Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին

Մարտի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Դուք ստանձնում եք նախագահի պաշտոնը ազատ ու անկախ մեր պետության նորագույն պատմության այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեր երկիրն անցում է կատարում կառավարման նոր համակարգի` լի առաջընթացի նոր հույսերով ու սպասումներով:

Ուրախ ենք, որ այս ճանապարհին մեր ժողովուրդը նախագահի պաշտոնը վստահում է Ձեզ, ով ունի կառավարման հարուստ փորձառություն, լայն ճանաչում ու հեղինակություն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ընդարձակ շրջանակներում:

Բարձրյալի զորակցությունը և առաջնորդությունն ենք հայցում Ձեզ, մեծարգո նախագահ, որպեսզի Ձեր նախագահության տարիները նորանկախ մեր երկրի պատմության մեջ արձանագրվեն որպես խաղաղության ու անվտանգության ամրապնդման, առաջընթաց ձեռքբերումների և ազգային միասնականության ու համերաշխության զորացման շրջան»:

Վեհափառ Հայրապետը նաև մաղթել է, որ Բարին Աստված ամենառատ Իր շնորհներով օրհնի ընտրյալ նախագահին և արդյունաշատ կյանքի քաջառողջ ու երջանիկ երկար տարիներ պարգևի նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում