Ուրախ Հրայրը և սագի սայրը

Ուրախ Հրայրը և սագի սայրը

Մեր Հրայրը,
Ժիր ու սրտոտ,
Պետք է գնար
Տատիկի մոտ։
Մի գիրք էին
Տվել ընծա,
Ուզում էր, որ
Տատին ցայց տա …
Ազատ օրվա
Նախօրյակին
Մաքուր սրբեց
Շորն ու գոտին,
Եվ լույս ու մութ
Չբաժանված,
Իր մայրիկին
Կանչեց, ասաց,
– Դե, մայրիկ ջան,
Քնում եմ ես,
Ծեգը ծեգին
Իմաց կանես։
Լավ կլինի՝
Լույսով գնամ
Ու լույսով էլ
Վերադառնամ։- 
Առավոտյան՝
Ծուղրուղո՛ւ…
Հրայր, վեր կաց,
Շորդ հագիր,
Աքլորը զիլ 

Ձայնով կանչեց,
Մեր Հրայրին
Ոտքի հանեց։
– Դե, մայրիկ ջան,
Գնում եմ ես։
– Հրայր, տես, հա,
Զգույշ լինես։
– Ի՞նչ ես ասում,
Մայրիկ, գիտեմ.
Համ էլ, դե, ես
Փոքրիկ հո չե՞մ…

2
Առավոտ վաղ՝
Ծեգը ծեգին,
Մի գիրք դրած
Թևի տակին,
Մեր Հրայրը
Արագ քայլով
Անց էր կենում
Լայն դաշտերով։
Առավոտ էր
Վառ ու սիրուն,
Հովն էր խաղում
Լայն դաշտերում։
Գետն էր հոսում,
Օրոր ասում,
Եվ անտառը
Կամաց խոսում։

Երեք հնձող
Մեքենաներ
Հնձում էին
Հասուն արտեր…
Ուրախ-ուրախ,
Ժպիտ դեմքին,
Գիրքը դրած
Թևի տակին,
Քայլում էր նա
Ազատ դաշտում
Եվ ամեն ինչ
Նայում, դիտում։
Մի թփի մոտ
Կանգ առավ նա.
Որ շունչ առնի՝
Հանգստանա։
Թփի տակին
Մի լավ շնիկ,
Կլոր, ինչպես
Թելի կծիկ,
Կուչ էր եկել
Ու վնգստում
Եվ կարծես թե
Հաց էր ուզում։
Տղան շանը
Շոյեց, ասաց.
– Բա անունդ,
Սիրուն շնիկ,
Ես ի՞նչ անեմ.
Հա՛, Դիլդիլիկ,
Դիլդիլիկ ջան,
Արի, արի,
Ճամփեն մոտ Է,
Մի ալարի։

3

Կամրջի մոտ,
Ճամփի կեսին,
Պիոներներ
Հանդիպեցին.
Չորս պիոներ,
Վզկապներով,
Անցնում Էին
Այն դաշտերով։
– Բարև, բարև,
Պիոներներ,
Այդ ի՞նչ շուտ եք
Դաշտ դուրս եկել։
– Դուրս ենք եկել
Լուսաբացին,
Նայենք, հսկենք
Ոսկի բերքին։
Բա դու ո՞ւր ես
Այդպես գնում։
– Տատս ապրում է
Ա՛յ, այն գյուղում,
Տատիս տուն եմ
Հիմա գնում։
– Այդպես մենա՞կ։
Կեցցես, տղա…
Որ գնում ես,
Ճամփան գիտե՞ս։
– Գիտեմ, գիտեմ,
Չեմ մոռացել։
– Այդ քո շունը՝
Ի՛նչ լավիկն է։
– Շան անունը
Դիլդիլիկ է,

Շատ խելոք ու
Լավ շնիկ է։
Դե, ես գնամ,
Շուտ պիտ դառնամ
Հավաքույթ կա
Երեկոյան։

4
Դիլդիլիկը
Եվ Հրայրը
Շուտով հասան
Գյուղի ծայրը։
Անցան կանաչ
Բլրի տակով,
Արագահոս
Գետի կողքով,
Ցածրիկ պատից
Թռան տակը,
Մտան տատի
Կանաչ բակը։
Սագիկները,
Օրոր – շորոր,
Պատե լէին
Տատի բոլոր։
Տատիկն էլ մի
Մեծ ամանից
Սագիկներին
Կեր էր տալիս։
Հենց որ հանկարծ
Թոռին տեսավ,
Թևերը բաց
Վրա հասավ,
Գրկեց, պաչեց
Ջուխտակ թուշը, 

Ասաց.- Բալաս,
Ի՛մ անուշս,
Այդ ո՞նց եղավ
Եկար ինձ մոտ,
Անուշ բալսա,
Ժիր ու սրտոտ։
– Դարձել եմ ես
Գերազանցիկ,
Ստացել եմ
Մի սիրուն գիրք։
Գիրքն էլ այս է,
Տատի ջան, տես։
– Վո՛ւյ, ինչ լավն է,
Ապրես, ապրե՛ս,
Ես էլ ընծա
Պիտի տամ քեզ,
Ի՞նչ ես ուզում,
Ասա, բալես։
– Սագիկներից
Մեկը տուր ինձ։
– Ո՞րը կուզես։
Ո՞նց կտանես։
– Ես կտանեմ,
Իմ լավ տատի,
Դրա մասին
Մի մտածի։
– Հա, միջանցքում
Լայն ու երկար,
Ամուր հյուսած
Մի կողով կա։
Սագը դնեմ
Կողովի մեջ,
Որ դու տանես
Թեթև ու հեշտ։

Դե, գնանք տուն,
Ազիզ բալես,
Նստիր շունչ առ,
Հոգնած կլինես։
Մենակ եմ ես
Տարին բոլոր,
Մնա ինձ մոտ
Մի քանի օր։
– Ո՞նց կլինի,
Որ ես մնամ,
Հրես շուտով
Պիտի գնամ,
Հավաքույթ կա
Երեկոյան։
– Խոսքով ընկանք,
Հրայր բալես,
Ախր հիմի
Սոված կլինես։
Սիրտդ ի՞նչ Է
Ուզում բալես։
– Փլավ, տատի,
Ճուտն Էլ տակին։

5
Մեր Հրայրը,
Ձեռքին կողով,
Անց էր կենում
Տատոնց գյուղով,
Սագը չաղլիկ,
Կողովը մեծ,
Հրայրը շուտ
Հոգնեց, քրտնեց։
Հազիվ հասավ
Գյուղի ծայրին,

Ուժը հատավ,
Նստեց գետնին. Այսքան բեռը
Ինչպե՞ս տանեմ,
Պետք է մի հեշտ
Միջոց գտնեմ։
Կողովն առավ
Ու նրա տակ
Մատով բացեց
Երկու մեծ անցք։
Չաղլիկ սագին
Դրեց կողով,
Տոտերն հանեց
Այդ անցքերով։
Մեծ կողովը
Մեջքին առած՝
Սագը քայլեց
Կամաց-կամաց։
Տղան հանեց
Մեջքի գոտին
Ու սանձ արեց
Սագի վզին։
Մի մեծ ճիպոտ
Ջեռքը առած՝
Սագին ճամփով
Քշեց առաջ։
Գոչեց. Նո, նո,
Հրեղեն սագ։
Վազիր, գնա
Արագ-արագ։
Դիլդիլիկն էլ
Նրա ետքից
Արագ-արագ
Վազ էր տալիս։

Մեկ վազում էր,
Մեկ էլ նստում,
Դունչը ցցում
Ու վնգստում։
Ախր պստիկ
Շնիկ էր նա.
Այնքան ճամփա
Ինչպե՞ս գնար։
Մի երեխա
Գյուղի ծայրին
Տեսավ սագին
Ու Հրայրին,
Գոչեց. Տղերք,
Սագի սայլը…
Շուտով եկեք
Գյուղի ծայրը։
Հեռու մոտիկ
Փողոցներից
Մի նայեցեք
Ո՛նց են գալիս…
Գալիս են ու
Նայում սայլին,
Հնարագետ
Մեր Հրայրին։
Իսկ Հրայրը,
Ուռած, փքված,
Գոտի -սանձը
Չեռքին բռնած,
Մտրակում է,
Քշում իր ձին,
Էլ չի նայում
Դար ու փոսին։
-է՛յ, տղաներ,
Հեռո՛ւ, հեռո՛ւ,
Շատ ճամփա եմ
Ես գնալու։

Իմ ձին, գիտե՞ք,
Հրեղեն է,
Սայլն էլ տեսեք՝
Ուռեղեն է։
Մի խանգարեք,
Թողեք գնամ.
Շատ գործ ունեմ
Երեկոյան։
Դիլդիլիկ ջան,
Արի, արի,
Տունը մոտ է,
Մի ալարի։

6
Այսպես անցան
Դաշտի միջով
Ու գետակի
Նեղ կամրջով,
Մեկ էլ ճամփին՝
Դիլդիլիկը
Հանկարծ ցցեց
Իր դնչիկը,
Գետնին նստեց
Ու վնգստաց,
Թե՝ Հրայր ջան,
Մի քիչ կամաց,
Ախր պստիկ
Շնիկ եմ ես,
Ոտս ցավեց,
Հերիք վազես։
Հոգնել ես, հա՞,
Իմ լավ ընկեր,
Շատ ճամփա ես
Այդպես եկել,
Արի դնեմ
Սայլի միջին,

Քիչ հանգիստ առ,
Հետո իջիր։
Հանկարծ դաշտից
Մի պիոներ
Բարձր գոչեց.
– էհե՛յ, ընկեր,
Ո՞ւր ես գնում,
Հլա մի կաց,
Եկել ես որ
Շո՞ւն գողանաս։
– Լավ ճանաչիր
Դու ինձ, գիտե՞ս.
Չեմ գողացել,
Ասում եմ քեզ։
Սոված, ծարավ,
Թփի տակին
Վնգստում էր
Նա դառնագին,
Հետս տարա
Տատիկի մոտ,
Տվի տապկած
Ճուտի մի ոտ…
– Դե լավ, դե լա՛վ,
Կատակ արի,
Այս անգամին
Դու ինձ ներիր։
Այդ պուճուրիկ,
Սիրուն շունն էլ
Թող մեզանից
Լինի նվեր։
Երբ իջել էր
Մթնշաղը,
Նրանք հասան
Իրենց թաղը։

Մի երեխա՝
Գիժ Զայրմայրը
Հենց որ տեսավ
Գոչեց. Հրեն
Սագի սայլը,
Մեր Հրայրը
Առաջն արած
Սագի սայլը,
Վազեք շուտով,
Եկեք, հասեք,
Եկեք տեսեք
Ու զարմացեք։
Հեռու մոտիկ
Փողոցներից
Մի նայեցեք
Ո՛նց են գալիս:
Գալիս են ու
Նայում սայլին.
Հնարագետ
Մեր Հրայրին։
Իսկ Հրայրը,
Ուռած, փքված,
Գոտի-սանձը
Ձեռքին բռնած,
Մտրակում է
Ձի-սագիկին,
Որ շուտ հասնի
Իր մայրիկին։
– Ի՞նչ ես արել,
Հրայր բալես,
էլ մի ուրիշ
Օյին չունե՞ս…
Ասաց, վազեց,
Տղին գրկեց

Ու թշերը
Պինդ-պինդ պաչեց։
– Նայիր մայրիկ,
Այս սագիկը
Նվեր տվեց
Մեր տատիկը,
Այս պստլիկ
Սիրուն շունն էլ
Տղաներն են
Նվեր տվել,
Շան անունն էլ
Դիլդիլիկ է,
Շատ խելոք ու
Լավ շնիկ է։
– Այ, ապրես դու,
Հրայր բալես,
Միշտ էլ այդպես
Ուրախ լինես։-

Իսկ Հրայրը Հպարտացած,
Փարվեց մորը
Ու շանն ասաց.
– Դե, Դիլդիլիկ,
Իմ լավ շնիկ,
Չվնգստաս,
Լուռ կմնաս։
Մայրիկի մոտ
Հանգիստ նստիր,
Ես գնում եմ
Հավաքույթի։- 
Սրբեց շորը,
Կապեց գոտին,
Գնաց դպրոց
Հավաքույթի։

Հայրապետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում