Պատմություն Տաթևի և զատիկի մասին

Պատմություն Տաթևի և զատիկի մասին

Զատիկներից մեկի թևիկներին սև պուտիկներ չկային, և գույնը կարմիր չէր:

-Դու զատիկ չես,-ասում էին տեսնողները: -Ի՞նչ զատիկ՝ առանց պուտերի:

Ու քույր-եղբայրներն էին իրենց հեռու պահում, ասես արյունակից, հարազատ չլինեին:

Տխուր էր անցնում օրը զատիկի: Դարձյալ թևին էր տալիս, ծաղկից ծաղիկ թռչում, սակայն, ի տարբերություն մյուսների, ավելի հաճախ կուչ էր գալիս ծաղկաբաժակում: Աշխարհում Տաթև անվամբ մի աղջնակ կար, իսկը՝ զատիկ: Փամփլիկ թշիկներ ուներ՝ կարմրին տվող, որ ճերմակ մաշկի ու շեկլիկ ծամերի կողքին ավելի էին աչքի զարնում, նույնպիսի շրթունքներ, որ բացելիս կաթնագույն գառնատամներն էին ցուցանում: Հապա ժապավե՜նը, որ կապում էին քույրերը: Եվ շրջազգե՜ստը…

Հունիսյան մի արևոտ օր հայրը Տաթին դաշտ տարավ: Բզզյուն կար և բուրմունք: Գարուն ու ամառ գիրկընդխառն զուգել էին շրջակայքը: Հայրը երկարելով ձեռքը, զգուշորեն, որպեսզի մասրենին չծակի, մի ճերմակաթերթ ծաղիկ պոկեց:

-Տաթ, վերցրու,-ու բարալիկ կոթունի կողմից մեկնեց աղջկան:

Փոքրիկը հոտ քաշեց: Շարժումից կենդանին արթնացավ:

-Հայրի՛կ…

-Զատիկ է, աղջիկս, չգիտե՞ս:

-Չէ:

-Ինչպե՞ս թե… Քո գրքերում նկարը կա, ցույց եմ տվել, չե՞ս հիշում: Չալպղոճ են ասում, նաև՝ Աստծո եզնակ, Աստծո կով…

-Հիշում եմ, բայց ու՞ր են պուտիկները: Բա զատիկը կարմիր չի՞ լինում:

Կենդանին լսում էր հոր ու դստեր զրույցն ու վայրկյան վայրկյանի վրա առավել տխրում, կամենում էր թռչել վտանգից հեռու, սակայն թևիկները փայտացել, չէին բացվում:

-Ախ, հա՜,-հայրը տարուբերեց գլուխը,-Տաթ, զատիկ է, սակայն մոռացել են ներկել, երևի կարմիր գույն չեն ունեցել: Դե, որ կարմիր չի գտնվել, պուտիկները թողել են, որպեսզի հետո ներկեն:

-Վախ, զատիկս, ինչ մե՜ղք է,-երեխան հավատաց հոր խոսքին: -Արի, արի…

-Իսկ եթե մենք ներկե՞նք,-հայրը կոպերի տակից ժպտուն նայեց մանկանը: -Տուր կարմիրը:

-Վերցրու,-անմիջապես տրվելով երևակայական խաղին՝ երեխան մեկնեց մատիտը:

-Տես, ինչ հոյակապ եմ գունազարդելու,-հայրը ձեռքը երկարեց:

Աղջիկը համակ ուշադրություն էր:

-Հը՛, ստացվու՞մ է: Մնացին պուտիկները: Սա վերցրու, հիմա սևը տուր: Պուտերն ուզում՞ ես քեզ թողնեմ:

-Դու արա,-հրաժարվեց դուստրը:

-Լավ,-հայրը ջանում էր ամեն բան բնականին մոտ լինի՝ թե պուտիկների քանակը, թե ներկելու տևողությունը:

-Զգույշ,-աղջկա բիբերը լարումից լայնացել էին:

-Վերջ,-հայրն ուղղվեց,-ասում էի՝ չէ՞… Խոսի՛ր հետը:

Աղջիկը հմայված, մոռանալով անգամ հոր գոյությունը, դեմքը մոտեցրեց ծաղկին.

-Բարև:

Զատիկը կենդանության նշաններ ցույց չէր տալիս:

-Բարև, զատիկ, նեղացա՞ծ ես:

Միջատը հանկարծակիի եկավ.

-Ինձ որտեղի՞ց գիտես:

-Ես «Աբենին» ունեմ,-երեխան չէր կարողանում արտաբերել «այբբենարան» բառը,- այնտեղ քո նկարը կա:

-Հա՞,-տարակուսեց զատիկը:

Փոքրիկի տաք շունչը նրան էր առնում:

-Ըհը՛: Պուտիկներով՝ կարմիր-կարմիր…

Կենդանին, թե հնար լիներ, կշրջեր չեղած պարանոցը՝ տեսնելու. ճի՞շտ է լսածը, խաբկանք չէ՞:

-Բա ինչու՞ են ուրիշներն ասում, թե զատիկ չեմ:

-Չէ՜,-աղջիկը սովորություն ուներ առանձին բառեր երկարացնել,-դու սիրուն, պուպուշ զատիկ ես:

Կենդանին բացուխուփ արեց թևիկները, փորձեց ելնել ծաղկաթերթին:

-Ուզում ես թռչե՞լ: Ո՞ր կողմ:

Զատիկը ելավ թերթիկին, ուղղվեց:

-Արևի մո՞տ ես ուզում, հա՞: Դե, բաց թևիկներդ…

Զատիկը թափահարեց թևքերն ու մեկից թռավ:

-Բարև տար արևին, կարմիր զատի՜կ,-ետքից կանչեց աղջնակը:

-Եվ բարև բեր արևից, եզնակ Աստծո՜,-հաջորդեց հոր ձայնը:

Հունիսյան տաք, արևոտ օր էր: Բզզյուն կար ու բուրմունք:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում