Արցախի իրավիճակում մենք տեսնում ենք, որ Ցեղասպանությունը կարող է կրկնվել. Դին Քեյն

Արցախի իրավիճակում մենք տեսնում ենք, որ Ցեղասպանությունը կարող է կրկնվել. Դին Քեյն

Երևանում մարտի 5-ին կայացավ Ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ լրագրողների հետ հանդիպեցին ֆիլմի գործադիր պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնթել Վիլիամսը:

Դին Քեյնը նշեց, որ ինքը և Մոնթել Վիլիամսը լավ ընկերներ են, ճանապարհորդել են ամբողջ աշխարհով, բարեգործությամբ զբաղվել աշխարհի տարբեր ծայրերում, ինչպես, օրինակ, Քենիայում և Վիետնամում, սակայն երբ հարցը հասնում է քաղաքականությանը, իրենք հաճախ իրար հետ համաձայն չեն: Այնուամենայնիվ, կա մեկ հարց, որի դեպքում տարաձայնություններ չկան, դա այն է, որ Ցեղասպանությունը պետք է կոչվի իր անունով և պետք է ճանաչվի:

«Մենք միավորվեցինք հենց այս պատճառով, որպեսզի աշխարհին պատմենք Ցեղասպանության պատմությունը: Բնականաբար, Հայաստանում դուք գիտեք դրա մասին, սակայն ԱՄՆ-ում ոչ բոլորն են տեղյակ: Մենք ուզում ենք կրթել ամերիկացիներին, սովորեցնել, պատմել Ցեղասպանության մասին»,- ասաց նա: Մոնթել Վիլիամսը խոստովանեց՝ Դին Քեյնն ավելի շուտ է ներգրավվել այս աշխատանքի մեջ, ու քանի որ իրենք ընկերներ ենք, հաճախ են խոսում տարբեր հարցերի շուրջ: Հերթական զրույցներից մեկի ժամանակ, երբ ընկերն իրեն պատմել է այս մասին, Վիլիամսն ասել է՝ «ի՞նչ, հայերի Ցեղասպանությու՞ն, ի՞նչ ցեղասպանություն»:

«Ես մտածեցի, որ եթե ես՝ մարդ, ով 22 տարի եղել է բանակում, իրեն համարում է ռազմական պատմաբան, ես, որ խոսում եմ բազմաթիվ խնդիրների շուրջ, եթե տեղյակ չեմ, բնականաբար, շատերը չգիտեն: Ես որոշեցի, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այս պատմությունը, որովհետև ճանաչված չլինելով՝ Հայոց ցեղասպանությունը պատճառ և արդարացում է դառնում այլ ցեղասպանությունների համար, և ես ասացի՝ բավական է, այս հարցը պետք է բարձրացվի և լուծում ստանա»,- ասաց նա:

Վիլիամսը նշեց՝ Ցեղասպանության ճանաչմանը միտված իր աշխատանքը կապված է նաև ատելությունը դադարեցնելու հետ, որովհետև Ցեղասպանությունը նաև ատելություն է այլ ազգի նկատմամբ: Նրա խոսքով՝ Ամերիկայում շատերն ասում են՝ ինչու պետք է մենք հոգանք այն բաների մասին, որ տեղի են ունենում աշխարհի ուրիշ անկյուններում, ինչու պետք է մենք դրա հետ գործ ունենանք, և դա մեր խնդիրը լինի, սակայն ակնհայտ է՝ երբ նման խնդիրները լուծում չեն ստանում, դրանք շարունակվում են:

Դին Քեյնն ասաց՝ իրենք ցանկանում են, որ յուրաքանչյուր անձ, որ կդիտի այս ֆիլմը, հասկանա՝ քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչվել, այն շարունակվում է: «Այսօր Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի իրավիճակում մենք տեսնում ենք, որ Ցեղասպանությունը կարող է կրկնվել՝ մեծ մասշտաբներով»,- նշեց նա: Հարցին՝ ե՞րբ և որտե՞ղ է առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին, նա պատասխանեց, որ համալսարանական տարիներին իրեն ասել է ուսանող ընկերներից մեկը՝ Քևին Մաթոսյանը:

«Իմ հիմնական առարկան պատմությունն էր, իմ ընկերներից մեկը՝ Քևին Մաթոսյանը, որը գուցե հայ է, ինձ հարցրեց՝ գիտե՞մ ես ցեղասպանության մասին, ես շատ վատ զգացի: Ես մասնագիտացած եմ պատերազմի և դիվանագիտության ոլորտներում, այսինքն՝ մասնագիտության բերումով ես պետք է իմանայի այդ մասին, բայց չգիտեի: Եվ նա ինձ հրավիրեց՝ մասնակցելու ապրիլի 24-ին հայերի կազմակերպած ցույցին»,- պատմեց նա:

Մոնթել Վիլիամսն ասաց՝ իրենք, մասնակցած լինելով ֆիլմի նկարահանման աշխատանքներին, տեսել են շատ ավելին, քան կարելի է ենթադրել՝ ֆիլմը դիտելով. իրենք խոսել են մարդկանց հետ, լսել պատմություններ: «Մի բան, որ ինձ անհանգստացնում էր, այն է, որ Համիդյան ջարդերից սկսած՝ աշխարհում ոչ ոք ձայն չի բարձրացրել և չի կանգնեցրել այդ ամենը: Գուցե դա էր պատճառը, որ 1915 թ. ոմանք ասացին՝ անցյալում դա եղավ, և ոչ ոք ոչինչ չարեց, ինչու՞ չփորձել կրկին, նույնը ասաց Հիտլերը, նրա հայտնի խոսքը գիտեք՝ ով է հիշում Հայոց ցեղասպանության մասին, սակայն այսօր մենք տեսնում ենք՝ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում ցեղասպանությունը շարունակվում է»,- ասաց նա:

Վիլիամսը ընդգծեց՝ մարդկությունը եկել-հասել է այսօրվան և պետք է առաջ գնա: Նա ասաց, որ իր նպատակը ատելությունը հաղթահարելն է, աշխարհը որպես մեկ մարդկություն միասնական դարձնելն է:

«Ես ուզում եմ, որ մարդկությունը դրսևորի իր դրական կողմը, ոչ թե խավար, որ Ցեղասպանությունն է»,- նշեց նա: Վիլիամսը նաև ասաց՝ շատ մարդիկ, որ մասնակցել են այս ֆիլմին, նկարահանվել են, չեն բացահայտում իրենց ինքնությունը, որովհետև վախենում են, որ հետապնդվելու են իրենց մասնակցության համար:

Իրենք՝ պրոդյուսերները, երկուսն էլ Ամերիկայում բավական ճանաչված ու դիրքով մարդիկ են և չեն կարծում՝ անհանգստության իրական պատճառ ունեն, չեն կարծում, թե հետապնդումների կենթարկվեն: Նրանք նշում են՝ շարքային ամերիկացիները և թուրքերը բոլորն էլ ասում են՝ «մենք գիտենք, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, կառավարությունն է, որ չի ճանաչում այն», փաստերը, սակայն ահռելի են ու խոսուն:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում