USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

 
 

Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովների ազնիվ բարերարությամբ:

Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին մեծ խանդավառությամբ ու ծափողջույններով դիմավորեցին տարբեր համայնքներից այս ուրախալի առիթով Դնեպր ժամանած հարյուրավոր հայորդիներ` գլխավորությամբ հոգևորականների և համայնքային կառույցների ներկայացուցիչների:

Եկեղեցու օծման արարողությանը հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին Դնեպրոպետրովսկի մարզպետ Վալենտին Ռեզնիչենկոն, Դնեպրոպետրովսկի մարզային Ռադայի նախագահ Գլեբ Պրիգունովը, Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը, Ուկրաինայում պապական նվիրակ արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտին, Ուկրաինայի Ուղղափառ, Հռոմեակաթոլիկ, Հունակաթոլիկ և Լյութերական եկեղեցիների ներկայացուցիչներ:

Հընթացս օծման սրբազան արարողության, սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները: Այնուհետև Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ օծվեցին խորանի` չորս ավետարանիչների անունը կրող սյուները: Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը կատարեցին եկեղեցու մնացյալ տասը սյուների օծումը:

Օծման արարողության ավարտին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բերեց Դնեպրի հայությանը` շնորհավորելով նոր աղոթատան բացման բերկրալի առիթով:

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր, ուրախությամբ են համակված ամենքիս հոգիները Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման առիթով: Փառք Երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները շարունակում են եկեղեցաշեն աստվածահաճո ձեռնարկներով բարի նպաստ բերել մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր առաքելությանը:

Նորակառույց այս աղոթատեղին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայոց մեծ Հայրապետի անունը, ով քրիստոնեության լույսով պայծառացրեց ողջ Հայաստան աշխարհն ու համայն մեր ժողովրդին՝ պարգևելով քրիստոնեական հավատքի արշալույսը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նաև եկեղեցաշինության ավանդը փոխանցեց Քրիստոսասեր մեր ժողովրդին՝ հորդորելով. «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս»:

Այսօր, սիրելիներ, դուք արձագանքեցիք Լուսավորիչ Հայրապետի կոչին և այս հոյակերտ եկեղեցին կառուցեցիք, որպեսզի առավել զորանա համայնքի ազգային-եկեղեցական կյանքը, առ Աստված հույսն ու ապավինությունը: Նվիրական աղոթավայրի շինությամբ դուք վերստին վկայեցիք, որ մեր ժողովրդի զավակները շարունակում են եկեղեցիացած մնալ և աստվածասեր ոգին արտացոլել հավատաշեն հիանալի գործերում: Եկեղեցին, ըստ առաքյալի ուսուցման, հավատացյալ ժողովուրդն է, որի գլուխն է մեր Տերը` Հիսուս Քրիստոս: Մեր հավատքը ամրանում, սնվում ու զորանում է եկեղեցիների սրբազան հարկի ներքո, որոնց լուսեղեն խորաններից ուսուցանվում է Տիրոջ վարդապետությունը, բաշխվում Սուրբ Հոգու շնորհները: Այս հոյակերտ եկեղեցին այլևս պիտի լինի հոգևոր-ազգային կենտրոնը ձեր համայնքի, որի խնկաբույր պատերից ներս հոգեպես զորանալով պիտի հաստատակամ լինեք՝ ապրելու Ավետարանական սուրբ պատգամներով, մեր հայրերի ժառանգության հանդեպ նախանձախնդրությամբ ու հայրենական ավանդներով:

Ուկրաինայում բազում են հիշատակները Մեր ժողովրդի զավակների հավատո գործերի: Այդ են վկայում այս երկրում հայոց դարավոր պատմամշակութային արժեքները, հուշարձաններն ու եկեղեցիները: Արդեն 10-րդ դարից գրավոր տեղեկություններ են պահպանվել այստեղ հայերի բեղուն գործունեության՝ հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում: Ուրախալի է, որ այսօր Դնեպրի հայ համայնքը շարունակում է պատմական գաղթօջախի դարավոր ավանդները և կարևոր նպաստ է բերում ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը, աստվածահաճո իրագործումներով բարեզարդում իր ընթացքը: Ներկա ժամանակում մեր ժողովրդի զավակները շարունակում են հարստացնել համայնքի և այս երկրի պատմությունը հավատավոր նորանոր ձեռնարկներով: Մեր մաղթանքն է, որ խաղաղությունը անվրդով լինի տարածաշրջանում, և Ուկրաինայի ժողովուրդը համերաշխության մեջ շարունակի ստեղծագործ ու արարող իր ընթացքը: Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելիներ, որ շարունակեք ապրել ու գործել հավատքով, ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ և Լուսավորչի բարեխոսության հայցով ձեր աղոթքները հնչեցնելով՝ արժանանաք երկնառաք բյուր բարիքների և օրհնության», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը ողջունեց եկեղեցու օծման արարողությանը Քրիստոնեական Եկեղեցիների սպասավորների ներկայությունը, ինչպես նաև իր գնահատանքը հայտնեց Ուկրաինայի պաշտոնատար անձանց, մարզային և քաղաքային իշխանություններին, որ բարյացակամ վերաբերմունքով զորակցություն ու աջակցություն են ցուցաբերում հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին:

Հայրապետական իր գնահատանքը բերելով Ուկարինայի հայոց թեմի հոգևոր դասին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի` Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բաշխեց թեմի առաջին առաջնորդ Նաթան արքեպիսկոպոսին, հայ համայնքի ղեկավարներին և ուկրաինահայ իր բոլոր զավակներինՆորին Սրբությունը աղոթքով հիշեց նաև նախորդ թեմակալ առաջնորդ լուսահոգի Տ․ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին, ում ջանքերով 2003 թվականին կատարվել էր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

Գարեգին Բ Վեհափառն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Երկնավոր Տերը խաղաղություն և բարօրություն շնորհի Ուկրաինայի աստվածասեր ժողովրդին: Հայրապետը մաղթեց, որ Ամենակալ Տերը նորակառույց այս եկեղեցին մշտապես անսասան պահի և լեցուն բարեպաշտ ու աղոթասեր զավակներով:

Ի գնահատություն նվիրյալ ծառայության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մարկոս եպիսկոպոսին շնորհեց պանակե։ Նորաօծ եկեղեցուն Հովվապետի կողմից ընծայվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված՝ Տիրոջ Ս․ Խաչելության պատկեր։

Վերջում Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքը հայտնեց եկեղեցու կառուցման բարերարներ տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովներին և նրանց զավակներին, ինչպես նաև աղոթավայրի կառուցման գործում իրենց ներդրումը բերած երկու տասնյակից ավելի հայորդիներին: Հայրապետական բարձր գնահատանքի արժանացան նաև եկեղեցուն կից «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի կառուցման հովանավոր տիար Ալեքսանդր Պետրովսկին և եկեղեցու բարեշինությանը մեծապես աջակցած տիար Էմիլ Հարությունյանը:

Այս կապակցությամբ Հայոց Կաթողիկոսը տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովներին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը, տիար Ալեքսանդր Պետրովսկուն՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», իսկ տիար Էմիլ Հարությունյանին` «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանները:

Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում մատուցվեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։

Այնուհետև եկեղեցու բակում Ուկրաինայի հայոց թեմի երիտասարդական միության անդամները շուրջպարով ողջունեցին Ամենայն Հայոց Հայրապետին և արարողության մասնակիցներին։ Վերջում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունը բաշխեց երիտասարդներին և ներկա հավատավոր ժողովրդին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուր եկեղեցականների հետ նաև ծանոթացավ «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի պայմաններին՝ հաջողություններ մաղթելով նրա օգտաշատ առաքելությանը։

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan