«Կինոմոսկվա»-ն՝ Եվրիմաժից աջակցություն ստացող կինոթատրոնների ցանկում

«Կինոմոսկվա»-ն՝ Եվրիմաժից աջակցություն ստացող կինոթատրոնների ցանկում

Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմը, որ նկարահանում է հայտնի կինոռեժիսոր Յուսուփ Ռազիկովը, Եվրիմաժից ֆինանսավորում չի ստացել: Ֆիլմը նկարահանում է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ մերժման հիմքերը հրապարակման հիմքերը հրապարակման ենթակա չեն, քանի որ Եվրիմաժի շրջանակներում հատուկ պայմանավորվածություն կա՝ մանրամասներ չհրապարակելու մասին. «Շատ մեծ է մրցակցությունը, այն գնալով մեծանում է, 54 նախագիծ է ներկայացված ու բոլորը մանրամասն աշխատած նախագծեր են: Մեր ներկայացրած նախագծի կարևորությունը նրանք հասկացել են, գիտեն՝ ով է Խաչատրյանը, մենք էլ արեցինք հնարավորը, բարձրաձայնեցինք՝ որքան կարևոր է մեզ համար Խաչատրյանի մասին այդ ֆիլմը, բայց մրցակցությունն այնքան մեծ է, որ 2 տասնորդական բալ չհերիքեց»։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ Հայաստանը երկու անգամ Եվրիմաժում հաջողություն է գրանցել՝ «Սպիտակ» ֆիլմը, որ ստացել է ֆինանսավորում՝ 250 000 եվրոյի չափով, և «Ֆաբրիկա» ֆիլմը` 200 000 եվրո ֆինանսական աջակցությամբ: Միրզախանյանն ասաց, որ մեծ աշխատանք կատարվեց, որպեսզի Եվրիմաժի 150-րդ աշխատանքային ժողովն անցկացվի Հայաստանում. «Այդ մեկ շաբաթը մշակութային տոն էր: Մենք, որպես կինոկենտրոն, ընդունող կողմ էինք, բարեբախտաբար լավ անցավ, հյուրերը գոհ էին»:

Սուսաննա Հարությունյանը նշեց, որ Եվրիմաժը եվրոպական ֆոնդ է, որի անդամ երկրները ներդրում ունեն այդ ֆոնդի մեջ՝ իրենց տարեկան ներդրումներով: Այստեղ եվրոպական 38 երկրներ են՝ ԵՄ անդամներ, անցյալ տարվանից միացել է նաև Կանադան: Այն գումարներից, որ ունի Եվրիմաժը և տարեկան հավաքագրում է անդամ երկրներից ու իր գործունեությունից, համատեղ ծրագրերի ֆոնդ է ստեղծվում, որ տարեկան մոտ 25 մլն եվրո է կազմում: Հանդիպումներ են լինում բոլոր անդամների ներկայությամբ, նախագծեր են ներկայացվում, որ ընդունվում են, զննվում, և շատ կարևոր է, որ Հայաստանը մրցունակ լինի այս ընթացքում:

Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստին ներկայացվեցին 54 նախագծեր, այդ թվում՝ հայ-ռուսական նախագիծը՝ «Սուսերով պար» ֆիլմը: Եվրիմաժում պարտադիր պայման է՝ ֆիլմերը պետք է լինեն համատեղ արտադրության՝ առնվազն երկու երկրի, միայն մեկ կողմ չի կարող այն ստեղծել, բացի այդ, պիտի ապահովված լինի ֆիլմի բյուջեի 70-80 տոկոսը. «Եթե դու ունես սցենարը՝ անգլերեն, ֆրանսերեն, բյուջեն ունես, քեզ ուղղակի չի բավարարում քո բյուջեի մոտ քսան տոկոսը, դու դիմում ես Եվրիմաժին՝ լրացնելու համար այդ բացը: Դա իրենց քաղաքականության հիմքն է, փաթեթը պետք է պատրաստ լինի, մրցունակ»:

Մեկ նախագծով Եվրիմաժին դիմելու միայն մեկ հնարավորություն կա, եթե բիզնես-փաթեթը մրցունակ չեղավ, երկրորդ անգամ դիմել հնարավոր չէ: Ֆինանսավորում ստանալու համար Եվրիմաժին ներկայացվող ֆիլմը պետք է ավելի քան 8,5 միավոր ստանա: Եվրիմաժի տարեկան անդամավճարն է 110 հազար եվրո: 2017 թ. «Կինոմոսկվա»-ն Եվրիմաժին է ներկայացրել իր փաթեթը՝ հնարավորություններով, Եվրիմաժն այն ընդունել է, «Կինոմոսկվա»-ն մտել է ամբողջ Եվրոպայի կինոթատրոնների ցանկի մեջ՝ այն կինոթատրոնների, որոնք աջակցություն են ստանում Եվրիմաժից: 2017 թ. թվերի հիման վրա Կինոմոսկվան ներկայացնում է փաստաթուղթ, որտեղ ցույց է տալիս՝ եվրոպական քանի ֆիլմ է ցուցադրել, որքան տոմս է վաճառել, դրանք հանդիսատեսին հասցնելու համար ինչքան գործ է արվել, և վաճառված ամեն տոմսի դիմաց 50 ցենտ վերադարձվում կամ փոխհատուցվում է:

Հարությունյանը նշեց՝ ցավալի է այն, որ մինչ այժմ չկա դիստրիբուցիոն ընկերություն, որը կաշխատի եվրոպական կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում