Մի թողեք, որ մեռնեմ անարցունք

Մի թողեք, որ մեռնեմ անարցունք

Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Դաշտերի վրա հիմա ձյուն է ու խաղաղություն,
շրջում են որսորդներն ու որոնում վերջին աղավնուն,-
չափից դուրս շատ է մշակված ձեր ձայնը, օրիորդ,
այն չի հուզի քարացած սրտերը որսորդների:
Վառվում են լույսերը շենքերի աչքերում:
Թանաքը վառվում է որոշում դառնալու ցանկությունից:
Եվ վերջին տրամվայն է անցնում արցունքն աչքերին,
և փողոցը փակում է իր սգավոր դեմքը:
Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:

Մայրիկ, ահա և հիշեցի քեզ,
ես մամռակալած եմ, ներիր ինձ դրա համար,
մնաս բարով չեմ ասում քեզ,
ինչու իզուր խոցեմ սիրտդ ծերացած:

Վերջապես փակում եմ աչքերս մենակության մեջ:
Բառ առ բառ իջնում է գիշերվա կացինը, –
և լուսինն ինչպես մահապարտի կտրված գլուխ
ընկնում է ճերմակ դաշտերի վրա…
Մի թողեք,
մի թողեք, որ մեռնեմ անարցունք:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում