Պահքի ընթացքում ուրախության մասին

Պահքի ընթացքում ուրախության մասին

Այսօր ուզում եմ Ձեզ հետ խոսել ուրախության մասին: «Ի՞նչ ուրախության մասին,- կարող եք հարցնել Դուք,- չէ՞ որ հիմա պահքի շրջան է, որը սուգ է, տխրություն մեղքերի համար»: Բայց հոգևոր իրողության մեջ մեղքերի համար սուգը չի կարող լինել առանց հոգևոր ուրախության:

Դա այն ուրախությունը չէ, որի համար պետք է մի երկար ժամանակ անցնի, հետո նոր զգանք, այն ուրախությունը չէ, որի համար պետք է մի նշանակալի ճանապարհ անցնենք, հետո նոր այն հայտնվի մեզ: Այլ դա այն ուրախությունն է, որը ծնվում է միևնույն ժամանակ, երբ ծագում է մեղքերի համար սուգը:

Մեղքերով ծանրաբեռնված լինել նշանակում է, պատկերավոր ձևով, մեղքերով շղթայված լինել: Եվ երբ որ իրական կյանքում էլ մարդն ազատվում է շղթաներից, ապա այդ ազատվելու պահին արդեն ուրախություն է զգում: Ուրեմն, հոգևոր կյանքում մեղքերի համար սուգը անբաժան է հոգևոր ուրախությունից, ինչպես որ մեր մարմնավոր կյանքում էլ իրարից անբաժան են շունչը և արտաշունչը:

Բայց մեր եկեղեցիներում մենք տեսնում ենք հավատացյալների, որոնց դեմքներին դրոշմված է սուգը, վիշտը, տխրությունը, և նրանք այդպես են ներկայանում եկեղեցի ոչ միայն պահքի ընթացքում, այլև տարվա մնացած այլ օրերին: Այդպիսի մարդկանց նայելիս հասկանում ես, որ մենք իրապես ցեղասպանություն վերապրած, պատմության դառը փորձությունները ճաշակած ժողովուրդ ենք:

Բայց որպես քրիստոնյաներ՝ մեզանից պետք է ճառագի, մեզանով պետք է արտահայտվի ոչ թե սուգը, վիշտը, տխրությունը, այլ՝ հոգևոր ուրախությունը և մխիթարությունը: Որովհետև չէ՞ որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց՝ Երանի սգավորներին, և այդտեղ վերջակետ չդրեց, այլ շարունակեց նախադասությունը ավելացնելով՝ որովհետև նրանք պիտի մխիթարվեն (Մատթ. 5.4):

Ուրեմն, մենք էլ մեր հոգևոր կյանքում չպիտի քայլենք մինչև սգավորությունը և այդտեղ դադար տանք, այլ պետք է քայլն առաջ դնենք ու շարունակենք մինչև նախադասության մնացյալ մասը, որը հայտարարում է՝ որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

Պողոս առաքյալն ասում է. «Միշտ ուրա՛խ եղեք» (Ա Թեսաղ. 5.16): Չի ասում՝ ուրախ եղեք, երբ որ պահքը վերջանա, ուրախ եղեք, երբ որ Զատիկը գա, ուրախ եղեք, երբ որ հարսանիք լինի, այլ ասում է՝ միշտ ուրախ եղեք: Եվ այդ միշտը նշանակում է նաև պահքի շրջանը, իհարկե, խոսքը նախ և առաջ հոգևոր ուրախության մասին է:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում