Այլևս ես օձ եմ

Այլևս ես օձ եմ

Կար ժամանակ,որ Oձը արքայության մեջ էր ապրում: Նա շատ ինքնուրույն էր ու բարի համբավ ուներ: Ապրում էր ինքն իր համար և բոլորովին օձ չէր:Նա նույնիսկ չգիտեր, թե ինչ բան է անտեղի կծել- թունավորել և սառնարյուն կենդանի լինել: Եվ Օձը սողալ էլ չգիտեր: Նրան պետք չէր որևէ մեկի ոտքի տակ ընկնելը: Օրը մթնեցնում էր ոտքի վրա`բարի գիշեր ասելով իրեն ճանաչողներին և արևածագին բարև էր ասում բոլորին`նույնիսկ անծանոթներին: Օձի կյանքը հիասքանչ էր իր արքայության նման

Կար ժամանակ,որ Oձը արքայության մեջ էր ապրում: Նա շատ ինքնուրույն էր ու բարի համբավ ուներ: Ապրում էր ինքն իր համար և բոլորովին օձ չէր: Նա նույնիսկ չգիտեր,թե ինչ բան է անտեղի կծել-թունավորել և սառնարյուն կենդանի լինել: Եվ Օձը սողալ էլ չգիտեր: Նրան պետք չէր որևէ մեկի ոտքի տակ ընկնելը: Օրը մթնեցնում էր ոտքի վրա`բարի գիշեր ասելով իրեն ճանաչողներին և արևածագին բարև էր ասում բոլորին`նույնիսկ անծանոթներին: Օձի կյանքը հիասքանչ էր իր արքայության նման: Բայց մի օր, այնպես պատահեց,որ Օձը կռվեց ոզնու հետ: Ավելի շուտ,ոզնին անփույթ գտնվելով փչացրեց Օձի արքայական կյանքը: Ոզնին Օձի փոքրիկներին չնկատելով` կծիկ դարձած գլորվել էր նրանց ոտքերի վրայով,գետնին տապալելով նրանց ` ծակծկել սուր-սուր փշերով նրանց փխրուն ու նիհարիկ մարմիններըը: Մի ամբողջ օր ու գիշեր Օձի աչքի առաջ իր փոքրիկներըը ցավից գալար-գալար արեցին: Իսկ հետո այլևս չկարողացան ոտքի կանգնել: Օձը չէր կարողանում վերևից նայել գետինը մաշող իր սերնդին:Ամեն անգամ նրանց նայելիս վրեժով էր լցվում ոզնու հանդեպ: Չչարանալ չէր կարողանում: Չէր ուզում այլևս լավը մնալ: Վրեժի ցանկությունից ու չարություն անելու մտքից կորցրել էր հանգիստը: Արքայության մեջ ապրելով այլևս աչքը չէր գալիս կյանքը: Նա մտքերով տարված այնքան էր արթուն մնացել,որ կոպերը հետ էին ծալվել և այլևս աչքերը անկոպ էին մնացել: Նա մեռնում էր հոգնածությունից` գիշեր-ցերեկ ճանապարհ փնտրելով վրեժխնդրության համար: Եվ նրա ոտքերը մաշվել էին ու արդեն իր ծանրության տակ ծալվել-թեփուկներով պատվել: Նրա հարթ ու փայլուն մարմինը գետնին քարշ գալուց նույնպես թեփուկներով էր պատվել:

-Աշխարհը չար չէր առաջ:Ինչու այսքան դաժան գտնվեց արքայությունը մեր նկատմամբ,-դառնանալով-դառնությամբ էր լցվում Օձը: Նա այլևս վախենում էր ամեն շշուկից.

-Չլինի դավեր են հյուսում իմ և իմ սերնդի համար: Չլինի որոշել են իմ փոքրիկների վերջը տալ:

Նրա աչքին թշնամի էին դարձել բոլորը`բոլորն ասես փշեր ունենային: Վախենալով ու չարանալով Օձը քիչ-քիչ թույնով լցվեց աշխարհի հանդեպ: Նա այլևս իր փոքրիկ օձերին պաշտպանելու համար ինքն էլ հավասարվեց նրանց և սողում էր նրանց նման:Հին կյանքի կարոտից նախանձում էր ոտքի վրա կանգնածներին:Նա երբեմն-երբեմն սողալով բարձրանում էր` ծառերին փաթաթված վերևից էր նայում աշխարհին: Նա աշխատում էր թաքուն մնալ ու գաղտնի ապրել: Ու այլևս իր ճամփին հայտնվողների վրա առաջինը ինքն էր հարձակվում:

-Թող ոչ մեկը չիմանա,որ ես վախից եմ հարձակվում ու դրա համար եմ հիմա թունավոր` նախանձ օձի կծած, -մտածում էր Օձը: Թող բոլորը վախենան ինձանից:

Այլևս օձ եմ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում