Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են տիրոջ վրա

Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են տիրոջ վրա

Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա (Սաղմ. 2.13):

Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում Քեզ վրա, հավիտյան թող ցնծան, և Դու ապրես նրանց մեջ. թող պարծենան Քեզնով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարին. Տե՛ր, Քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ (Սաղմ. 5.12-13):

Տե՛ր իմ Աստված, Քեզ վրա դրեցի հույսն իմ, փրկի՛ր ինձ և իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ (Սաղմ. 7.2):

Քեզ վրա թող հույս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը Քո, քանզի Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տե՛ր (Սաղմ. 9.11):

Մինչև ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում և ամենօրյա ցավ` իմ սրտում: Մինչև ե՞րբ թշնամին պիտի բռնանա ինձ վրա: Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, լո՛ւյս տուր, Տե՛ր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ: Թշնամիս թող չասի, թե` հաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ: Ես ողորմությանդ վրա հույս դրի, Տե՛ր, սիրտս հրճվեց Քո փրկագործությամբ. կօրհներգեմ Քեզ, Տե՛ր, բարերա՛րդ իմ (Սաղմ. 12.2-6):

Պահպանի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի Քեզ վրա դրի հույսն իմ: Տիրոջն ասացի. «Իմ Տերն ես Դու, ինձ արված բարիքները Քեզնից են» (Սաղմ. 15.2):

Սիրում եմ Քեզ, Տե՛ր, զորությո՛ւն իմ. ո՛վ Տեր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ և փրկի՛չ: Աստված օգնականս է, ես հույսս դրել եմ Նրա վրա. իմ ապավենն է, փրկությանս եղջյուրը, ինձ ընդունողը: Օրհնելով կկանչեմ Տիրոջը, և իմ թշնամիներից կազատվեմ: Մահվան տառապանքը շրջապատեց ինձ, և անօրենության հեղեղն ինձ վրդովեց: Դժոխքի ցավերը պաշարեցին ինձ, և մահացու վտանգներն ինձ հասան: Նեղությանս մեջ ես Տիրոջը դիմեցի և Իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ և իմ աղոթքի ձայնն Իր սուրբ տաճարից, Նրան ուղղված աղաղակս Նրա ականջին է հասնելու (Սաղմ. 17.2-7):

Աստվա՛ծ իմ, Քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ, և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա: Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են Քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրեններն իրենց ունայնության մեջ (Սաղմ. 24.3-4):

Ուրեմն, հավատով արդարացված, խաղաղություն ունենանք Աստծու հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով էլ կարողացանք հավատով մերձենալ այն շնորհին, որի մեջ և կանք ու պարծենում ենք Աստծու փառքի հույսով: Եվ ոչ միայն այսքանը. այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը` փորձառություն, փորձառությունը` հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ (Հռ. 5.1-5):

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում