USD
EUR
RUB

Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

 
 

Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:

Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով:

ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ
(Ղուկ. ԺԸ 1-7)

«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»: Բարեխնամ և ամենագութ Աստված միշտ կամենում է ապրեցնել մարդկանց հոգիները և ոխ չի պահում մեր անօրենությունների պատճառով: Ուստի՝ այսօր Տերը մեր առջև է դնում դատաստանի ահը և պատմում գալիք արհավիրքների մասին:

Նախ ասում է, որ պետք է աղոթել և չձանձրանալ: Ամեն ժամ աղոթելու համար Եկեղեցին սահմանել է ինն ընդհանրական աղոթքի ժամեր, և մնացած ժամանակն էլ մենք Աստծուն միշտ պետք է ունենանք մեր մտքում, գոհանանք Նրանից և մեր խնդրվածքները ստանալու համար հարատև աղոթենք:

«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»:

Քաղաքը մարդն է, իսկ դատավորը՝ մարդու միտքը, որպեսզի միշտ քննի չարն ու բարին և չարից խուսափելով՝ ձգտի դեպի բարին, քանզի միտքն ազատ է և ծառա չէ:

Դատավորի գործն է լսել դատախազի խոսքը, քննել լսածը, փնտրել վկաներ, ապա վճիռ կայացնել: Սակայն մարդու միտքը, մանկությունից դաստիարակվելով չարի կողմից, առավել խնամք է տանում մարմնի, քան թե հոգու համար: Գործած մեղքերը հիմարացնում են միտքը, որի պատճառով սկսում է թյուրել դատաստանը, սրան ավելանում են նաև մեղսալից հաճույքները, որոնք կաշառքի նման փակում են նրա բերանը: Թեպետև միտքը գիտի Աստծու արդարության մասին, սակայն մարմնի նկատմամբ սերը նրան թույլ չի տալիս վախենալ Աստծուց և մարդկանցից ամաչել:

Աստծուց չի վախենում նաև այն պատճառով, որ Աստված իրեն տեսանելի չէ, իսկ մարդկանցից չի ամաչում, որովհետև միտքը մարդկանց անտեսանելի է:

Երկյուղը մտքի սանձն է, որը հեռացնում է չարից, իսկ ամոթն առագաստ է, որով թաքնվում ենք մեղքից: Եթե սրանք չլինեն, ապա միտքը սանձարձակ կերպով կխաղա մեղքերի ոլորտում՝ զրկելով հոգուն և պարարտացնելով մարմինը:

«Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Մարդը կազմված է իմանալի հոգուց և գեղեցիկ մարմնից: Այստեղ այրին հոգին է, իսկ նրա ոսոխը՝ մարմինը՝ ըստ այս խոսքի. «Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղատ. Ե 17): Հոգին մարմնի հետ միավորվելու պահից և՜ բազում բարիքներ է վայելում, և՜ բազում վտանգների ենթարկվում մարմնի կողմից: Այդ պատճառով Աստված միտքը իշխան ու դատավոր կանգնեցրեց հոգու և մարմնի վրա, որպեսզի անիրավությամբ միմյանց չզրկեն. ո՜չ հոգին՝ մարմնին, և ո՜չ էլ մարմինը՝ հոգուն: Այստեղ հոգին այրի է կոչվում, որովհետև մեղքի պատճառով բաժանվել է երկնային Փեսայից՝ Հիսուսից:

Դարձյալ՝ միտքն այր է երկու կանանց միջև՝ հոգու և մարմնի: Երբ մեկի ցանկությունները կատարվում են, մյուսն այրի է մնում: Այրին գալիս է դատավորի մոտ, երբ հոգին, խղճից մղվելով, առարկում է մտքին՝ նրան հիշեցնելով գործած մեղքերն ու անիրավությունները:

Մտքի դատելն այն պիտի լինի, որ մարմնին տա միայն նրա բնության կարողության չափով և մարմնի վրա չհեղի կրքերի վայրագ ցանկություններ, իսկ հոգուն տա պատշաճ առաքինություն, որով հոգին և՜ կենդանի կմնա, և՜ մահացու մեղքեր չի կրի:

«Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում դատը տեսնել»: Որովհետև միտքը, մարմնական հաճույքներից թմրած, ննջում էր և չէր կամենում զգաստանալ: Բայց քանի որ Արարիչը մարդու մեջ խիղճը դրել է որպես անաչառ և անդուլ կշտամբիչ, որպեսզի դրանով մարդուն միշտ անհանգստացնի, և մարդը, գործած մեղքերի հիշողություններից գիշեր-ցերեկ տանջվելով՝ եթե ոչ Աստծու փառքի համար կամ էլ գութից մղված, ապա գոնե խղճի խայթոցներից ազատվելու համար, որոշի տեսնել հոգու դատը: Այսպես շատ մեղավորներ են ապաշխարում:

«Դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Սա այն դեպքում է լինում, երբ մարդը, խղճմտանքից տագնապահար, չդիմանալով նեղսրտությանն ու տրտմությանը, որոնք առաջանում են մեղքերը հիշելուց, դիմում է դեպի բարին: Լինում են և այնպիսիներ, ովքեր հուսահատությունից անձնասպան են լինում՝ չդիմանալով խղճի խայթոցներին:

Այսպես զորավոր է հոգու թախանձելը:

«Լսեցե՜ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՜, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի»: Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորը, որ ոչ Աստծուց էր երկնչում և ոչ էլ մարդկանցից ամաչում, այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ ևս առավել Քրիստոս՝ Արդարության Արեգակը և Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում և պաղատում են Իրեն:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Լրահոս
Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս Վահան Տերյան․ Մենության խավար Նոր հրատարակություն Մենք չենք ուզում կատարելագործվել, գերադասում ենք շարժվել փակ շրջագծով Դերասանական խումբը նորով փոխարինելը Խորհրդային Միությունից մնացած մեթոդ է Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին Ադամ Բարրոյի ձայներիզը ներառում է նաև հայկական «Ավե Մարիա» Աբգար թագավորի հնարամտությունը
Ամենաընթերցված
website by Sargssyan