Մայրս

Մայրս

… ես
այս օրերիս
Աստծուն
կրում եմ
վերնաշապկիս տակ
տաք հացի նման
ու բաժանում եմ
ում որ պատահի

մեր խոհանոցում
մեծ
փայտյա տաշտը
միշտ նույն չափով էր
լցված
խմորով

մայրս
կարծես թե
իր մատներից էր
սարքում խմորը

կամ
ավելի շուտ
խմորը կարծես
մորս մատների
մետամորֆոզն էր
փայտյա տաշտի մեջ

մայրս…
երբեմն
փորձում էր սրբել
քրտինքը դեմքի
և տասը հավասար
խմորի շիթեր
մորս մատներից
ձգվում էին
մինչև
նրա ճակատը

հայրս ասում էր
որ
խմորից է
մայրս մեզ սարքել
ու
ծիծաղում էր

մայրս լռում էր
ու շարունակում
խմորից
ճերմակ
հրեշտակներ կախել
մատների ծայրից

մայրս…
երդվում եմ
կարող էր քայլել
ջրերի վրա
թե կարողանար
ձեռքերը
մի կերպ
պոկել խմորից…

Սոնա ՎԱՆ
Կարդում է Մարինա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում