Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 4

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 4

Դատարկ բառերով հյուսված երգով չէ,
որ փառավորվում ես դու,
Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ
դառնա մի պատճառ քո մեծ փրկության։
Բ
Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս
նոր մատյանում, –
Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ
բոլոր վշտերի՝
Նշավակում է ուրույն պատկերով
կրքերը ամեն մարդու պատահող, –
Այս երկրում՝ ապրող ամեն հասակի
բանականների համար անխտիր,
Աշխարհում՝ ցրված բազմասփյուռ բոլոր
քրիստոնյաների,
Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին
շրջանումն են,
Եվ նրանց, որոնք արբունքի են հասել,
Նրանց, որ մոտ անկար ծերությամբ
կյանքի վախճանին,
Մեղավորների և արդարների,
Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն
ընդունող անձնադատի,
Բարիների և եղեռնագործների,
նկունների և արիների,
Ստրուկների և հպարտների,
Գերաշխարհիկների և սեպուհների,
միջակների և պայազատների,
Շինականների ու տոհմիկների,
արուների և էգերի,
Հրամայողների և հնազանդվողների,
վսեմների և նվաստների,
Վեհերի և փոքրերի, ազնվականների
և ռամիկների,
Ձիավարժների և հետևակների
քաղաքացիների և գեղջուկների,
Ահավորի սանձով բռնված գոռոզ
արքաների,
Վերնականների հետ խոսակցող
մենակյացների,
Մաքրակենցաղ և տիրանվեր զգաստների,
Երջանկակրոն և ընտրելագույն
քահանաների,
Վերակացու և բարեզգեցիկ առաջնորդների,
Նախաթոռ գահակալների, սրբանվեր
տեսուչների համար,
Որոնցից ոմանց՝ աղերս-աղաչանք և
ոմանց՝ բարի խրատներ
Հորինեցի ես աղոթքի համար՝ այս
մատենիկով,
Որ հոգուտ զորությամբ եմ ձեռնարկել,
Գրի առնելով մաղթանքներ պես-պես,
Որպեսզի խնդրանքներն այս բոլորի
սրանով ընդմիշտ
Քո մեծ գթությա՜նը ներկայացվեն։
Գ
Արա այս մատյանն ընթերցողների
սրտերը հստակ,
Բժշկիր նրանց հոգիները դու և
հանցանքները սրբիր,
Թող պարտքերը նրանց և արձակիր
կապանքները մեղքի։
Արտասունքները թող բխեն սրանով
հրահանգվողների,
Եվ թող սրանով պարգևվի նրանց
իղձ ապաշավի։
Շնորհվի թող, ո՜վ Տեր, նրանց հետ
և ինձ զղջումի կամք,
ինչպես և նրանց՝ իմ իսկ բառերով՝
շունչ բարեհամբույր․
Թող այս մատյանով և ինձ նվիրվի
պաղատանքը նրանց,
Եվ իմ խեսքերով իմ փոխարեն էլ
Խնկվեն նրանց հեծեծանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում