Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 3

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 3

Սրտի խոսքրից խոսք Աստծո հետ
Ա

Տեր իմ, Տեր պարգևատու,
ինքնաբուն բարի,
Բոլորին տիրող հավասարապես, միայն
արարիչ դու ամեն ինչի․
Փառվորյալ, անքնին, ահեղ, ահարկու,
սոսկալի, հզոր,
Անպարագրելի, անմերձենալի
անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի,
անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ և անժամանակ,
անշամանդաղ գիտություն,
Համարձակ տեսողություն, ճշմարիտ
էականություն,
Բարձր և խոնարհ, օրհնաբանված
գոյություն․
Անստվեր ծագում, ամենափայլ
ճառագայթ, խոստովանված լույս,
Անտարակույս վստահություն,
Կատարյալ հանգիստ,
Անհեղլի կնիք, անսահման պատկեր,
վկայված անուն,
Ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,
Հաց՝ հոգին հաստող, սեր՝ մթանն
օտար, աներկբա խոստում,
Ծածկույթ ցանկալի, զգեստ
անկապուտ, օթոց բաղձալի,
Զարդ վայելչական, մեծազոր
պաշտպան, գովված ապավեն,
Աննվազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենաբույժ դեղ, ձրի բժշկություն,
կրկնաձիր առողջություն,
Վեհագույն խրախույզ, անպատիր
կոչում, հանուր ավետիս,
Ստրկամեծար թագավոր, աղքատասեր
պաշտպան, մշտահարուստ տվող,
Անխափան ընթացք, աննահանջ հրաման,
Անհամառոտ հույս, երկար
տեսողություն, տուրք անզղջական,
Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք,
անաչառ աչք,
Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր,
բերկրության բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատ,
Անմոլոր ճամփա, անխարդախ ընթացք,
կենդանարար կամք,
Աննենգելի խրատ, աննախանձ պատիվ,
լայնարձակ հնարք,
Անձկական պայման, անգտնելի հետք,
աներևույթ շավիղ,
Անչափագիր պատկեր, քանակությու՜ն
անսահման,
Աննմանական տիպ, անզուգական
գութ, ողորմություն բազմազեղ,
Խոնարհություն տոնելի, համբույր
փրկարար,
Կա՜ն դեռ շատ ուրիշ խոսքեր ավելի
վեհ ու վայելուչ
Նվիրելու քեզ՝ աստվածությանդ։
Օրհնված, գովված, բարեբանված,
քարոզված, ավետարանված,
Հռչակված, հնչեցված, պատմված,
Աղաչված կամքով անխաբելի,
Եվ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ
քաղցր բխումով,
Որոնք մեր հաջորդ ճառերում պետք է
որ լուսաբանվեն։
Որով և պիտի դու զվարթանաս իմ
փրկությամբ, ո՜վ երանություն,
Ախորժ զգացմամբ լցված լիուլի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում