USD
EUR
RUB

Արվեստի ու իրականության անշոշափ սահմանին. Տիգրան Ասատրյանի նկարների ցուցասրահում

 
 

Ռուսական դպրոցի ուսուցչուհու ու շինարարի ընտանիքում ծնված տղան՝ Տիգրանը, մի օր հաստատ որոշեց՝ նկարիչ է դառնալու: Ծնողները ոչ միայն չընդդիմացան, այլև ամեն կերպ աջակցեցին: Նկարիչը՝ Տիգրան Ասատրյանը, ում նկարներն այժմ ցուցադրված են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Panorama.am-ի հետ շրջեց ցուցասրահով, պատմեց իր նկարչական ուղու մասին:

«Մայրս ինտելիգենտ կին էր՝ Թիֆլիսից, մեր տանը կային Տրետյակովյան պատկերասրահի աշխատանքների ռեպրոդուկցիաներ, որոնք փոքր տարիքից շատ էի սիրում, նայում էի: Մի տեսակ սեր կար այդ ամենի հանդեպ, մանավանդ՝ երբ միայնակ էի լինում տանը, միանգամից գնում էի, դարակը բացում ու սկսում նայել, կարծես՝ արգելված ինչ-որ բան էր: Երևի ուղղակի ուզում էի մենակ նայել, տարբեր նկարիչների ռեպրոդուկցիաներ էին, այնքան էլ որակով էին»,- հիշում է նա:

Ասատրյանի մեջ նկարչության հանդեպ սերն արթնացել է հենց այդ տարիքից, նա երազում էր այդպես նկարել: Չորս-հինգ տարեկանում արդեն «ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին պատասխանում էր հստակ ու վճռական՝ «նկարիչ»: Որոշումն իրականություն դարձավ, նա անցավ ժամանակակից նկարչական լավագույն դպրոցը՝ Պիոներ պալատ- Կոջոյանի անվան դպրոց- Թերլեմեզյանի անվան ուսումնարան- Գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Ու երբեք, ոչ մի պահ չկասկածեց ընտրած ուղու ճշմարտացիությանը:

«Կասկածներ չեն եղել, ես միանգամից ուղղակի այդ ճանապարհով գնացել եմ: Շատ եմ սիրել այդ ամենը, հոգատար ծնողներ եմ ունեցել, մորս շուտ եմ կորցրել, բայց հայրս ամեն ինչ անում էր՝ Կոջոյանի դպրոց տանել-բերել, Թերլեմեզյան ընդունվելիս, կտավներս ստուգատեսի տանելիս: Ու գիտեք, այնքան ծախսատար է այդ ամենը, հայրս ամեն ինչ ապահովում էր՝ միայն թե ես նկարեմ»,- պատմում է նկարիչը: Հայրը Ասատրյանի առաջին և ամենասիրելի բնորդն էր, նա նկարել է հոր դիմանկարը՝ կուբիստական ժանրում, այդ նկարը մեկն է ցուցասրահում ներկայացված 40 աշխատանքներից: Հոր նկարներից կա նաև մեկը՝ ռեալիստական, այն ուսանողական տարիների աշխատանք է և արվեստանոցում է:

Արվեստն ու իրականությունն, ըստ Ասատրյանի, իրարից կտրված չեն, դրա ապացույցը նաև իր աշխատանքներն են: «Անհավասար խաղ» կտավի մեջ, օրինակ, պատկերված է բարձրաստիճան մեկը, որը շախմատ է խաղում թռչունի հետ. թռչունն այստեղ մարմնավորում է ժողովրդին. անկախ նրանից՝ բարձրաստիճան անձը կարո՞ղ է տվյալ խաղը խաղալ, թե՞ ոչ, միշտ հաղթում է, որովհետև ինքը բարձրաստիճան պաշտոնյա է, դրա համար էլ նկարը կոչվում է անհավասար խաղ:

Կան ծեր կանանց դիմանկարներ, որոնք կոնկրետ կերպարների են մարմնավորում: Նկարիչն ասում է՝ «Տաթևացի տատիկը» կտավում ցանկացել է ցույց տալ մեր ժողովրդի արդի վիճակը, մեծահասակների որոշակի հույզերը. ինչ-որ մեկը Տաթևի տաճարի մոտ միրգ է վաճառում, նա բավական մեծ է արդեն, բայց չէ՞ որ ապրել է պետք: Մյուս կտավի մեջ նկարիչը պատկերել է Գեղարդի վանքի առջև կանգնած վաճառողներին:

«Դրանք մեր այսօրվա իրականությունից դուրս եկած կերպարներ են, ոչ թե հորինված: Նկարներում այսօրվա մեր մարդու հայացքը պիտի լինի, ոչ թե հորինված կամ իդեալականացված»,- ասում է նա: Ասատրյանը չի բացառում, որ այս նկարները մի օր շարք կդառնան և կներկայացվեն հանրության դատին:

Երբեմն վրձնին կամ մատիտին փոխարինում է լուսանկարչական ապարատը: Նկարիչն ասում է՝ սիրում է լուսանկարել, միշտ է սիրել, ազատ պահերին առիթը բաց չի թողնում՝ լուսանկարչական ապարատը ձեռքը վերցնելու համար: Հարցին՝ տարբե՞ր են իրականությունները՝ օբյեկտիվի առջև և կտավին, պատասխանում է. «Կամերան ամեն դեպքում ավելի օբյեկտիվ է: Հենց «օբյեկտիվ» ասվածը կոնկրետ իրականությունն է վերցնում, բայց նկարչությունը՝ չէ»։

Ասատրյանի անհատական ցուցահանդեսին ներկայացված մոտ 40 աշխատանքների մեջ նկարներ են՝ ստեղծված 90-ականներից մինչև 2017 թթ: Նկարիչն ասում է՝ հին աշխատանքներում առկա հոգեվիճակն այսօր անհասկանալի չի թվում իրեն. այդ նկարներն իր հետ միասին ապրել են տարիները:

«Ինչ փոխվել է, ինչպես է փոխվել իմ շուրջը, շրջապատս ու ինքս, այդ ամբողջ ընթացքում իրենք ինձ հետ են եղել անընդհատ, իմ աչքի առաջ, եկել, հասել են այսօրվան, այնպես որ ես չեմ զարմանում կամ նոր բան չեմ տեսնում: Ինձ շատ հարազատ են այդ շրջանի աշխատանները՝ ժամանակի առումով, նաև՝ հույզերի: Ցուրտ ու մութ տարիներն էին, հիշում եմ՝ ոնց էի նկարում արվեստանոցում, համ ցախ էի կոտրում, համ սղոցում: Ու երբ մի ժամով լույսը տալիս էին, փորձում էի հասցնել այդ մի ժամում նկարն ավարտել, ուրախանում էի այդ մի ժամով»,- նշում է նա:

Հարցին՝ իսկ կա՞ նկար, որ պատրաստ է հազար անգամ արտատպել, միայն թե չբաժանվի բնօրինակից, Ասատրյանը պատասխանում է, որ ինքն անգամ հեղինակային պատճեն չի անում: Ասում է՝ նկարներից բաժանվելը շատ դժվար է, ու նկար կա, որից ուղղակի չի բաժանվի:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները ժամանակատար են եղել, և նկարիչը դեռ չի հասցրել մտքերն ու հույզերը կտավին հանձնել, բայց խոստանում է՝ ցուցադրության ավարտից հետո աստիճանաբար հունի մեջ կընկնի, նոր մտքեր կծնվեն և կհանձնվեն նկարին:

Լրահոս
Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ) - Գանձասար Վահագն Դավթյան-«Ռեքվիեմ» «Պետք է ոչ թե թաղել գրադարանն ու թղթային գիրքը, այլ փոխել գրադարանի նկատմամբ վերաբերմունքը» Բակո Սահակյանը Մարտին Վարդազարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը «Սոսե»-ի ուշադրության կենտրոնում են մոռացված կինոթատրոնները Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ Մայր թատրոնում «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը խիզախ քայլ են համարում «Բրոդվեյի հիթերից» մինչեւ փակ աչքերով ներկայացումներ՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին գալու են Հայաստան Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ
website by Sargssyan