Ո՞վ է․․․

Ո՞վ է․․․

Ի՞նչ կա այնտեղ պահված, ո՞վ է այնտեղ Արքա,
Ո՞վ է հոգում հոգսը խաբվածների.
Դու խորհում ես արդեն հազարերորդ անգամ,
Բայց մնում ես էլի հորինվածքիդ գերի:

Ո՞վ հորինեց սուտն այս հենց առաջին անգամ,
Ո՞վ կարկատան դրեց ստի հետույքին,
Բեմադրիչն ո՞վ է՝ մոլագարն այդ չարկամ,
Որ պտտում է անիվն այս ժանգոտած ու հին:

Ո՞վ է ծտին տվել ծլվլալու շնորհ,
Իսկ ագռավին միայն` կռնչալու անեծք,
Ո՞վ առաջին անգամ հունը փորեց գետի,
Որ վայրենի ճիգով իր ափերը քանդի:

Ո՞վ է արքա կարգել այն առյուծի ձագին,
Որ առյուծ է միայն` անհոգ ծնված,
Իսկ իմաստուն շանն այս ու իր լակոտին
Քացով մի կողմ հրել, որ վնգստա:

Ո՞վ է տվել ամեն արարածի մի ձև,
Ո՞վ հորինել գույներ ու հնչյուններ,
Ինչու՞ կտավին այս շպրտվել են բծեր
Եվ ինչու՞ են խինդին խառնվում հեկեկանքներ:

Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում, ասա՝ ինչու՞ եկար,
Ի՞նչ ես ուզում խլել արդեն թալանվածից,
Քեզ տալու բան չունեմ, սպառվել է, չկա,
Չէ՛, հաճույք ես զգում երևի իմ լացից:

Խառնվել են անդարձ բոլոր գույներն իրար,
Խառնվել են իրար հորձանուտ ու ծանծաղ,
Եվ իրար են խառնվել անտաղանդ ու հանճար,
Խառնվել են իրար լաց ու ծիծաղ:

Դավիթ ՇԻՐԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում