Լուսավորչի կանթեղը

Լուսավորչի կանթեղը

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից,

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա˜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կհասնի
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

1902
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում