Նորից երջանկության մասին

Նորից երջանկության մասին

Երջանկությունն այն է, ինչ մենք կորցնում ենք ամեն օր
և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,
երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ
անհրաժեշտ բառեր ես որոնում`
հանկարծակի հայտնված արցունքներդ մեկնաբանելու համար:
Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.
անմոռանալի թափառումներ երաժշտության նրբանցքներում,
և քրտինք, որ հեղեղել է մարմինդ ոտից մինչ գլուխ,
և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,
արև ու անապատ ու չվերջացող քայլեր…
Երջանկությունը… դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,
որովհետև երջանկությունը հենց այն է,
ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,
որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում
և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,
պիտի մոռանանք արևի տակ շուռումուռ գալով,
ցատկոտելով ջրի մեջ, հիանալով փողոցների անթերիությամբ,
աղջիկների ետևից նետելով աններելիորեն կոպիտ բառեր
և խոսելով, անվերջ խոսելով:
Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,
գուցե անձրև լինի և դու կծկվես շենքի մուտքի մոտ,
և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,
որ մոտենում եմ քեզ – թրջված ու ողբալի – կիմանաս,
որ երջանկությունն այն է, ինչ հեռվից մոտենում է քեզ
և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,
անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր մեկի պատմած
ձանձրալի ու տխուր մի իրողություն:
…Ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ կենտրոնում,
բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն դնելով
աղավնիներից ազատ տարածության վրա:
Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ
և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,
բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն գտնելու հույսով,
որտեղ կարելի է նստել մենակ ու հանգիստ,
ծխել ու մտածել դանդաղորեն մաշվող մի կյանքի մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`
հանկարծակի հայտնված արցունքներդ մեկնաբանելու համար…

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում