Երգը լսողին կստիպի հուզվել, ապրել, հիշել․ Գևորգ Բարակազյան

Երգը լսողին կստիպի հուզվել, ապրել, հիշել․ Գևորգ Բարակազյան

Էջմիածնեցի Գևորգ Բարակազյանը օրերս հանդիսատեսի դատին ներկայացրեց իր երկրորդ տեսահոլովակը: «Միթե» երգը երիտասարդ ստեղծագործողի հերթական լուրջ աշխատանքն է, որի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Գևորգի ընկերները:

Aravot.am-ի հետ զրույցում Գևորգ Բարակազյանը պատմեց երգի, տեսահոլովակի նկարահանման, երգի ստեղծման մասին. «Տեսահոլովակն իմ երկրորդ աշխատանքն է: Բավականին երկար, բայց հաճելի ընթացք ունեցավ: Երգը լսողին կստիպի հուզվել, ապրել, հիշել: Գուցե հարցեր առաջանան, որոնց պատասխանները լսողն ինքը կգտնի: «Միթե»-ն վերացական, ենթատեքստային և խիստ անհատական բացատրություն ունի: Յուրաքանչյուր լսող ինքը կգտնի միթեի պատասխանը: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աղասի Գևորգյանն է, ռեժիսորը Սպարտակ Ավետիսյանը գործիքավորումը Հովսեփ Երեմյանը: Իսկ բեմականացման և գլխավոր հերոսուհու կերպարում հանդես է եկել պարուհի Ռիմա Բաղդասարյանը»:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աղասի Գևորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երգը վաղուց կար,բայց այն գտավ ճիշտ հասցեատիրոջը՝ Գևորգին:

«Երբ Գևորգն ինձ հանդիպեց համագործակցելու նպատակով, ես մի քանի գործ ցույց տվեցի, բայց նրա սրտին հոգեհարազատ էր այս ստեղծագործությունը: Երգը բնորոշում էր Գևորգին, նրա հոգեվիճակին և ասեմ,որ Գևորգը երգը կատարում էր զգալով,ապրելով…»,-ասաց Աղասին:

Ռիմա Բաղդասարյանը տեսահոլովակի գլխավոր հերոսուհին է, երգի պատկերավորման հիմնական գույնը: Սև ու սպիտակ գույնի մեջ պարուհին կարողանում է ցույց տալ կյանքն այլ գույնի, երանգի և ձևաչափի մեջ:

Ռիման պատմում է, որ նկարահանվել է երգը լսելուց հետո միայն: Գաղափարն ու երգը շատ են դուր եկել պարուհուն, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ համաձայնվի նկարահանվել Գևորգի տեսահոլովակում:

«Տեսահոլովակը նկարահանվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Տեսահոլովակը պատմում է մի կոտրված սիրո պատմություն, որտեղ հերոսուհին պատրաստ է պայքարի, և ավելի լայն թռիչքների»,-Aravot.am-հետ զրույցում կիսվեց Ռիման:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում