Փարաջանով․ արվեստագետի կյանքի հայտնի ու անհայտ էջերը

Փարաջանով․ արվեստագետի կյանքի հայտնի ու անհայտ էջերը

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյանց) հայ կինոռեժիսոր է, ով ստեղծել է համաշխարհային ճանաչման արժանացած ֆիլմեր՝ «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985), «Աշուղ Ղարիբ» (1989): Ֆիլմերում ներկայացված են Կովկասի կենցաղավարությունը, կոլորիտն ու մշակույթն առհասարակ։

Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988-ին։ Երեւանում ամենաշատ այցելություններ ունեցող մշակութային կառույցներից մեկն է: 1988-ի աղետալի երկրաշարժի պատճառով շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991-ին: Ցավոք, Փարաջանովին չվիճակվեց ապրել այն տանը, որը մահից հետո դարձավ թանգարան։ Թանգարանը մեր առջեւ բացում է փարաջանովյան կյանքի հայտնի ու անհայտ էջերը, կենցաղավարությունը, մեզ անհայտ կենսագրական տվյալներն ու նրա արվեստի յուրօրինակ նմուշները։

Ներկայացված են շուրջ 1400 ցուցանմուշ եւ 700 ստեղծագործություն։ Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան եւ կիեւյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ, որոնք դեռեւս կենդանության օրոք նրա կամքով Երեւան են տեղափոխվել:

Գոյության շուրջ 20 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիեւում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում եւ այլուր։ Հատկանշական է, որ արտասահմանյան ցուցադրությունների ժամանակ ապակյա կոլաժները չեն ցուցադրվում, ինչը առիթ է ստեղծում, որպեսզի այն տեսնեն միայն թանգարանում։

Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներին են. գծանկարներ, տիկնիկներ, գլխարկներ, կինոֆիլմերի էսքիզներ: Փարաջանովը մի քանի ինքնանկարներ է ստեղծել, որոնք նույնպես ցուցադրված են։ Կոտրված ափսեները, անպետք իրերը, մկրատները, երաժշտական գործիքները, ապակիները վերածվել են յուրօրինակ կոլաժների։ Թանգարանի ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին եւ մշակույթի այլ գործիչների:

Նույնիսկ անազատության մեջ գտնվելով՝ Փարաջանովը շարունակեց ստեղծագործել։ Հեղինակի ինքնատիպ գործերի մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ, որոնք եւս ցուցադրված են թանգարանում։ Փարաջանովը բանտային տարիներին ստեղծել է «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքը: Նա կնոջը գրած նամակներից մեկում ասում էր. «Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան ինձ համար լաց կլինի»: Մեկ անգամ այցելությամբ, թերեւս, չենք կարող ամբողջապես բացահայտել Փարաջանովի արվեստն ու անձը, եւ ընդհանրապես Փարաջանով մարդուն լիովին բացահայտելը անհնար է։

ԼԻԼԻԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում