2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից

2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից

2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:

Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30 ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:
Փառատոնը իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան) , Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան) և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:

2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ:

Մասնակիցները ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա Լեհաստան, Իրան և այլն:

Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:

Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ:Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի մանկական և երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 12-րդ գիտաժողովը, նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10ամյակներին, որին կմասնակցեն շուրջ երեք տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի Վերածնունդ մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:

Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 5- ն Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում