Երբ իմաստազուրկ է լինում

Երբ իմաստազուրկ է լինում

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
քո օրացույցի դեղին էջերին,
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
տերևների պես քո կյանքի ծառից:Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորին:

Փողոց ու այգի իմաստազրկվում են
իմաստազրկված քաղաքի մեջքին,
տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծամվել երախում բյուր ժողովների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:

Ձեռքերը պարապ իմաստազրկվում են,
ամեն օր դարձավ տխուր կիրակի,
գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
պատճառները բյուր առանց պատճառի:

Անիմաստության խորտակվող քո նավը
նորից փրկության ափին է զարնվում,
երբ վերարկույով քնած զավակներդ
մեկ-մեկ արթնանում ու քեզ են նայում:

Նրանց աչքերի առկայծող լույսերը
ոգուդ սառույցի կեղևն են փշրում,
անկարողության պոկում կապանքները,
և կյանքը նորից իմաստավորում:

Արթուր ՄԵՍՉՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում