Իմ հրաշալի ինքնախաբկանք

Իմ հրաշալի ինքնախաբկանք

Ինչ հեշտ քանդեցիր ամենը,
որ ես էի սարքել դժվար:

Քեզ հետ վերցրու մի բեկորը,
ափիդ մեջ սեղմիր թալիսմանի պես.
ամեն մանուքի մեջ սիրտ եմ դրել
և իմ աղոթքը, որ քեզ հավատաց:

Այս անգամ քո անունն ուներ
ու քո տեսքով էր
էն շան տղա խոսքը,
որ ասում է`
ինքդ խաբել ես քեզ:

Որքան խեղճ է աշխարհն արարել Աստված,
որ մոռացել է քեզ դնել քո մեջ,
և որքան խեղճացա ես,
երբ փնտրեցի ու քո մեջ չգտա քեզ:

Ես չէի ապրի,
թե չհորինեի քեզ
լույս ու մաքրություն
էս անտեր աշխարհում.
ու մեռնում եմ հիմա,
երբ հասկացա,
որ հորինել եմ քեզ:

Իմ հրաշալի ինքնախաբկանք,
բոլորից չքնաղը դու էիր
իմ անունով պատվիրված դիպուկահարների մեջ,
որովհետև քո’ ձեռքը չդողաց միայն
և քո կրակոցն էր ամենաուղիղը.
մի’ որոնիր փամփուշտդ իմ մարմնից դուրս:

Քեզ չեն կորցնում երկրորդ անգամ,
երկրորդ անգամ ի’նձ չեն գտնում:

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում