USD
EUR
RUB

Վիրահայոց թեմի առաջնորդը ելույթ ունեցավ Վրաստանի կրոնի գործակալության հաշվետու ժողովում

 
 

2018 թվականի մարտի 7-ին, Թբիլիսիի «Քորթիարդ մերիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2016-2017 թվականների հաշվետվության շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին Վրաստանում գործող կրոնական համայնքների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Այս մասին տղեկացնում է armchurch.info-ն։

Շնորհանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հաշվետվությունը ներկայացրեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Գործակալության նախագահը ուշադրությունը բևեռեց երկրում կրոնի ազատության տեսակետից առկա մարտահրավերների, հատկապես բռնագրավված տարածքների վրա, որտեղ մշտապես կոպիտ կերպով խախտվում են բնիկ բնակչության՝ վրացիների իրավունքները կրոնի, արտահատվելու, տեղաշարժի ազատության տեսակետից, ինչպես նաև վրացական հետքը ջնջելու նպատակով ընթացող վրացական հոգևոր մշակութային հուշարձանների ինքնակամ «վերակառուցման» վրա:

Գործակալության նախագահը շոշափեց նաև «Մարդու իրավունքների պաշտպանության կառավարական գործնական պլանի շրջանակներում տարբեր կառույցների աշխատակիցների համար «Աշխարհիկության և կրոնական չեզոքության» թեմայով անցկացված վարժանքները, ինչպես նաև գործակալության միջազգային հարաբերությունների տեսանկյունից ծավալած գործունեությունը և այլ թեմաներ:

Հաշվետու ժողովում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը դրական գնահատելով Կրոնի գործակալության գործունեությունը նշեց, որ գործակալության եռամյա գործունեությունը ապացուցեց պետության կողմից տվյալ ինստիտուտի ստեղծման կարևորությունը, քանզի գործակալությունը դարձավ մի կառույց, որին կրոնական հայանքները կարող են դիմել իրենց հիմնախնդիրների լուծման խնդրով: Սակայն նշեց գործակալության իրավասությունները որոշակի ընդարձակելու կարիքը: Վազգեն Սրբազանը ընդգծեց կրոնական համայնքների նկատմամբ հավասար և արդարացի մոտեցման անհրաժեշտությունը, որպեսզի կրոնական համայնքները ոչ թե վիճեն իրենց պատմական ժառանգության հետ կապված հարցերով, այլ լծվեն երկրում հոգևոր-բարոյական մթնոլորտի առողջացման սուրբ գործին-կարևորեց Վազգեն Սրբազանը և շոշափեց Կրոնի մասին օրենքի մշակման անհրաժեշտության և գործող օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու հարցը, որը նկատի կունենա կրոնական և ազգային համայնքներին հարկային և այլ նշանակության հավասար արտոնություններ ու պարտավորություններ շնորհելը:

Մի քանի կրոնական կազմակերպությունների առաջնորդներ իրենց ելույթներում հնչեցրին խորհրդային բռնատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցում ստացող կրոնական համայնքների թիվը ավելացնելու դիմում:

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2016-2017ԹԹ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Մեծարգո պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, կրոնական համայնքների առաջնորդներ, քույրեր, եղբայրներ,

Ողջունում և դրական ենք գնահատում Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2016-2017թթ. գործունեությունը և համարում, որ 2014թ. Վրաստանի կառավարության կողմից այս գործակալության հիմնումը ճիշտ որոշում էր: Գնահատելի են գործակալության անցնող 4 տարիների աշխատանքները, հուսադրիչ գործակալության ղեկավար պարոն Զազա Վաշաղմաձեի գլխավորությամբ ձևավորված աշխատակազմի գործունեությունը, որն ուղղված է տարիներով կուտակված հարցերի լուծմանը:

Սակայն ցանկալի կլիներ, որ գործակալությանը տրվեին ավելի լայն իրավունքներ և հնարավորություններ, որպեսզի բազմազգ և բազմակրոն Վրաստանում ձևավորվի համապատասխան քաղաքականություն կրոնական համայնքների զարգացման և խաղաղ համակեցության համար: Այս առումով կարևոր է կրոնական համայնքների նկատմամբ հավասար և արդարացի մոտեցումը, որպեսզի կրոնական համայնքները ոչ թե վիճեն իրենց պատմական ժառանգության հետ կապված հարցերով, այլ միասնական ուժերով լծվեն հարազատ երկրում հոգևոր-բարոյական մթնոլորտի առողջացման, մեր քաղաքացիների բարոյական նկարագրի կատարելագործման սուրբ գործին:

Անտարակույս, Գործակալության ծրագրերը կյանքի կարող են կոչվել Վրաստանում գործող օրենքի սահմաններում, ուստի կառաջարկեինք Վրաստանի Խորհրդարանին ընդունել կրոնի մասին օրենք, որը նկատի կունենա կրոնական կազմակերպությունների նկատմամբ հավասար մոտեցումը, կրոնական կազմակերպություններին կտա հարկային հավասար արտոնություններ և պարտավորություններ: Որպեսզի վրաց օրհնյալ և բազմաչարչար հողում մարդկանց մեջ ագրեսիայի, հանցագործության, միմյանց նկատմամբ թշնամանքի փոխարեն թևածի հանդուրժողականությունը, ներողամտությունը, սերն ու բարությունը:

Այլապես այսքան կրոնական սրբավայրերի, հոգևոր սպասավորների առկայության պայմաններում էլ հասարակության մեջ անհնար կլինի արմատախիլ անել անհադուրժողականությունն ու ագրեսիան: Ավելին, երկրում շատանում են խաղատները, գիշերային ակումբները, շատ անգամ հեռուստաընկերությունները տարածում են հաղորդումներ, ցուցադրում ֆիլմեր, որոնք չեն համապատասխանում մեր երկրի ավանդություններին և մշակույթին: Կրոնի հարցերով պետական գործակալությունը պետք է նախաձեռնի նաև կրոնական համայնքների առաջնորդների, հոգևոր սպասավորների և հավատացյալների հետ միասին նշված բացասական դրսևորումների դեմ պայքարելու աշխատանքներ ևս:

Վրաց ժողովուրդն ու հասարակությունը պատմության ընթացքում եղել են մարդասեր, արդարադատ, ազատատենչ, և մենք հավատում ենք, որ այսօր էլ Վրաստանում շարունակում է ապրել նույն ոգին, որը հնարավորություն կտա կրոնական և ազգային համայնքներին՝ Վրաստանի լիարժեք քաղաքացիներ զգալու, հարազատ երկրի նկատմամբ ամբողջական պարտավորություններ ստանձնելու համար:

Թող Աստված օրհնի Վրաստան աշխարհը, Վրաստանում ապրող ժողովուրդներին, կրոնական համայնքներին և խաղաղություն պարգևի բոլորին:

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan