Մենք

Մենք

Մեզ սովորեցրին հինը մոռանալ,
Ջնջել պապերի ավանդույթները,
Անբարոյի դեմ դռները բանալ,
Եվ տես ու անտես հայհոյել մերը:

Մեր մեջ ցանեցին բարքերն օտարի
Ու մենք ընդառաջ ելանք գրկաբաց,
Բոլոր ցավերը տվին մեզ դարի,
Որ չչորանան աչքերը մեր թաց:

Մենք սովորեցինք քրտինք թափողից
Փողը կորզելու բոլոր ձևերը,
Հարգել տգետին, վախենալ գողից,
Այլոց խորհրդով կործանել մերը:

Մենք սովորեցինք անմիտ ու անհոգ,
Դատարկ ուղեղով բուհն ավարտելը,
Ուժեղի առաջ` ներքուստ ատելով,
Ստորանալն ու շողոքորթելը:

Իրար խաբելն ենք սովորել արդեն,
Ամեն առիթով ու ամեն վայրկյան,
Ձու գողացողին ցմահ բանտարկել
Ու մարդասպանին չհանել ական:

Անկոչ դրացու թելադրանքով
Մենք ընդունեցինք, որ փյունիկ ենք մենք,
Որ փառք է անդուլ ապրել տանջանքով`
Փլատակներից հառնելով մեկ-մեկ:

Մեզ սովորեցրին չհարգել իրար,
Ծուռ աչքով նայել մեր տուն դրախտին,
Պաշտել ուժեղի բարքերն անիրավ,
Երկրպագելով` հայհոյել բախտին:

Փութով յուրացրինք անկուշտ թալանը,
Ու ողորմություն մուրալն ուրիշից,
Արհամարհելով մեր գործն ու բանը`
Երանության մեջ ընկնել վերհուշից:

Մեզ սովորեցրին չհիշել վաղը,
Ապրել կարճատես այս ակնթարթով,
Մոռանալ ի՛նչ են մուրճն ու մանգաղը,
Եվ փողոց ու բակ հեղեղել լաթով:

Մեզ ստիպեցին դառնալ անճաշակ,
Ատել ազգայինն ու դասականը,
Սիրել երգերը խորթ ու անմշակ,
Ու կուռք դարձնել անասնականը:

Եվ չոր հողի պես, սպունգի նման
Մենք կլանեցինք ինչ օտար էր մեզ,
Օտար գեները մեր գենը տարան,
Ու դարձանք նրանց հպատակը հեզ:

Մեր բարությունը լուռ անհետանում
Ու վերածվում է դաժան բարքերի,
Մենք` հասկանալով մեզ ուր են տանում,
Տեղի ենք տալիս այլոց ջանքերին:

Վաղն ու՞ր կլինենք, հայտնի չէ վաղուց,
Վաղու՞ց անհայտ է մեր ուզեցածը,
Մեր հացխմորը թողնելով անհունց,
Գնում թխում ենք ուրիշի հացը:

Ի՞նչ սովորեցրին դեռ չենք ըմբռնել,
Դեռ ենթարկվում ենք հլու հնազանդ,
Ա˜խ, մեկը լիներ, մեր ձեռքը բռներ
Ու տար Արթնացման հզոր համազարկ:

Մենք ի՞նչ ցանեցինք, որ ի՞նչ սպասենք,
Ում բարձրացնում ենք, ներքև չի նայում,
Փորձությունները չեն դառնում դասեր,
Դիպվածն է տերը այս խենթ աշխարհում:

11.05.2006
Սեյրան ՄԱԼԽԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում