Մահացել է հայտնի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Մահացել է հայտնի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Այսօր առավոտյան մահացել է կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը: Երեկ հայտնի ռեժիսորի ծննդյան օրն էր, նա նշեց 81-ամյակը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին Գյումրիում (Լենինականում): Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։[1] 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ռեժիսորն արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), ՀՀ ժողովրդական արտիստի կոչման (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում