Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 1

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 1

Բան Ա
Սրտի խորքերից
խոսք Աստուծո հետ
Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների
աղաղակն, ահա՛,
Դեպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում,
գաղտնատե՛ս Աստված.
Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն
այրվող`
Անձս տոչորող թախծության հրի վրա
դնելով`
Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն
առավե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանվեր,
մատուցված ծխով ամենաառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս
շարադրանքը դու
Հաճությամբ հոժար և ո՛չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ
ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակից սենյակիր
խորքից
Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես
քեզ հետ, հզո՛ր,
Թող որ տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի
կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք է գրել Եսային
Եվ կամ ինչպես անիրավությունը
Բաբելոնի՝
Սաղմոսի յոթանասուներկուերորդ
առակում ասված
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես
խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի
մեջ այն,
Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը
կանգնեց
Հանուն գերադարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին
գյուտին:
Բ
Բայց և ահավոր ձայնը հատուցման քո
դատաստանի
Վրեժխնդրության ձորում ուժգնապես
հնչելով ահա
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման
գրգիռներ կրկին,
Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ
Էությունս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ զինված
սուր ու սուսերով՝
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ,
Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո
շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝
ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ
համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է
հայտարարում:
Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն,
ինչպես Գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ
Կեդրոնի հովտում նեղանձուկ,
Դատաստանի փոքր հանդիսատեղի և
ժամադրավայր,
Որոնք երկրային երևույթներով
պատկերացնում են հանդերձյալն
ինձ պարզ,
Ապա և ինձ է մոտեցել հավետ
թագավորությունն մարմնացյալ
Աստուծո,
Որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես
ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար
իմ բոլոր,
Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն
ինձ պիտի ավելի սաստիկ,
Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի և փղշտացի
և այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եվ, սակայն, նրանց չարչարանքները
կարճատև եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի,
ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,–
Ըստ մարգարեի և առակողի,
Սաստիկ տագնապով դուռս ափ առած՝
Մշտնջենական ամոթն են իրենց
գծագրում արդեն:
Եվ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել
հրաշագործ դեղեր,
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝
մատնված վարանման և
տարակույսի,
Քավի՛չ բոլորի, անսահմանելի
բարձրությանդ մեջ
Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:

Բան Բ
Սրտի խորքերից
խոսք Աստուծո հետ
Ա
Քանզի մարմնավոր շուրթերով, ահա՛,
ուղերձ ես կարդում բարձրյալ
Աստծուն,
Որ գործերով է գրավվում միայն և չի
կաշառվում բանաստեղծությամբ,
Եվ քո սրտի մեջ նայում ես դու միշտ դեպի
Եգիպտոս,
Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ
դնեմ ես այստեղ, անձ իմ հանցավոր:
Պատժակից եմ ես քանդված Սոդոմին,
Պապանձված դատախազն եմ Նինվեի,
Սոսկալի բարբարոս՝ ավելի, քան տիկինն
հարավային,
Քանանից վատթար ավելի և Ամաղեկից
համառ,
Կուռքերի քաղաք անբժշկելի,
Հին Իսրայելի ապստամբության մնացած
բեկոր,
Հիշատակարան պահված՝ Հուդայի
ուխտազանցության:
Կշտամբված եմ ես ավելի, քան Ծուրը
Եվ Ծայդանից ավելի տարամերժված.
Խորթաբարո ավելի, քան Գալիլիան,
Եվ քան անհավատ Կափառնայումն
աններելի.
Պարսավված եմ ես, ինչպես Քորազինը և
Բեթսայիդայի հետ բամբասված.
Անպարկեշտության մեջ սպիտակած
մազերն եմ Եփրեմի.
Աղավնու նման մեղմ եմ ես՝
հիմարությամբ և ո՛չ հեզությամբ.
Օձ եմ ես բանավոր եղեռնական՝ առյուծի
կորյուններից ծնված.
Ժանտությամբ լցված քարբի ձվերի
կերպարանքն ունեմ,
Պատկերն եմ ես Երուսաղեմի վերջին
հարվածների,
Ըստ գուշակության տեսանողների և
տերունական խոսքի համաձայն:
Կործանման հասած մերժված տաղավար
եմ ես,
Կրկնակի ներկված շինվածք եմ խոսուն՝
Խորտակված դռան ջարդված
փականքով:
Ժառանգություն եմ վայելուչ թեև, սակայն
և թողնված,
Մոռացված տուն եմ աստվածակերտ,
Ինչպես ասել են Մովսեսը, Դավիթն ու
Երեմիան:
Բորոտությամբ վարակված բանական մի
տուն եմ ես՝
Ապաշխարության խրատին ենթարկված,
Օրենքով նորոգված և ծեփված կավով՝
ողոք հեզության,
Բայց ճարահատված այլևս բուժման մի
ելք գտնելուց՝
Շինողի ձեռքով լրիվ քանդըված,
Եվ հրամանով Հզորի, իբրև արդար
հատուցում,
Դուրս նետված անսուրբ մի վայր՝ անխնա,
Հեռու վտարված և տարագրված:
Հողի տակ թաղված դրամն եմ անպետ՝
Ավետարանի ավանդակորույս ուրացողի
քանքարի նման:
Սակայն դու, ո՜վ Աստված,
Աստվա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,
Աստվածաշնորհ Մովսեսի
դավանությամբ,
Եվ ըստ ձայնի երկայնամիտ ու
բազումողորմ սուրբ Հովնանի,–
Տուր ինձ ուժ, որպեսզի քո օրհնյալ
կամքին ի հաճություն
Կարողանամ ավարտել աղոթամատյանն
այս ողբերգական,
Որ սկսել եմ ես ահավասիկ:
Եվ մինչ արցունքով եմ սերմանում
խոսքերս
Մեզ համար պատրաստված օթևաններդ
տանող
Ճանապարհի վրա ոտք դրած պահին այս
իմ,
Թող որ, երբ հասնեմ հունձքն
հավաքելուն՝
Դառնամ բերկրալից ու երջանիկ և լիովին
քավված՝
Բարի օրանների երանական արդյունքով:
Մի՛ տար ինձ սրտի արգանդ անորդի
Իսրայելի պես,
Եվ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ
ամենագութ:
Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՛ր
ողորմած,
Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին,
երկիրը՝ գինուն, ցորենին, ձեթին,
Եվ սրանք բոլորն էլ Իսրայելին`
ի՛նձ լսիր.
Երկնավորների աղերսը առ քեզ՝
Թող ազդի հոգուս, քան թե տարրերին
ապականացու:
Ստեղծիչ ես դու, և ես ինքս՝ կավ.
Հեծեծագին այս աղոթքներիս
նախամուտքում.
Հայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ՝
տարակուսյալիս,
Որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ
զորանամ ես,
Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ,
անընտել՝
Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ,
ջնջվեմ մեջտեղից:
Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է
գոչել աղոթքով,
-Ուժ՝ թալկացածիս և կյանք մաշվածիս
խղճի խայթերից,
Եվ ո՛չ անձկությամբ ու չարչարանքով քեզ
որոնելուց:
Ա՛ռ մաղթանքներիս ավանդն այս և տուր
ողորմությունը քո շնորհների:
Ընդունիր դու այս փոքրը տկարիցս և
շնորհիր մեծը հզորիդ կողմից:
Զղջումիս խոսքերն արա՛ զորավոր, մեզ
ուղարկելով Հոգիդ բարձունքից,
Պատգամներով այն աստվածաշունչ,
որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ:
Հաճի՛ր, բարերար, լուսավորելով
ճշմարտապատում առակն Եսայու,
Մատուցելով ինձ՝ մահվան արժանուս
Գոյությանս անարգաձայն պղնձի
փոխարեն՝ շնորհիդ ոսկին՝
Անզարդ, սևաթույր երկաթի տեղակ՝
հրաշեկ պղինձը Լիբանանի,
Որ օրինակ է առաքինության,
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս,
անճա՜ռ ահավոր,
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ:
Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս
վաստակիս մեջ՝
Անբերի հողում, իզուր, ապարդյուն
սերմանողի պես:
Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ,
Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և
չհառաչեմ,
Ամպեմ, և չանձրևեմ, ընթանամ՝ և
չհասնեմ,
Ես ձայն տամ, և դու չլսես, պաղատեմ՝ և
անտես մնամ,
Կողկողեմ՝ և ինձ չողորմես, աղաչեմ՝ բայց
ոչինչ շահեմ,
Զոհ մատուցեմ, և չմխամ,
Տեսնեմ քեզ՝ և դատարկ դուրս գամ:
Դեռ քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու, ո՜վ
միայն հզոր:
Մեղքերով ապրած օրերիս չափով
Տանջանքի տուգանք վճարել մի՛ տա ինձ՝
չարագործիս:
Փրկիր ինձ, գթած, լսիր, ողորմած,
Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր,
ապավեն,
Բարերարիր, հզոր, ազատիր, ամենակալ,
Կյանք տուր, նորոգող, վերականգնիր,
ահավո՛ր,
Լուսավորիր, երկնային, բժշկի՛ր,
ձեռնահաս, քավի՛ր, անքնին,
Պարգևատրիր, առատաձեռն,
շնորհազարդիր, աննախանձ,
Հաշտվիր, անախտակիր, ընդունիր,
անոխակալ,
Ջնջիր պարտքերս, օրհնյա՜լ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում