Լույս է տեսել Արմեն Պետրոսյանի 10-րդ գիրքը

Լույս է տեսել Արմեն Պետրոսյանի 10-րդ գիրքը

Մարտի 15-ին «Հայ Գիրք» գրախանութում Արմեն Պետրոսյանի «Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքի շնորհանդեսն էր: Արմեն Պետրոսյանը ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցի անվան մատենադարանի գիտաշխատող է: Նա 10 գրքի և 250 գիտական և գիտահանրամատչելի հրապարակումների հեղինակ է, որոնք տպագրվել են նաև այլ լեզուներով:

Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այսպես ներկայացրեց գրողին.

«Ես մի քիչ թեական վերաբերմունք ունեմ այն գրքերի հանդեպ, որոնք վերաբերում են հայի ծագմանը: Բայց այլ վերաբերմունք կունենայի այս գրքի նկատմամբ, եթե այն Արմեն Պետրոսյանը հեղինակած չլիներ: Ցանկացած նյութ, որի մեջ նա խորանում է, լի է բացահայտումներով և անակնկալներով: Ես այս գիրքը համարում եմ մեր վերջին տարիների նվաճումներից մեկը, իր տեսակի մեջ»:

Հեղինակն ասաց.

«Դպրոցական տարիքի միջին տարիներից սկսած այս հարցը ինձ հետաքրքրել է: Եվ այս գրքում ես փորձեցի ներկայացնել այն տեսակետերն ու մոտեցումները, որոնք նմանօրինակ այլ աշխատություններում ներկայացված չեն»:

Արմեն Պետրոսյանը պատմեց, որ գիրքը գրելիս օգտվել է առասպելաբանական, պատմական, լեզվի ծագումնաբանությանը վերաբերող աղբյուրներից:«Կարելի է օգտագործել առասպելները, բայց պետք է իմանալ, որ դա պատմություն չէ, այլ հատուկ աղբյուր է, որը պետք է ունենա իր հատուկ օգտագործումը»:

«Իմ գրքում ներկայացված հիմնական խնդիրներից մեկն այն է, թե ինչքան ժամանակ առաջ է հայկական լեռնաշխարհում ծագել հայերենը: Ես փորձել եմ ցույց տալ, որ այն հիմնականում երևում է նախաուրարտական դարաշրջանում: Եթե փորձենք տեղայնացնել հայոց լեզուն, կստացվի Հայկ նահապետի ապրելու և նրա որդու տեղափոխված Այրարատ նահանգի Արարատյան դաշտը: Եվ այդ օրվանից մինչև այսօր Արարատյան դաշտը մնում է Հայաստանի կազմում»:

Գրքի վերջում ներկայացված է հայ ցեղանվան մեկնաբանության հետ կապված գիտական վարկածները, որոնք կարելի է բաժանել երեք խմբի: Ըստ առաջին վարկածի հայերի ցեղանունը կապված է Խեթական կայսրության «խաթի» անվան հետ, ըստ երկրորդ վարկածի այն կապված է «Հայասա» անվան հետ և ըստ երրորդ վարկածի՝ «Էթիունի» երկրի անվան հետ:

«Մի անգամ Չառլի Չապլինը ասել է. «Երբ ես լսում եմ, թե ինչ է գրում պատմաբանը այն դեպքերի մասին, որոնց ես անձամբ ներկա եմ եղել, ես սարսափում եմ այն մտքից, թե ինչ կարող է գրել 1000 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին»»-իր խոսքն այսպես ավարտեց Արմեն Պետրոսյանը:

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում