Ոսկի և երկաթ

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.

– Երանի գիտենամ, դու ինչացու ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին, դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ, որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ հասկացողություն:

Երկաթը պատասխանեց ոսկուն.

– Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչու ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիք են ավելացնում, ոչ մատներին ու կռներին զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս. ոչ կուրծքների նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:

Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս:

Գիտես, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը, իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարող էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:

Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած՝ ուրիշի լավությունը չես տեսնում:

Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում