Ավագ երեքշաբթի․ հիշատակություն տասը կույսերի

Ավագ երեքշաբթի․ հիշատակություն տասը կույսերի

Կույսերի մասին ավետարանական առակում (Մատթ. 1-13) հինգը կույսերը կոչվում են հիմարներ, մերժվում են Քրիստոսի կողմից և չեն կարողանում մտնել Երկնքի արքայություն: Բայց ո՞րն էր արդյոք պատճառը. չէ՞ որ բոլորն էլ կույսեր էին, բոլորն էլ մեծ ճգնությամբ պահել էին այդ մեծ առաքինությունը:

Հիմար կույսերը չկարողացան վառ պահել իրենց լապտերները: Լապտերը երեք բաներով է վառվում` լույս կամ կրակ, ձեթ և պատրույգ: Եթե սրանցից մեկը պակասի, ապա լապտերը կհանգչի: Լույսը կուսության առաքինությունն է, ձեթը` մարդասիրությունը և ողորմությունը, իսկ պատրույգը` ճշմարիտ դիտավորությունը: Հիմար կույսերը նրանք են, ովքեր առաքինություն ունենալով հանդերձ չեն աշխատում Երկնքի արքայությանն արժանանալու նպատակով աստվածային կամքի իրագործման համար և չունեն բավականաչափ ողորմության ու մարդասիրության գործեր։

Ստեփանոս Սյունեցու մեկնությամբ՝ առակում հիշվող փեսայի գալը կեսգիշերին և գալուստն ազդարարող ձայնը խորհրդանշում են Քրիստոսի Երկրորդ գալստյան մասին հրեշտակների ավետումը և ընդհանրական հարությունը: Այսպիսին է նաև Հովհան Ոսկեբերանի բացատրությունը, որտեղից էլ նա եզրակացնում է, որ ընդհանրական հարությունը լինելու է գիշերը: Ոսկեբերանն ասում է, որ յուղը վաճառողները աղքատներն են, դրա համար էլ մեզանից չպետք է վանենք աղքատներին, այլ ողորմություն անելով, փոխաբերական իմաստով նրանցից ձեթ առնելով հնարավորություն կունենանք վառ պահելու մեր ճրագները և մտնելու Երկնքի արքայություն:

Այս առակը տեղիք է տվել կաթոլիկների և բողոքականների միջև հայտնի վեճերի, թե ինչ պետք է հասկանալ ձեթի իմաստի տակ: Բողոքականները, իհարկե, հասկանում էին միայն հավատը, իսկ կաթոլիկները` բարի գործերը: Սակայն իրականում երկուսն էլ հավասարապես կարևոր են կատարելության և փրկության հասնելու համար:

Ստեփանոս Սյունեցին անդրադառնում է առակի խորհրդանշական իմաստներին և ասում է, որ տասը կույսերը մեր տասը զգայություններն են` հինգը հոգևոր և հինգը մարմնավոր, որոնք են մարմնավոր և հոգևոր տեսանելիքը, լսելիքը, հոտոտելիքը, ճաշակելիքը և շոշափելիքը: «Ով հոգու զգայություններով ծառայեցնում է մարմնական զգայությունները, ըստ խոսքի` «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ» (Սաղմ. 143. 9), այնպիսին իմաստուն է, քանի որ հինգ իմաստուն զգայարաններով առաջնորդվեց, իսկ ով միայն մարմնավոր զգայություններով է առաջնորդվում, այնպիսի մեկը հիմար է»,- ասում է Սյունեցին:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում