Հաշտություն

Հաշտություն

Ես գիտեմ՝ ոչ մի, ոչ մի ծաղիկ
Իմ արցունքով չէ, որ ապրում է,
Էլ ինչի՞ս է պետք մուժ ու թախիծ,
Էլ ինչիս է պետք քո համբույրը…

Ես շատ սիրեցի և շատերին,
Դահիճ եղա ոմանց ու ոմանց զոհ,
Ինձ մեղմ օրորեց փշատենին,
Ու ջուրը երգեց քաղցր ու գոհ:

Ու ես ասում եմ, ասում եմ այժմ,
Խաղաղությո՜ւն ձեզ, օրեր անցած,
Ես իմ դեմ եղա այնքա՜ն դաժան,
Գործեցի իմ դեմ այնքա՜ն հանցանք…

Բայց նայում եմ ես նոր աշխարհին,
Այդ նա՛ է,- երգըս, որ հնչում է…

– Ես գիտեմ, ես գիտեմ՝ ոչ մի ծաղիկ
Քո երգերով չէ, որ շնչում է…

Գուրգեն ՄԱՀԱՐԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում