դրսում ավելի լավ կդրսևորվեն, իմաստավորված կապրեն իրենց կյանքը:

«Ես ոչ մեկին չեմ մեղադրում: Կարծում եմ՝ ես իրավասություն չունեմ դատելու: Ամեն մեկն ապրում է կյանքով, որ իրեն թվում է ճիշտ, և արժանի է դրան»:

Արթուր Մեսչյանը մտավորականների մի խումբ էլ է առանձնացնում: «Չորրորդ խումբն էլ խփում է այս պահին, այն պահին, փորձում է ինչ-որ բան կազմակերպել, իրարից նեղանում են, բաժանվում են, շատ բարդ է: Ինտելեկտուալների վիճակը Հայաստանում սարսափելի վտանգավոր է այն առումով, որ այսօր պետականություն կառուցելու, ազգային-հոգևոր համակարգ ստեղծելու, ազգային արժեքները շարունակելու շարժիչ ուժը, ի վերջո, ինտելեկտուալների ուսերին է, երբ ինտելեկտուալները չեն մասնակցում դրան, մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: Ախր, ինտելեկտուալների նկատմամբ պետք է հասարակության վերաբերմունք էլ լինի: Երբ որ տաքսու վարորդն ինձ ասում է՝ շե՛ֆ ջան, դու բան չես հասկանում, ես հիմա քեզ կբացատրեմ, այսինքն՝ այն կոնտեքստը՝ ես իրենից ինչով եմ պակաս, այդ ամեն ինչը շատ է խանգարում մեզ»:

Երգիչ-երգահանի խոսքով՝ ինքը հավասարության կողմնակից է օրենքի առջև, պատասխանատվության տեսակետից, բայց մարդկային նյութը հավասար չի կարող լինել:

«Մեկ-մեկ պետք է լսել այն մարդկանց, ովքեր ավելին կարող են, քան դու: Մենք ունե՞նք լսելու հատկություն՝ ես չգիտեմ: Չարության համար կուտակված մեծ պատճառներ կան, մարդիկ չարանում են սոցիալական իրավիճակից, ոչ հավասար օրենքին ենթարկվելուց. շատ բաներ կան, ես բոլորովին չեմ զարմանում: Խնդիրն էլ հենց դա է՝ ինչպե՞ս անենք, որ այդ չարությունը մի քիչ պակասի, որովհետև չարությամբ երկիր չես կարող կառուցել: Չար մարդը զբաղվում է այնպիսի բաներով, որ ոչ մի արժեք չունի: Մենք սպառվել ենք, շատ բաներ սպառվել են, ու մենք դա չենք հասկանում: Այն մեխանիզմը, որով շարժվում է այս երկիրը, իրեն սպառել է, այն կադրերը՝ գեր և նիհար մարդիկ, որ նստում են աթոռներին ու տարբեր բաներ են խոսում և որոշակի իրավասություն ունեն այս երկրում, իրենք էլ են վաղուց սպառվել: Շատ բաներ կան, որ պետք է նորովի սկսենք, նոր բան է պետք անել, տղե՛րք. այն, ինչ կատարվում է, լավ չէ, սխալ տեղ ենք գնում»:

Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում