Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Ասում են` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դա վերաբերում է նաև աշխատելո՞ւն:

Ամեն ինչ չափի մեջ է ոչ միայն գեղեցիկ, այլև օգտակար, իսկ չափից ավելին անգամ կարող է վնասակար լինել, և սա վերաբերում հենց նաև աշխատանքին ու աշխատելուն: Իհարկե, շատ աշխատանքը շատ արդյունք կբերի, բայց աշխատանքի մեջ կլանվելը վնասում է ընտանեկան կյանքին. մարդը նաև չի կարողանում այդ դեպքում հարկավոր ժամանակ տրամադրել ընտանիքի անդամների հետ շփվելու, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու համար: Պետք է նաև նկատի ունենալ, որ հոգնած աշխատելը կտրուկ իջեցնում է աշխատանքի արտադրողունակությունը:

Աշխատանքով կլանված լինելը բերում է ծանրաբեռնվածության ու գերլարվածության, ինչը մեծապես վնասում է նաև մարդու առողջությանը: Այս իրողությունը մեծ խնդիր դարձավ հատկապես Ճապոնիայում, որտեղ աշխատող մարդկանց հանկարծակի զանգվածային մահվան դեպքեր սկսեցին գրանցվել` հատկապես սկսած 1980-ական թվականներից:

Երևույթը կոչվեց «կարոշի», որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «մահ աշխատանքային գերծանրաբեռնվածությունից»: Այսօրինակ մահվան մեծաքանակ դեպքերը պատճառ դարձան հատուկ քննության, որի արդյունքում հաստատվեց աշխատող մարդկանց սրտի կաթվածի, ուղեղի արյան շրջանառության խանգարման ու դրա բարձր ճնշման, ինսուլտի` աշխատանքային ծանրաբեռնվածության հետևանք լինելը:

Այս նույն աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով 2000 թ. մահացավ նաև Ճապոնիայի վարչապետը, ով աշխատում էր տասներկու ժամից ոչ պակաս և իր աշխատանքային քսան ամիսների ընթացքում ունեցել էր ընդամենը երեք հանգստյան օր: Այդ իրադարձությունները նույնպես հաստատեցին, որ մարդը չի կարող ծանրաբեռնված աշխատել առանց մտավոր-բարոյական և ֆիզիկական բացասական հետևանքների:

Աստվածաշունչը խոսում է արարչագործությունից հետո Աստծո հանգստանալու մասին (Ծննդ. 2.23), տալիս է հանգստյան օրը սուրբ պահելու պատվիրանը (Ելք 20.8-11, 31.12-17, Բ Օր. 5.15): Քրիստոս առաքելության ուղարկած իր աշակերտների վերադարձին անհրաժեշտ է համարում նրանց հանգստանալը: «Առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ ու նրան պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին և ուսուցանել: Եվ Հիսուս նրանց ասաց. «Եկե՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացե՛ք». որովհետև եկող-գնացողները շատ էին. և հաց ուտելու անգամ ժամանակ չունեին» (Մարկ. 6.30-31):

Աստվածաշնչյան այս իրողությունները նաև աշխատող մարդուն ուղղված հանգստյան հորդոր են և հանգստյան իրավունքի կիրառման անհրաժեշտության մասին են վկայում:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում