Նոր տարին անտառում

Նոր տարին անտառում

Եկավ ձմեռը։ Անտառային կենդանիներն աշխատեցին ողջ ամառը և ձմռան պաշար հավաքեցին։ Բոլորն էլ ուտելիք բավականաչափ հավաքել էին ու սառնամանիքը նրանց չէր վախեցնում։ Դրսում հրաշալի ձմեռային եղանակ էր, ձյունը պարելով իջնում էր ցած։

Մոտենում էր Նոր տարին և անտառային կենդանիներն անհամբերությամբ էին սպասում Ձմեռ Պապիկի գալուն։ Նա միշտ գեղեցիկ նվերներ էր բերում իր ընկեր կենդանիներին։ Սկյուռիկները, նապաստակները, ոզնիներն ու նույնիսկ Ծուռթաթ արջուկն անընդհատ չորս կողմն էին նայում, տեսնելու, թե չի՞ երևում Ձմեռ պապիկը։ Կենդանիներից յուրաքանչյուրն ուզում էր առաջինը տեսնել Ձմեռ Պապիկին և ամենագեղեցիկ նվերը ստանալ։ Եվ ահա, եկավ այդքան սպասված պահը։ Անտառի հյուսիսային կողմից աղմուկ լսվեց։ Դա Ձմեռ Պապն էր իր նոր սահնակով գալիս։ Նա սահնակի վրա բերում էր մեծ տոնածառ ու շատ-շատ խաղալիքներ։ Ձմեռ պապիկն ընտրեց սպիտակ ու փափուկ ձյունով ծածկված մի մեծ բացատ ու որոշեց այդտեղ կանգ առնել։

Նա դեռ չէր հասցրել սահնակը կանգնեցնել ու ցած իջնել, երբ մասրենու թփի տակից դուրս թռավ Երկարականջ նապաստակը։ Նա առաջինն էր նկատել Ձմեռ Պապիկին և ուրախությամբ սլացավ դեպի նա։ «Ու հիմա ես կստանամ ամենամեծ նվերը»,- մտածում էր նա։

Իսկ Ձմեռ Պապը, որ այդ ժամանակ սահնակից իջեցրել էր իր նվերներով լի մեծ պարկը և այն դրել եղևնու կողքին, շուրջը նայեց ու մտածեց. «Անհրաժեշտ է եղևնին զարդարել, որ իմ ընկերները ուրախ դիմավորեն Նոր Տարին»։ Նա երեք անգամ ծափ տվեց և մի ակնթարթում նվերների պարկի կողքի եղևնին բազմագույն լույսերով լուսավորվեց ու զարդարվեց գունագեղ խաղալիքներով՝ գնդերով, կոներով ու աստղերով։

Երկարականջն հիացմունքից մի պահ քարացավ։

Շնորհակալություն, Ձմեռ Պապիկ,- ուրախ բացականչեց նա։- Իսկ ի՞նչ նվեր ես ինձ բերել։

-Ի՞նչ նվեր ես դու ուզում, ընտրիր ինքդ։ Նվերները շատ են ու բոլորին կբավականացնեն։

Նապաստակն իր համար ընտրեց մի մեծ շոկոլադե գազար, կոնֆետներով ու խնձորով լի մի փաթեթ ու փայտե ավտոմեքենա։

-Իսկ այժմ կանչիր ընկերներիդ։ Ես դեռ շատ տեղեր պետք է գնամ և երեխաներին նվերներ բաժանեմ,- ասեց Ձմեռ Պապը։

Երկարականջը բարձրացավ կոճղին ու, զանգակը հնչեցնելով, սկսեց կանչել մյուս կենդանիներին։

Շուտով անտառից դուրս եկավ ոզնին։ Նա մտածում էր, որ դահուկներով շատ արագ կհասնի և զանգը լսելուն պես սահելով հասավ բացատ։ Նրա հագել էր գեղեցիկ կարմիր գլխարկ ու ձեռնոցներ։

Ոզնու աչքերն ուրախությունից փայլեցին։ Ձմեռ Պապը պարկից հանեց մի մեծ փաթեթ կոնֆետներով ու մեծ խնձորներով։ Այն կբավականացներ Ոզնու ողջ ընտանիքին։ Ոզնին շնորհակալություն հայտնեց ու նվերներով շտապեց տուն, որ իր փոքրիկ ոզնի բալիկներին ուրախացնի։

Հետո բացատ վազեցին սկյուռիկները։ Նրանք ծառերի վրա թռչկոտելով հասավ բացատ։ Ձմեռ պապիկը մի սկյուռիկին շվի նվիրեց, իսկ նրա հետ միաժամանակ հասած շլդիկին՝ թմբուկ և նրանք միասին սկսեցին նվագել ու նրանց նվագը լսվեց ողջ անտառում։

Շուտով սկյուռիկի կողքը ծառի ճյուղին նստեց երաշտահավերի երամը։ Նրանք սկսեցին ձայնակցել իրենց ընկերներին։

Իսկ մայր-սկյուռիկը Ձմեռ Պապիկից մի մեծ փաթեթ ստանալով շտապեց մեծ եղևնու փչակում գտնվող իր բույնը։ Նրա ձագուկները անհամբեր նրան էին սպասում և տեսնելով իրենց մայրիկի ձեռքի փաթեթն, ուրախ թռչկոտելով կանչեցին.

-Ուռա՜, Ձմեռ Պապիկը մեզ նվեր է բերել, ուռա՜։

-Այո, Ձմեռ Պապիկը սա ձեզ է փոխանցել և մաղթել ուրախ Նոր տարի,- պատասխանեց մայր սկյուռիկը։

Իսկ Երկարականջը, որն արդեն ստացել էր իր նվերը, ծիծաղելով անտառ վազեց։ Կոնֆետների հետ միասին նա դիմակ էր նվեր ստացել։ Նա այնքան շատ էր ոգևորվել, որ հագել էր դիմակը և թռչկոտում էր մի ոտքից մյուսը։ Նապաստակը այնքան ուրախ էր, որ նույնիսկ չնկատեց Ծուռթաթ արջուկի մոտենալը։ Արջուկը կյանքում երբեք այդպիսի բան չէր տեսել և վախից ծառը բարձրացավ։

Նապաստակը, տեսնելով բարակ ծառի ճյուղին փաթաթված արջուկին, ընկավ ձյան մեջ ու սկսեց բարձրաձայն ծիծաղել։

-Ծուռթաթ, այդ ես եմ, Երկարականջը,- ծիծաղի միջից հազիվ արտաբերեց նապաստակն ու հանեց դիմակը։

-Ա, այդ դու ես, Երկարականջ։ Ինձ լավ վախեցրիր,- հազիվ շունչը տեղը բերելով ծառից ցած սահեց արջը։

-Ես եմ, ես եմ։ Համա բոլորը կուրախանան, երբ պատմեմ, թե ոնց էիր վախեցել ինձնից։

-Ի՜, պետք չի։ Դու չգիտեմ-ինչ ես դեմքիդ դրել, մի հատ էլ ծիծաղում ես,- նեղացած ասեց Ծուռթաթը։

-Լավ, կատակում եմ,- պատասխանեց Երկարականջը,- Ի վերջո ընկերներ ենք, չէ՞։ Ես ոչ ոքի չեմ ասի, բայց իսկապես շատ ծիծաղելի էր, երբ ես քեզ տեսա ոնց թռար ծառի վրա։ Սա ինձ Ձմեռ Պապիկն է նվիրել,- հպարտ շարունակեց նա։- Իսկ դու դեռ չե՞ս եղել ձնե բացատում։ Ձմեռ Պապն այնտեղ բոլորին նվերներ է բաժանում։

-Ես էլ հենց էնտեղ էի գնում մինչև քեզ հանդիպելը,- ասեց արջուկը։ – Եկ միասին գնանք։

-Իհարկե, գնանք։ Ես արդեն տեսել եմ Ձմեռ Պապիկին։ Նա հատուկ քեզ համար նվեր է պատրաստել ու դա քեզ անպայման դուր կգա։

Եվ ընկերներն իրար հետ ուղևորվեցին դեպի ձնե բացատ։ Իսկ այնտեղ արդեն ուրախ մթնոլորտ էր տիրում։ Նապաստակների երգչախումբը բացատի կենտրոնում ամանորի երգեր էր երգում։ Նրանք գեղեցիկ վզնոցներ էին կապել իրենց վզին և իսկական երգչախմբի էին նմանվել։ Իսկ նրանց նվագարկցում էին թմբուկ, շեփոր ու կիթառ նվագող նապաստակները։ Իսկական համերգ էր ստացվել։

Ծուռթաթի համար Ձմեռ Պապը մի ամբողջ տակառ մեղր էր պատրաստել։ Արջուկը շատ էր ուրախացել։ Նա իր տակառը գրկել ու պտույտ էր գալիս պարող կենդանիների շուրջը։

Ձմեռ պապը, կենդանիներին բաժանելով նվերները, շտապեց իրեն սպասող ուրիշ գազանների ու երեխաների մոտ։ Նա բոլորին ուրախ նոր տարի մաղթեց, նստեց իր սահնակն ու սլացավ առաջ։

Իսկ կենդանիները դեռ երկար երգում, պարում ու ուրախանում էին։ Երկարականջը վազեց տուն ու բերեց իր լուսանկարչական ապարատը, որը նվեր էր ստացել Ձմեռ պապիկից անցյալ տարի, և սկսեց լուսանկարել ցանկացողներին։

Ծուռթաթը հաճյուքով ուտում էր իր մեղրը՝ անընդհատ ժամացույցին նայելով, որ հանկարծ բաց չթողնի ժամը տասնեկրուսը։

Իսկ երբ ժամացույցի զարկերը ազդարարեցին տասներկուսը, բոլորն ուրախ ծափահարեցին, թռչկոտեցին, իրար փաթաթվեցին ու միմյանց շնորհավորեցին Նոր տարվա գալստյան կապացկությամբ։

Ահա այսպիսի ուրախ տոն ունեցան անտառային կենդանիները։

Սվետլանա ԲՈՐԴՆԵՐ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում