«Եթե մրցանակաբաշխություն՝ ուրեմն անխուսափելի անարդարություն․․․»

«Եթե մրցանակաբաշխություն՝ ուրեմն անխուսափելի անարդարություն․․․»

Այս կարծիքին է առաջին անգամ Հայաստան ժամանած լեհ դիրիժոր, «Գեմմիի» մրցանակակիր Էնթոնի Վիթը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ավստրիական դասական երաժշտության երեկո է: Հնչելու են Մոցարտի 41-րդ («Յուպիտեր») եւ Բրուքների 3-րդ սիմֆոնիաները: Նույնիսկ մասնագետների շրջանում կարծիք է տարածված, թե մեկ երեկոյի ընթացքում «դժվարամարս» են այս երկերը: Բայց նշենք, որ ժամանակին Մոցարտը (1780-ականներ) ստեղծել է իր երեք սիմֆոնիան՝ դրամատիկական 39-րդը, քնարական 40-ը եւ էպիկական 41-րդը, որոնք մտադիր էր կատարել հենց մեկ երեկոյի ընթացքում, դրանով իսկ նախանշելով սիմֆոնիկ ժանրի զարգացման ուղիները: Մոցարտյան կատարվելիք սիմֆոնիան իր ժամանակակիցներին առիթ տվեց այդ երկը անվանելու «Յուպիտեր», այսինքն՝ արեւաշող, լուսապայծառ: Կարծում ենք՝ դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է Բրուքների 3-րդ սիմֆոնիային, երաժշտագետները հավաստիացնում են, որ սիմֆոնիստ Բրուքները ստեղծագործում էր այն տարիներին, երբ կասկածի տակ էր առնվում սիմֆոնիայի՝ իբրեւ ժանրի հեռանկարը:

Վերոնշյալ ստեղծագործությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմեկնաբանի լեհ դիրիժոր Էնթոնի Վիթը: Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը, թե հավանաբար չի ղեկավարել միայն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ժամանակին Հերբերտ ֆոն Կարայանի ասիստենտը ժպտալով ասաց, թե, մեծ հաշվով՝ այո, այդպես է եւ հիմա լրացնում է բացը: Թերթի մեկ-երկու էջերը իսկապես չեն բավարարի նշելու նվագախմբերը, որոնց հետ աշխատել է դիրիժորը:

Արվեստագետի ստեղծագործական գործունեության մասին տեղեկատուից ճշտեցինք, որ նա յոթ անգամ ներկայացվել է Գրեմմիի, սակայն երբեւէ հաղթող չի ճանաչվել: Այս առիթով Էնթոնի Վիթն ասաց, որ մեր ունեցած տեղեկատվությունն այնքան էլ լիարժեք չէ՝ ինքը մեկ անգամ արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին՝ Պենդերեցկու Fonogrammi, Գալարափողի կոնցերտ, Պարտիտ, «The Awakening of Jacob», «Anaklasis» ստեղծագործությունների մեկնաբանման համար: Հավելեց նաեւ, թե Պենդերեցկին պաշտում է հայերին: Փոքր-ինչ ուշ անկեղծացավ. «Եթե մրցանակաբաշխություն՝ ուրեմն նաեւ կողմնապահություն…»:

Զրույցի ժամանակ Էնթոնի Վիթը հավաստիացրեց, որ եղել են ժամանակներ, երբ քանիցս մեկնաբանել է հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Խաչատրյանի ստեղծագործությունները. «Այս պահին տարեթիվը չեմ կարող հիշել, բայց եղավ մի ժամանակաշրջան, երբ, օրինակ, Իսպանիայում՝ Օվիեդոյի նվագախմբի հետ ամիսներ շարունակ ձեր Խաչատրյանի ստեղծագործություններն էինք մեկնաբանում… Իհարկե, բացի այս երեւելի հեղինակից, աշխարհը ծանոթ է ձեր մյուս մեծերին նույնպես»: Հետո էլ նշեց, թե նվագախմբում ընդգրկված են եղել հայազգի եւ հայաստանցի շատ երաժիշտներ:

Առաջին անգամ Հայաստան ժամանած արվեստագետից հետաքրքրվեցինք՝ գուցե իր «աստղային» կարիերայի համար պարտական է աշխարհահռչակ Հերբերտ ֆոն Կարայանին, մեր զրուցակիցը ընդամենն ասաց. «Երիտասարդ տարիքիս երբ մասնակցում էի մրցույթների, այո, իմ անունը ասոցացվում էր մաեստրոյիս հետ… Նրա անունն իսկ բրենդ է…»:

Իսկ թե ինչ կարծիք է կազմել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին, Էնթոնի Վիթի պատասխանը հակիրճ էր. «Բոլոր օղակներում երաժիշտները բարձրակարգ են, իսկ որ ամենակարեւորն է՝ նրանք աշխատասեր են»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում