USD
EUR
RUB

«Քանդակն ավելի բարդ կոմպոզիցիա է, հետևաբար՝ դժվար հասկացվող, քան նկարը»

 
 

Հարցազրույց անվանի քանդակագործ Գասոյի հետ

- Ե՞րբ, որտե՞ղ եք ծնվել եւ ովքե՞ր են Ձեր ծնողները:

- Ծնվել եմ Կիրովականում, այժմյան Վանաձորում, բանվորի ընտանիքում, 1945թ.-ին:

- Ե՞րբ եւ ո՞ր տարիքում եք զգացել Ձեր նախասիրություններն արվեստի՝ մասնավորապես քանդակագործության հանդեպ:

- Դեռ դպրոցական տարիքից: Շնորհալի երեխաներ գտնելու համար Երեւանից հանձնաժողով էր ժամանել Կիրովական: Նրանք պատրաստվում էին մեզ մոտ նկարչական դպրոց բացել: Ինձ բախտ վիճակվեց ընտրվելու եւ այդ դպրոցի աշակերտը դառնալու:

- Ինչպիսի՞ կրթություն եք ստացել եւ այն առնչվո՞ւմ է, արդյոք, արվեստի հետ:

- Ավարտել եմ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետեւ՝ Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հպարտությամբ պետք է նշեմ, որ իմ ուսուցիչներն են եղել Ադիբեկ Գրիգորյանը, Արա Սարգսյանը եւ Սարգիս Բաղդասարյանը:

- Սովորաբար քանդակագործները նաեւ պետք է նկարել իմանան, մինչդեռ նկարիչները՝ միայն նկարել: Այդպե՞ս է:

- Այո՛, այդպես է: Հազվադեպ են հանդիպում նկարիչներ, որ նաեւ քանդակել գիտեն: Քանդակագործը սկզբում իր ապագա քանդակի մատիտանկարը՝ էսքիզն է անում, հետո փորձում է պատրաստել պլաստիլինե կամ կավե նմուշը, այնուհետեւ արդեն աշխատում է նույն բանն անել քարի, փայտի կամ բրոնզի հետ:

- Ինչո՞ւ ավելի ընդունված է նկարներով զարդարել բնակարանները, առանձնատները, գրասենյակները եւ այլուր, իսկ քանդակներով՝ ոչ այնքան: Մի՞թե եռաչափ արվեստի գործը, որպիսին քանդակն է, առավելություն չունի երկչափ նկարի հանդեպ: Չէ՞ որ նկարչի կողմից փորձ է արվում խորությունն ապահովել արհեստականորեն՝ լույսի, ստվերի, երբեմն գույների շնորհիվ, մինչդեռ քանդակագործների մոտ դա բնականոն է ստացվում: Բացի այդ, նկարիչները մրցակից ախոյան ունեն, հանձինս ժամանակակից, այն էլ՝ թվային լուսանկարչության, իսկ քանդակագործները, կարծում եմ, որ չունեն:

- Ցավալի է, բայց դա այդպես է: Շատ քիչ տներում ես հանդիպում քանդակագործության նմուշների, ասենք՝ արձանիկների տեսքով: Ավելի շատ ընդունված է քաղաքային հրապարակներն ու պուրակները զարդարել արձաններով ու հուշարձաններով, քան թե բնակարաններն ու տնամերձ բակերը: Երեւի ժամանակի ընթացքում մարդիկ կկրթվեն եւ ավելի գիտակից կդառնան այդ առումով:

- Չեմ կարծում: Օրինակ՝ Միքելանջելոն ապրել եւ ստեղծագործել է 15-րդ դարում եւ մոտ վեց դար անց ընդհանուր պատկերը չի փոխվել: Համաձա՞յն եք ինձ հետ:

- Այո՛, համաձայն եմ, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ քանդակն ավելի բարդ կոմպոզիցիա է, հետեւաբար՝ դժվար հասկացվող, քան նկարը, քանի որ այն մարմնավորում է ոչ թե մեկ, օրինակ՝ պատմական մի իրողություն, այլ՝ գաղափարների մի ամբողջ խումբ: Քանդակը, կարելի է ասել, հավաքական կերպար է: Հետո՝ քանդակներ են համարվում փոքրիկ արձանիկներից սկսած մինչեւ հսկայական արձանները, հուշարձաններն ու հուշահամալիրները: Չափերը կարեւոր չեն: Այսինքն՝ կան քանդակներ, որոնք հնարավոր չէ տեղադրել բնակարաններում՝ պարզապես չափերի պատճառով:

- Ինչպիսի՞ նյութերի հետ եք Դուք աշխատում՝ կավի՞, մարմարի՞, գրանիտի՞, տուֆի՞, փայտի՞ կամ էլ մեկ ուրիշի, որ ես չթվարկեցի եւ ինչո՞ւ:

- Պլաստիլինն ու կավը հիմնականում օգտագործվում է քանդակի նմուշը կամ մոդելը պատրաստելիս: Ինչ վերաբերում է մնացած թվարկված նյութերին, պետք է ասեմ, որ բոլորն էլ օգտագործվում են քանդակագործության մեջ:

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ ժամանակակից տեխնոլոգիաներ կան հիմա, օրինակ՝ 3D համակարգչայինը, որ կարող են հեշտացնել եւ բարելավել քանդակագործի աշխատանքը: Օրինակ, 3D համակարգչային տեխնոլոգիան կարելի է օգտագործել քանդակի ստեղծման՝ մոդելավորման փուլում:

- Ցավոք, ծանոթ չեմ այդ տեխնոլոգիային, բայց կուզենայի ծանոթանալ: Այն կարող է օգտակար լինել մեր գործում:

- Քանդակագործության մեջ օգտագործվո՞ւմ են, արդյոք, գունային, այսինքն՝ տարբեր գույնի նյութեր, ներկեր եւ լուսային էֆեկտներ:

- Այո՛, իհարկե: Ներկեր հազվադեպ են օգտագործվում, բայց տարբեր գույնի քարեր եւ լուսային էֆեկտներ, հատկապես գիշերները, օգտագործվում են:

- Չե՞ք կարծում, որ այդ բոլորն ավելի գունեղ եւ արտահայտիչ կդարձնեն քանդակները: Ի՞նչ կասեք Ձեր մասին:

- Անշուշտ: Այն ամենը, ինչ օգնում է քանդակագործական գաղափարի իրագործմանն, ողջունելի է կիրառել:

- Ո՞ր հայ քանդակագործների գործերն եք Դուք ամենից շատ հավանում: Հավանո՞ւմ եք, արդյոք, հայտնի քանդակագործ Արա Սարգսյանի (ով եղել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիրը, հիմնել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը, ինչպես նաեւ հայտնի է որպես «Նեմեսիս» օպերացիայի, շուն Թալեաթի սպանության ծպտյալ մասնակիցը), «Ալեքսանդր Թամանյան» արձանի հեղինակ Արտաշես Հովսեփյանի, «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի, «Կարա-Բալա» արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանի, «Առնո Բաբաջանյան» արձանի հեղինակ Դավիթ Բեջանյանի, «Գեւորգ Էմին» բրոնզե արձանի հեղինակ Աշոտ Արամյանի գործերը: Խնդրում եմ նշեք մի քանիսին, որոնք Ձեր վրա որոշակի ազդեցություն են թողել եւ որոնցից Դուք սովորել եք ավելի խորությամբ ընկալել քանդակագործությունն ընդհանրապես:

- Արա Սարգսյանի ուսանողն եմ եղել թե՛ ուսումնարանում եւ թե՛ ինստիտուտում: Սիրել եմ նրան որպես դասախոս, արվեստագետ եւ ինստիտուտի հիմնադիր: Ա. Սարգսյանը նաեւ իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել ուսումնարանում, իսկ ինստիտուտում սովորելիս կոմպոզիցիա է դասավանդել: Ինչ վերաբերում է Արտաշես Հովսեփյանին, նա Հայաստանի լավագո՛ւյն քանդակագործներից մեկն է: Ես նրան շատ եմ հավանում: Ա. Հովսեփյանի ոչ միայն Ա. Թամանյանի արձանն է շատ լավ ստացվել, այլ նաեւ մեր Ազգային օպերայի հիմնադիր, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանինը: Հավանում եմ նաեւ Ղուկաս Չուբարի գործերը, որին չհիշատակեցիք: Ո՞նց կարելի է չհավանել Ղուկաս Չուբարի Մեսրոպ Մաշտոցի արձանը, որը հսկայական մի մոնումենտալ կառույց է: Ես այն, գաղափարական տեսանկյունից, ինչ-որ տեղ համեմատում եմ Քեոփսի բուրգի հարեւանությամբ գտնվող ամենահայտնի եգիպտական մեծ սֆինքսի հետ: Ղ. Չուբարը եղել է նաեւ իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարն ինստիտուտում: Մի քանի խոսք ասեմ Ա. Բաբաջանյանի արձանի մասին: Չնայած հակասական կարծիքներին, ես այդ արձանն արտակարգ հաջողված եմ համարում: Գտնում եմ, որ լավ է, որ հակասական կարծիքներ կան: Նույնիսկ կային մարդիկ, որ մեծն Միքելանջելոյի արձանները չէին հավանում: Ես դա բնական եմ համարում: Դ. Բեջանյանին լավ եմ ճանաչում: Մենք ընկերներ ենք եւ միասին սովորել ենք թե՛ ուսումնարանում, թե՛ ինստիտուտում: Համոզված եմ, որ կգա ժամանակ եւ շատերին դուր կգա անվանի կոմպոզիտոր Ա. Բաբաջանյանի արձանը, որովհետեւ հեղինակը նոր «խոսքով» է հանդես եկել, իսկ դա մի քիչ դժվար է ընկալվում: Ընդհանրապես, ինձ վրա ամենամեծ ազդեցություն թողել են քանդակագործներ Ա. Հովսեփյանը եւ Ղ. Չուբարը, իսկ օտարներից՝ Օգյուստ Ռոդենն ու Արսիտիդ Մայոլը:

- Ի՞նչ եք կարծում, կա՞ գոնե մեկ հայ կամ օտարազգի զբոսաշրջիկ, որ հավանած չլինի տաղանդավոր քանդակագործ Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը: Անձամբ ես չեմ կարող դրան հավատալ:

- Սասունցի Դավիթի արձանի մեջ քանդակագործը մարմնավորել է ժողովրդի ներքին ուժը, տագնապը: Տարիների ընթացքում իմ հիացմունքն ավելի է աճում այդ գործի հանդեպ:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հայ քանդակագործների հայտնի քանդակների ու արձանների կողքին ներդաշնակորեն են դիտվում վերջերս Երեւանում տեղադրված Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը», «Կատուն», «Հռոմեացի զինվորը» գործերը:

- Ինձ համար հարցն է օտարոտի: Ես կուզենայի, որ ամբողջ աշխարհի քանդակներից Հայաստանում լինեն, որ ժողովուրդը տեսնի, թե ինչպե՞ս են ներկայացնում իրենց գործերն օտարները: Ես, քանի գնում, ապազգային եմ դառնում եւ չեմ ուզում միայն ազգայինը երեւա: Չէ՞ որ մենք էլ Ամերիկա ենք բերում մեր մշակույթը՝ հայկականը:

- Ուզում եմ ասել, որ օտարազգի նկարիչները նորմալ են ընկալվում շատերի կողմից, բայց քանդակագործները՝ ոչ: Համենայնդեպս, ես եմ այդպես ընկալում:

- Միգուցե մարդիկ ժամանակի ընթացքում կսովորեն դրան:

- Նկարիչները հաճախ դիմանկարների, խմբակային նկարների կամ բնապատկերների մասնավոր պատվերներ են ստանում: Արդյո՞ք քանդակագործներն էլ են համանման ձեւով մասնավոր քանդակների, խմբաքանդակների կամ կիսանդրիների պատվերներ ստանում, թե՞ միայն պետական պատվերներ:

- Լինում են եւ՛ մասնավոր, եւ՛ պետական պատվերներ:

- Ի՞նչ պարգեւներ, գովասանագրեր, պատվոգրեր, շքանշաններ կամ կոչումներ ունեք Դուք որպես քանդակագործ, եւ արդյո՞ք այդ բոլորին որեւէ նշանակություն տալիս եք եւ, եթե՝ այո՛, ապա՝ ինչպիսի՞:

- Ինձ համար դա երբեք էական չի եղել: Միգուցե դա կարող է արվեստագետների երեխաների համար կարեւոր լինի, որ հպարտանան իրենց ծնողներով, բայց իմ երեխաները հպարտանում են, որ ես մեր քաղաքում՝ Վանաձորում մի քանի քանդակներ ունեմ տեղադրված: Իրականում պարգեւներս ու շքանշաններս իմ տեղադրված քանդակներն են: Չնայած չեմ ժխտում, որ հաճելի կլինի պետության կողմից պարգեւատրվել կամ գնահատվել:

- Դուք ԱՄՆ մշտակա՞ն բնակության համար եք եկել, թե՞ շրջագայության:

- Մշտական, որովհետեւ երեխաներս, թոռներս այստեղ են: Է՛հ, որտեղ ընտանիքս, այնտեղ էլ ես:

- Մի փոքր կպատմե՞ք մեր ընթեցողներին Ձեր ապագա ստեղծագործական ծրագրերի մասին: Կարծում եմ՝ դա հետաքրքիր կլինի իմանալ:

- Մտահղացումներ ունեմ, բայց առայժմ պայմաններ չկան ստեղծագործելու համար, ինչպիսին ունեի հայրենիքում: Բացի դրանից, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, որոնք պետք է լուծեմ եւ հետո նոր մտածեմ ստեղծագործելու մասին:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ Գլենդել, Կալիֆոռնիա 6 մարտի 2018թ.

Լրահոս
Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս Վահան Տերյան․ Մենության խավար Նոր հրատարակություն Մենք չենք ուզում կատարելագործվել, գերադասում ենք շարժվել փակ շրջագծով Դերասանական խումբը նորով փոխարինելը Խորհրդային Միությունից մնացած մեթոդ է Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին Ադամ Բարրոյի ձայներիզը ներառում է նաև հայկական «Ավե Մարիա» Աբգար թագավորի հնարամտությունը
Ամենաընթերցված
website by Sargssyan