Թե ինչպես Բիթլիսցի մի տղա, որ դպրոցում կարգին չէր էլ սովորել, երեք անգամ խաբեց սատանային

Թե ինչպես Բիթլիսցի մի տղա, որ դպրոցում կարգին չէր էլ սովորել, երեք անգամ խաբեց սատանային

Լսելով, որ բիթլիսցիները աշխարհի ամենախելոք մարդիկ են, սատանան որոշեց գնալ այդ քաղաք, տեսնելու, թե ո՞ւմ կարող է հիմարացնել։

Դեռ տեղ չհասած, նա արդեն հոգնել էր և շատ ուրախացավ, երբ հանդիպեց մի բիթլիսցի տղայի։

– Ո՞ւր եք գնում,- հարցրեց սատանան։

– Գնում եմ Բիթլիս,- պատասխանեց տղան։

– Ես էլ եմ այնտեղ գնում, – ասաց սատանան։- Արի մնացած ճանապարհը միասին քայլենք։

– Հաճույքով,- ասաց տղան։

– Իսկ քանի՞ մղոն կլինի, մինչև հասնենք,- հարցրեց սատանան։

– Տասը մղոն,- պատասխանեց տղան։

– Իսկ… ինչքա՞ն ժամանակ է, որ քայլում եք,- ասաց սատանան։

– Մի գիշեր, երկու օր,- ասաց տղան։

Սատանան, որ հազիվ կես օրվա ճանապարհ էր անցել, արդեն շնչասպառ էր լինում։ Իսկ բիթլիսցին զարմանալիորեն առույգ էր մնացել այդքան երկար ճանապարհ անցնելուց հետո. բայց խոսքը մեր մեջ, նա ընդամենը երկու ժամ էր քայլել։

– Դուք առաջին անգա՞մ եք Բիթլիս գնում, – հարցրեց սատանան։

– Ես առաջին անգամ Բիթլիսում եղել եմ ծնվելիս, – պատասխանեց տղան։

«Այո… Այս տղան խելացի բիթլիսցի է երևում, և ես նրան անպայման պիտի հիմարացնեմ», – մտածեց սատանան։

– Բարեկամս, քանի որ մենք նույն տեղն ենք գնում, արի պայման կապենք, – բացատրեց սատանան։ – Դու երկար ճանապարհ ես անցել, ես՝ նույնպես։ Ինձ շալակիր, մինչև շունչս գա տեղն ու մի քիչ հանգստանամ։ Հետո ես քեզ շալակած կտանեմ, քո շունչը կգա տեղը և կհանգստանաս։ Եղա՞վ…

– Համաձայն եմ, – ասաց բնիկ բիթլիսցին։ – Բայց ո՞նց իմանանք ճիշտ ժամանակը, որպեսզի մեզանից մեկնումեկը մյուսի շալակին շատ չնստի։

– Է, դրանից էլ պարզ բա՞ն, – զարմացած ասաց սատանան։ – Նա, ով աոաջինն է նստում, պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ չի վերջացրել իր երգը։

– Շատ ազնիվ պայման է, – ասաց բիթլիսցին։ – Ուզո՞ւմ եք առաջինը ես ձեզ շալակեմ։

– Շնորհակալություն, – ասաց սատանան ու ելնելով տղայի շալակն սկսեց երգել։ «Առավոտ լուսո» երգը, որը պարունակում էր այբուբենի երեսունութ տառերը, որոնցից յուրաքանչյուրը մեկ տող էր կազմում։

Շատ ծորուն երգելով, որպեսզի երկար նստի բիթլիս – ցու շալակին, սատանան իրեն յոթերորդ երկնքում էր զգում, բայց երգը կես ժամից վերջացավ։ Սատանան շատ գոh էր իր պայմանից, որովհետև արդեն լավ հանգստացել էր։ Նա իջավ և այս անգամ տղան ելավ նրա շալակը։

Բիթլիսցին սկսեց երգել հայկական եկեղեցու օրհներգությունը, որ տևում էր այնքան, ինչքան օրhնաբանողն էր ուզում։ «Դայ նի, նայի նի, նայնի, նայնի, նի… Դոն նի նոն նի, նո նի նո…»։

Եվ այսպես շարունակ։ Իսկ hարկ եղած դեպքում կարելի էր մի ամբողջ հավերժություն երգել։

– Բայց… Չէի՞ք ասի, այդ ի՞նչ եք երգում, – հարցրեց քըրտնած սատանան։

– Սա պարզ ու շիտակ երգ է… Իմ ժողովրդի պես, – ասաց բիթլիսցի տղան։

– Իսկ քանի՞ տուն է։

– Մեկ միլիոն։

– Իմ կարճ խելքով, – ասաց սատանան, – ամեն երգ պիտի սկիզբ ու վերջ ունենա։ Այնպես չէ՞։

– Ինչքան ամենակարող Աստվածն ու այս աշխարհը սկիզբ ունեն և վախճան, այնպես էլ՝ այս երգը, – պատասխանեց բիթլիսցին ու շարունակեց երգել՝ «Դայ նի, նայ նի, նայ նի, նայ նիի նի նո.. Դոն նի նոն նի նո…»։

Եվ սատանան տղային բլրոտ ճանապարհներով տարավ հասցրեց մինչև Բիթլիս։ Նա մնացել էր շվարած, որ բիթլիսցի տղան այդպես ճարպկորեն խաբել էր իրեն և ուզեց վրեժն առնել նրանից։

– Լսիր, բարեկամ, – հարցրեց սատանան։- Իսկ գործիդ անունն ի՞նչ է։

– Հեչ, հողագործ եմ։

– Որ այդպես է, արի ընկերովի հող մշակենք։

– Համաձայն եմ, – ասաց տղան։

Ու երկուսով արտում սոխ ցանեցին։ Վերջապես բերքահավաքի ժամանակը եկավ։

– Հիմա դուք սոխի գլո՞ւխն եք ուզում, թե տերևուքը, – հարցրեց սատանան։

– Ինձ համար միևնույն է, – պատասխանեց բիթլիսցի տղան։

– Չեղավ…- ասաց սատանան։

– Մեկնումեկը պիտի ընտրեք։

– Որ այդպես է, ես տերևուքը կվերցնեմ,- ասաց բնիկ բիթլիսցին։

Քանի որ սատանան մի անգամ արդեն խաբվել էր, այդ պատճառով ուզում էր շատ զգույշ լինել։

– Եթե չեք նեղանա, ես կվերցնեմ տերևուքը, իսկ դուք սոխի գլուխը, – ասաց սատանան։

Եվ նա հնձեց տերևուքը, փորձեց վաճառել, բայց ո՞վ էր առնողը։ Իսկ բիթլիսցին հողից հանելով սոխի հրաշալի գլուխները, բարձր գնով վաճառեց։

Եվ այսպես, սատանան երկրորդ անգամ խաբվեց։

Նա երկրորդ անգամ էր ստորացել ու հիմա առավել, քան երբևէ, ուզեց խաբի Բիթլիսցուն։

Արի նորից ընկերովի արտ մշակենք, – ասաց տղային։

Շատ լավ, – համաձայնեց բիթլիսցին։

Հիմա ի՞նչ ցանենք, – հարցրեց սատանան։

– Եթե ուզում եք, այս տարի էլ ցորեն ցանենք, – ասաց բիթլիսցին։

Եվ ցորեն ցանեցին։ Երբ հունձքի ժամանակը եկավ, սատանան հարցրեց

– Հիմա ո՞րն եք ուզում՝ արմա՞տը, թե՝ ցողունը։

– Ոնց ասեմ… եթե կարելի է, նորից արմատները կվերցնեմ, ասաց տղան:

– Չէ… էս անգամ ինձ չեք խաբի։ Հիմա դուք ցողունը վերցրեք, իսկ ես՝ արմատները։

Եվ սատանան այս անգամ էլ խաբվեց։ Իսկ երեկոյան նա աննկատ հեռացավ քաղաքից ու մինչև հիմա ոտքը Բիթլիս չի դրել։ Երբեմն միայն ծպտված ու ապահով տեղից նայում է բնիկ թիբլիսցիներին՝ նախանձելով նրանց խելքին ու շնորհքին։

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում