Նեղ օրերից մեկը

Նեղ օրերից մեկը

Պատրիկյանը մի հայացք ձգեց իր հնացած հագուստին, նայեց կոշիկների ծռմռված ծայրերին, դուրս եկավ սենյակից, դուռը փակեց կախովի կողպեքով, բանալին գրպանը դրեց, անցավ բակի երկայնքով և բարձրացավ տանտիրոջ բնակարանի ընդարձակ պատշգամբը, որը մաքուր ու կարմրավուն, պլպլում էր հայելու պես, առավոտվա արևի պայծառ ճառագայթներով ողողված: Նրան թվում էր, թե անասունները, երբ նրանց սպանդանոց են տանում, ճիշտ նույնը պիտի լինեն զգալիս, ինչ որ զգում էր ինքն այդ րոպեին: Նա մի վտիտ երիտասարդ էր խիստ բարի աչքերով և անվստահ շարժումներով: Խոհանոցից դուրս եկող իմերել ծառային խնդրեց կամացուկ, որ տանտիրոջն իմաց տա, թե ուզում է տեսնել նրան: Ծառան, մոխրագույն բրդե չուխայի ետ ծալած երկայն ու լայն թևերը ցած թողնելով, գնաց նրա խնդրանքը կատարելու: Պատրիկյանը հետևից նայեց նրա երկարաճիտ, փափուկ անկրունկ կոշիկներին, որոնք քայլելիս ոչ մի ձայն չէին հանում: Հետո աչքը գցեց խոհանոցի բաց պատուհանից ներս, որտեղ խոհարարը, ամբողջապես սպիտակազգեստ ձյունի պես սպիտակ ու մաքուր արախչին գլխին, վարժ ձեռքերով փետրահան էր անում նոր մորթած վառիկներ և բերանով ինչ-որ պարերգ էր շվշվացնում:

Ծառան դուրս եկավ և դռան մոտից ձեռքով արավ նրան: Պատրիկյանը զգուշորեն անցավ պատշգամբով, դռան մոտ սրբեց ոտները, ծառայի առաջնորդությամբ մտավ ճաշասենյակը, այնտեղից` ընդարձակ ու խիստ բարձր դահլիճը, որը կորած էր հսկայական ծաղկամանների, աթոռների, բազկաթոռների, սեղանների, գահավորակների, բազմոցների մեջ և կանգ առավ տանտիրոջ առանձնասենյակի դռան առջև: Ծառան դուռը բաց արեց, ներս հրավիրեց նրան, իսկ ինքը հեռացավ:

Գուցե ամենամոլեռանդ աստվածապաշտը այնպիսի երկյուղածությամբ չմտներ Սուրբ խորանը, ինչպես մտավ Պատրիկյանը տանտիրոջ առանձնասենյակը: Տանտերը, որի ազգանունը փողոցի շքադռան պղնձե տախտակի վրա փորագրված էր Դավիթ Ֆոմիչ Աղամիրով, մոտ 40 – 45 տարեկան տղամարդ էր խիստ ջղուտ, կարծես բրոնզից ձուլված դեմքով, սպիտակախառն կոշտ մազերով և սրածայր կարճ մորուքով: Նա նստած էր թղթերով, թղթապանակներով, գրքերով և անթիվ մանր-մունր բաներով ծանրաբեռնված ահագին գրասեղանի առջև և գրում էր: – Ներեցեք, ես` իսկույն, – ասաց նա, մի վայրկյան նայելով այցելուին և շարունակեց գրել:

Պատրիկյանը մնաց կանգնած:

Խնդրեմ նստեք, – ասաց տանտերը, շարունակելով գրել:

Պատրիկյանը կամաց նստեց, գլխարկը ծնկների վրա բռնած, և նայեց շուրջը: Սենյակը զարդարված էր, դահլիճի պես, փարթամորեն: Կահավորանքի մեջ աչքի էր ընկնում ոչ այնքան ճաշակը, որքան փափկակեցության թուլությունը: Պատրիկյանը որ նայում էր, տեսնում էր գորգ ու թավշյա բարձիկներ: Կար և գրքերի մի շատ երկար պահարան ապակյա դռներով, որի բոլոր դարակները լիքն էին ոսկեկազմ գրքերով` զորքի պես խիստ կանոնավոր կողք -կողքի շարված: Այդ պահարանն էլ, անշուշտ, սենյակի անհրաժեշտ ճանաչված կահավորանքից և զարդարանքներից մեկն էր կազմում, այլապես Պատրիկյանը չէր կարծում, թե Դավիթ Ֆոմիչը ժամանակ ունենար այդ ստվարահատոր գրքերից որևէ մեկը ձեռքն առնելու, որովհետև չափազանց զբաղված էր իր մասնավոր և հասարակական գործերով, նա գործարանատեր էր, քաղաքային դումայի իրավասու, քաղաքային մի քանի հանձնաժողովների անդամ, բանկի վարչության անդամ, կլուբի ավագ, դպրոցի` հոգաբարձու, եկեղեցու երեցփոխ և ո՞վ գիտե ուրիշ էլ ի՞նչ:

Օգուտ քաղելով այն հանգամանքից, որ տանտերը, գլուխը կախ` շարունակում էր գրել, Պատրիկյանն ուզեց վեր կենալ պահարանի գրքերն աչքի անցնելու, բայց չհամարձակվեց տեղից շարժվել: Հայացքը դարձրեց տանտիրոջ վրա և տեսավ, որ նա գրում է ձեռքի համարձակ շարժումով և անդադար կրծում է վերին շրթունքի ձախ կողմը:

– Նուս, ի՞նչ կհրամայեք, – ասաց Դավիթ Ֆոմիչը գրությունը վերջացնելուց հետո` սև մարմարի ծանր ծծողականը թրխկացնելով գրած թղթի վրա:

– Ես…ներեցեք, – կամաց արտասանեց Պատրիկյանը իր անելիքը նախապատրաստած մարդու շփոթմունքով: – Երեկ գիշեր դուք նորից հիշեցրել էիք սենյակի վարձը… Ես եկել եմ խնդրելու, որ եթե կարելի է, մի քանի օր էլ սպասեք:

Տանտերը վերցրեց պենսնեն, արմունկներով կռթնեց գրասեղանին և նայեց նրան իր լուրջ, եռանդուն աչքերով:

– Եղբայր պատվական, – ասաց նա – ես, կարծեմ, յոթն օր է սպասում եմ, չէ՞:

Պատրիկյանը աչքերը վար թողեց: – Այո, բայց խնդրում եմ, դարձյալ մի քանի օր… եթե կարելի է:

– Բանը մի քանի օրվա մեջ չէ, – վրա բերեց Դավիթ Ֆոմիչը: Մի քանի օր, ինչո՞ւ չէ. կարելի է սպասել, և տեսնում եք, որ սպասում եմ: Բայց ցավն այն է, որ մի քանի օրից հետո, երբ դարձյալ ինքս ստիպված կլինեմ հիշեցնելու ձեր պարտքը, դուք կգաք ինձ մոտ, ինչպես հիմա եք եկել, և դարձյալ կխնդրեք այդպես, որ էլի մի քանի օր սպասեմ: Ես այդ փորձով գիտեմ և այդ բանի վերջը չեմ տեսնում: Ուստի մի անգամ առմիշտ կանոն եմ դարձրել ինձ համար, որովհետև ինքս շատ ճշտապահ մարդ եմ, որ երբ կենողներիցս որևէ մեկը կանոնավորապես և ժամանակին չի վճարում բնակարանի վարձը, առաջարկում եմ անմիջապես դատարկել բնակարանը: Ձեզ էլ ասում եմ – եթե չեք կարող վճարել, դատարկեցեք սենյակը: Ես ինքս ամեն ամիս վճարելիքներ ունեմ, և իմ պարտատերը, բանկը, չի սպասում որ ես սպասեմ անվերջ:

Դավիթ Ֆոմիչը խոսում էր վճռական տոնով և սուր-սուր նայում Պատրիկյանի խեղճ ու կրակ դեմքին:

– Ես հասկանում եմ ձեր դրությունը, – թոթովելով ասաց Պատրիկյանը, թեև ամենևին չէր հասկանում, թե ի՞նչպես կարող էր իր վճարելիք ամսական մի քանի ռուբլին

որևէ նշանակություն ունենալ այդ հարուստ մարդու համար:

– Բայց դուք խնդրում եմ, մտեք իմ դրության մեջ: Ես ուսուցիչ էի գավառում, ինչպես գիտեք, կառավարությունը փակեց մեր դպրոցները. այժմ ես անգործ եմ: Ուզում էի գնալ արտասահման ուսումս շարունակելու, դիմեցի մի քանի բարերարների, մերժում ստացա: Հետո մտա մի վաճառականի մոտ իբրև գործակատար. հույս ունեի, թե խնայողությամբ այնքան կհավաքեմ, որ կարող կլինեմ ձգտումս իրագործել, բայց հիվանդացա և խնայած բոլոր փողերս ծախսեցի: Հիմա ես ոչինչ չունեմ, օրեր են պատահում, որ քաղցած եմ մնում:

– Ի՞նչ հարկավոր է, որ այդ բաները պատմում եք ինձ, – շտապեց ընդհատել Պատրիկյանին Դավիթ Ֆոմիչը, և նրա բրոնզյա դեմքի վրա երևացին արգահատանքի և դժգոհության պարզ նշաններ: – Դուք կրթված երիտասարդ եք, և ձեր անձնասիրությունը չպետք է թույլ տա, որ ուրիշի պատմեք ձեր մասնավոր կյանքը: Ես էլ հազար ու մի ցավ ու դարդ ունեմ, նստեմ պատմե՞մ ձեզ: Լավ չէ, այդ լավ չէ: Ասում եք` մի քանի օր – համեցեք, մի քանի օր էլ կսպասեմ: Միայն ես չեմ հասկանում, թե ո՞րտեղից պիտի կարողանաք վճարել, քանի որ ասում եք` ոչինչ չունեք և անգործ եք:

Պատրիկյանը աչքերը խոնարհեց և սկսեց գլխարկը մեքենայաբար շուռումուռ տալ ծնկան վրա:

Ես… գիտե՞ք… ես… երկու գիրք ունեմ տպագրված, – ասաց նա շփոթված, կարծես ամաչելով, որ այդպիսի բան ունի արած, – երկար ժամանակ է չեմ մտել գրախանութ այսօր կմտնեմ, երևի ծախած կլինեն, որ…

– Դուք գրո՞ղ եք, – հարցրեց տանտերը, զարմացած նայելով նրա շփոթված աչքերին:

– Չի կարելի ասել գրող, բայց… գրում եմ:

– Ի՞նչ եք գրում:

Պատրիկյանը գլուխը բարձրացրեց և նայեց նրան ամոթխածության ժպիտով:

– Ո՞վ գիտե… գրում եմ, էլի…

– Դե դուք գիտեք, – ասաց տանտերը և վեր կացավ: Նրան հետևեց Պատրիկյանը, – Ձեր կողքի կենողը, այն հրեա կինը, որ դանակներ և կողպեքներ է ծախում բակի դռան մոտ, տասը տարի է կենում է, և չեմ հիշում մի ամիս, ամենայն ճշտությամբ վճարած չլինի բնակարանի և սեղանի վարձը, չնայելով, որ մեն-մենակ այնքան էլ ահագին ընտանիք է պահում: Ասելս այն է, որ…

Նա խոսքը չվերջացրեց, ըստ երևույթին հանկարծ ինչ-որ բան հիշելով, և հանկարծ սկսեց շուռումուռ տալ գրասեղան վրա թափված թղթերը:

– Ինչևիցե, ցտեսություն, – ասաց առանց այլևս ուշադրություն դարձնելու Պատրիկյանի վրա: – Մի քանի օր էլ կսպասեմ:

Պատրիկյանը դուրս եկավ: Ճաշասենյակով անցնելիս տեսավ տանտիրոջ կնոջն, – շատ, բարձր և շատ լղար մի կին անհրապույր դեմքով, որը սեղանի ծայրին դրած արծաթյա սկուտեղի մոտ կանգնած` թեյի բաժակներ էր լվանում: Մոտը կանգնած էր նրա փոքրիկ տղան և սպիտակ հացի վրա կարագ ու մեղր քսելով ագահաբար կուլ էր տալիս:

– Սենյակի վարձը բերի՞ք, – կանչեց Պատրիկյանի հետևից տանտիկինը, երբ նա սուս ու փուս դիմում էր դեպի պատշգամբի դուռը:

Պատրիկյանը կանգ առավ.

– Ոչ տիկին:

– Ինչո՞ւ:

– Պարոնին խնդրեցի, և նա համաձայնեց մի քանի օր էլ սպասել.

Մի քանի օր էլ, մի քանի օր էլ, – բավական կոպիտ կերպով վրա բերեց տանտիկինը, թեյը լցնելով տղայի համար: – Չենք իմանում, երբ պիտի վերջանա ձեր մի քանի օրը: Դուք օգուտ եք քաղում նրա բարությունից: Այդպես չի կարելի: Կամ պետք է ժամանակին վճարեք, կամ եթե չեք կարող, դատարկեք սենյակը:

– Տիկին, – ուզեց արդարանալ Պատրիկյանը, բայց տիկինը ավելի ևս կոպտությամբ կտրեց նրա խոսքը.

Լսել անգամ չեմ ուզում:

Ու զայրացած շուռ եկավ դեպի բուֆետը:

Պատրիկյանը շրթունքները սեղմեց ատամների մեջ ու դուրս գնաց:

Պատշգամբում նրա դեմ ելավ տանտիրոջ աղջիկը, որը դեմքով շատ նման էր մորը, և նրա ֆրանսուհի դաստիարակչուհին, որոնք թևանցուկ զբոսնում էին աշնանային արևի ախորժելի ջերմ ճառագայթների տակ և ջարդում էին ֆրանսերեն` կանանց հատուկ անդադրում շատախոսությամբ և խոսքերը խլելով իրար բերանից: Երկայն պատշգամբով անցնելիս աշխատում էր քայլել այնպես, որ նրանք չտեսնեն անդրավարտիքի մաշված, տեղ-տեղ պատռված տոտերը: Խոհանոցին որ մոտեցավ, լսեց մի փշշոց և թշշոց և նրա քթովը դիպավ այնքան ախորժելի մի հոտ, որ նրա անոթի փորում բոլոր աղիքները ոլոր-մոլոր եղան: Ինչպես երևում էր, վառեկներն արդեն տապակվում էին` թեյի հետ վայելելու համար:

Պատրիկյանը իջավ բակը և դեպի փողոց տանող լայն միջանցքի մեջ, բակի դռան մոտ, տեսավ հարևան գիրուկ ու կլորիկ հրեա կնոջը` նստած տաբուրետի վրա, երկայն ու նեղ սեղանի ծայրին,

որի վրա որոշ կանոնավուրությամբ շարված էին ամեն տեսակ դանակներ, մկրատներ, աքցաններ, մուրճեր, բզեր, պորտմաններ և այլ ու այլ մանրուքներ: “Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձն է տալիս ամենայն ճշտությամբ ու չի վայելում տանտերերի թուքն ու մուրը”. – մտածեց Պատրիկյանը, և հրեուհու մոտով անցնելիս բարևեց նրան: Պատրիկյանը շտապեց դուրս գնալ փողոց:

Այդ փողոցն իսկապես քաղաքի վաճառաշահ շուկաներից մեկն էր` լի աղաղակով և ժխորով: Ժամը տասին մոտ էր: Արևը նոր էր սկսել հալել գիշերը կտուրների վրա նստած եղյամը, որն այժմ ջուր դառած` կտկտալով թափվում էր երկայն ջրախողովակներով ներքև: Պատրիկյանը զգաց, որ ստվերի մեջ օդը բավական ցուրտ է ու խոնավ, և ձեռքերը անդրավարտիքի գրպանները մտցրած, աշխատում էր գնալ այն տեղերով, ուր արևը մաքուր երկնքից թափում էր իր ճառագայթները: Սակայն արևի տակ էլ նրա մարմինը սառում էր. նրան թվում էր, թե դրա պատճառը ոչ թե ձմեռնամուտ աշնանային եղանակն է և ոչ թե այն, որ ինքը տաք չի հագնված, այլ այն, որ այդ առավոտ ոչ թեյ է խմել և ոչ որևէ բան կերել: Մրսում էին առավելապես ձեռքերը, որոնց ինչքան էլ աշխատում էր խորը մտցնել գրպանների մեջ, այնուամենայնիվ երկարամյա սերթուկի կարճ թևերը բաց էին թողնում նրա դաստակները:

Պատրիկյանի առաջին գործն այն եղավ, որ մտավ գրախանութ: Հույս ուներ, թե այնքան կստանար, որ սենյակի վարձը հանելուց հետո մի բան էլ կմնար իբրև ապրուստի փող:

Սակայն գրախանութում նրան ասացին, թե վերջին ամսվա ընթացքում նրա երկու գրքույկից մեկն ամենևին չի ծախվել, իսկ մյուսից ծախվել է հինգ օրինակ միայն և, կոմիսիայի տոկոսը հանելուց հետո, նրան հանձնեցին 1ռ. 20կ.: Պատրիկյանը, հիասթափության ժպիտը դեմքին փողը գրպանն ածեց և դուրս եկավ գրախանութից` ճնշված այնպիսի մի զգացման տակ, որպիսին ունենում են անսովոր մուրացկանները` ողորմություն ստանալուց հետո: Ամոթի և նվաստացման կարմիրն երեսին մի րոպե կանգ առավ գրախանութի ցուցափեղկի առջև, որի թեթև քրտնած ապակու միջից մի հայացք ձգեց ցուցանակի վրա նկատելի տեղում հպարտորեն շարված ռուսերեն փարթամ գրքերին և ապա մի անկյունում ամոթխածությամբ իրար կողքի կպած հայերեն վտիտ գրքույկներին, որոնց մեջ տեսավ և իր երկու լղարիկ գրքույկը, հետո երեսը շուռ տվեց և հեռացավ դառն մտածմունքների մեջ խորասուզված: Մոռացել էր թեյի փափագն էլ, քաղցն էլ և, որովհետև ուրիշ տեղ չուներ գնալու և մրսում էր, քայլերն ուղղեց դեպի խմբագրատուն: Խմբագրատանը, ինչպես միշտ, այս անգամ էլ նստած էր մեն-մենակ

քարտուղարը – չորիկ-մորիկ մի երիտասարդ` պարզ ակնոցով և աջ ձեռքի ճկույթի վրա կեսվերշոկաչափ աճեցրած սրածայր եղունգով, – և արագ գրում էր երկայն ու նեղ թղթի վրա, ճկույթը խիստ որոշակի առանձնացրած հարևան մատից:

Պատրիկյանը իբրև պարապ մարդ և ձրի աշխատակից խմբագրատան ամենօրյա այցելուն էր, այնպես որ քարտուղարն ու նա, որոնք մտերիմ ընկերներ էին, այլևս չէին բարևում իրար տեսնելիս: Այս անգամ էլ Պատրիկյանը քարտուղարի սենյակը մտավ սուս ու փուս, նստեց նրա գրասեղանի ծայրին, վերցրեց տեղական ռուս թերթերից մեկը, որոնցից քարտուղարը լուրեր էր քաղում, և սկսեց աչքի անցկացնել: Տեղական լուրերից մեկը կարդալուց հետո հարցրեց.

– Ինչո՞ւ այս լուրը չես նշանակել:

Ո՞ր լուրը, – հարցրեց քարտուղարը շարունակելով գրել:

– Ինչ-որ նոր հռչակավոր երգիչ է եկել, Ժապինովը: Գաստրոլի է հրավիված օպերային թատրոնում երգելու:

– Հերն անիծեմ, – սրտանց արտասանեց քարտուղարը, առանց գլուխը բարձրացնելու թղթի վրայից: – Մե՞զ ինչ: Բոլոր թերթերին հայտարարություններ են տալիս, ձրի տոմսակներ են տալիս, իսկ մեզ շան տեղ չեն դնում: Եվ մենք պետք է վեր կենանք նրանց համար ռեկլամնե՞ր տպենք: – Տես, թե ուրիշ բան աչքիցս թռցրել եմ, ասա:

Ներս մտավ տպարանական փոքրիկ աշակերտը մրոտ երեսով ու ձեռքերով և ամառվա բարակ կապույտ բլուզով, որի մեջ սրթսրթում էր նրա վտիտ մարմինը:

Նյութ, – ասաց նա:

– Սպասիր մի քիչ, – ասաց քարտուղարը, և գրիչը նրա ձեռքին սկսեց շարժվել ավելի արագ: Գրեց վերջացրեց թուղթը և մյուս թղթերի հետ ծալեց տվեց աշակերտին: – Ահա տար, որ էլի գալու լինես, հարցրու էլի քանի կուլոն հարկավոր կլինի:

Աշակերտը դուրս գնաց, գլխարկը փողոցում ծածկելով:

– Դեհ, Պատրիկ, պարապ մի նստի, – ասաց քարտողարն ակնոցն ուղղելով և նոր գործի պատրաստվելով: – Նյութ չունենք, մի բան գրիր ձեռաց:

– Տրամադրություն չունեմ, – ասաց Պատրիկյանը մելամաղձորեն:

Ես խեղդվում եմ, այ տրամադրությունից:

Դու մեքենա ես դարձել:

– Շատ մի խոսիր, գրիր, հոգիս դուրս է գալիս մենակ: Գիշերն էլ մինչև ժամը երկուսը տպարանումն եմ անցկացրել, որովհետև սրբագրիչը հիվանդացել է: Ես վախենում եմ վաղը չէ մյուս օրը ցրիչի դեր էլ կատարեմ:

Ո՞ւր է խմբագիրը, ինչո՞ւ չի օգնում:

– Գնացել է փող ճարելու, որովհետև տպարանատերը սպառնացել է, որ եթե այսօր փող չստանա, համարը բաց չի թողնի: Գրաշարներն էլ մյուս կողմից են փող պահանջում:

Հետո փոստը, հեռագիրը, տանտերը – ո՞ր մեկն ասեմ: Էգուց-էսօր բաժանորդագրություն ենք բանալու, թերթը պետք է կանոնավոր հրապարակենք, որ բաժանորդները չխրտնեն, և հանկարծ – այսպիսի խայտառակություն… Գրիր, գրիր, խոսելու ժամանակ չէ:

– Ի՞նչ գրեմ:

– Ինչ ուզում ես: Ուզում ես` Լուսնի մասին , ուզում ես` աստղերի, միայն թե թերթը լցնենք:

Պատրիկյանը դանդաղորեն մի քանի թերթ թուղթ քաշեց առաջը, գրիչը թաթախեց թանաքամանի մեջ, կարճ ժամանակ մտածեց և գրեց վերնագիրը. “Երեք ամիս, և հինգ օրինակ միայն”, տակն էլ գիծ քաշեց: Այստեղ կանգ առավ, ճակատը շփեց և երկար մտածելուց հետո, սկսեց.

“Այս օրերիս պատահեցի մեր սկսնակ գրողներից մեկին, որի համար կրիտիկան կամ այն, ինչ որ մեզնում կրիտիկա է անվանվում, միաբերան վկայել է, որ ձիրքից զուրկ չէ: Նա գանգատվեց ինձ, թե ահագին նեղություններով հրատարակված իր մի գրքից երեք ամսվա ընթացքում վաճառվել է հինգ (հարյուր չկարծեք) հատ միայն, իսկ մյուսից` ոչ մի օրինակ: Այս տխուր իրողությունը շատ լավ ծանրաչափ կարող է լինել, ցույց տալու համար մեր հասարակության ընթերցասիրության չափը և, միևնույն ժամանակ, շատ դառն մտածմունքների առիթ է տալիս մեր գրականության ապագայի մասին: Մեր հասարակությունը…”:

Պատրիկյանը նորից կանգ առավ, մտածեց, մտածեց, հետո գրիչը վար դրեց և ասաց.

– Այստեղ ոչինչ չի կարելի գրել, մատներիս ծայրերը փետացան:

– Տո գրի է, – բղավեց քարտուղարը, որի գրիչը շարունակում էր արագ շարժվել թղթի վրա: – Վաղուց է՞ այդքան քնքշացել ես: Կարծես թե քո հավաբունը սրանից տաք լինի, անունն էլ սենյակ ես դրել: Գրիր:

Պատրիկյանը սառած ձեռքերը շփեց իրար, բերնի գոլորշիով տաքացրեց մատների ծայրերը, նորից առավ գրիչը, գիծ քաշեց “Մեր հասարակությունը” բառերի վրա և շարունակեց.

“Ճիշտ է, չի կարելի պնդել, թե մեր հասարակությունն ընթերցասեր չէ, բայց…”

Կարելի՞ է մտնել, – լսվեց մի ուժեղ բարիտոն:

Պատրիկյանը և քարտուղարը միաժամանակ բարձրացրին գլուխները և նայեցին դեպի նախասենյակի դուռը:

Այնտեղ կանգնած էր մի թիկնավետ երիտասարդ, բեղերն ու մորուքը սափրած, թանկագին մուշտակով և պլպլան ցիլինդրով:

Խնդրեմ, – մեքենայաբար արտասանեց քարտուղարը:

Այցելուն մտավ խիստ անձնավստահ քայլերով, ցիլինդրը վերցրեց և ներկայացրեց իրեն.

– Կայսերական թատրոնների երգիչ Ջափինյան: Երևի գիտեք, որ ես գաստրոլով հրավիրված եմ այստեղի արքունական թատրոնում երգելու:

– Ախ, ինչպես չէ, – արտասանեց քարտուղարը, մեքենայաբար վեր կենալով տեղից և ակամա հարգանքով սեղմելով երգչի ձեռքը: – Խնդրեմ նստեք:

Ջափինյանը նախքան նստելը ետ արեց մուշտակի կոճակները, կուրծքը բաց արեց, ասելով` “Ուֆ, շատ շոգ է”, ցիլինդրը գլխիվայր դրեց գրասեղանի վրա, կաշու թանկագին ձեռնոցը ձգեց ցիլինդրի մեջ և ապա թեք նստեց քարտուղարի մոտ բերած աթոռի վրա: Հետո տեսնելով, որ գրասեղանը ծածկված է փոշով, ցիլինդրի տակ մի լրագիր դրեց:

– Խմբագիրը այստեղ չէ՞, – հարցրեց թաշկինակով սրբելով ճակատը:

– Դժբախտաբար ոչ, – պատասխանեց քարտուղարը ստրկական – հարգական ժպիտով և ակամա ուշադրություն դարձրեց երգչի կարմիր ատլասի փողկապի վրա հուրհրատին տվող ադամանդին: Նստեց նորից և չէր իմանում ինչպես անի, որ այցելուի աչքից ծածկի իր կեղտոտ, ճմրթված մանժետները:

– Իբրև հայ երգիչ, իմ բարոյական պարտքս համարեցի այցելել ձեր խմբագրատուն, – ասաց Ջափինյանը: – Երևի գիտեք, որ ես ձայնս մշակել եմ Իտալիայում, որտեղից, սրանից վեց տարի առաջ, ինձ հրավիրեցին Օդեսա: Երկրորդ տարին երգեցի Իրկուտսկում, հետո մի-մի սեզոն երգել եմ Խարկով, Կիև, Մոսկվա, իսկ անցյալ սեզոնին երգում էի Պետերբուրգում: Այժմ ինձ հրավիրել են Թիֆլիս: Թիֆլիսը երաժշտական քաղաք է և, կարծում եմ, կգնահատի ինձ, ինչպես հարկն է: Ներեցեք, դուք ստանո՞ւմ եք մայրաքաղաքի թերթերը:

– Ինչպե՞ս չէ:

– Ուրեմն անշուշտ կարդացած կլինեք իմ մասին գրած ռեցենզիաները: Ամենքը միաբերան հիացած են: Մի քանի օտարատյաց թերթեր, միայն, աշխատում էին ինձ գլորել, որովհետև իմացել էին, որ հայ եմ, բայց չհաջողվեց: Ի՞նչ նշանակություն ունի ես հայ եմ թե ռուս, ես միայն երգիչ եմ, կարող եմ այսօր հայերեն երգել, վաղը` ռուսերեն, մյուս օրը` իտալերեն: Այդպես չէ՞:

Իհարկե:

– Ճիշտ է, աֆիշների վրա Ժապինով եմ գրվում, բայց ոչ թե նրա համար, որ ուզում եմ ինձ ցույց տալ, այլապես կգրվեի Իվանով կա Սիդորով, այլ նրա համար միայն, որ Ջափինյան ազգանունը, ինչպե՞ս գրես ռուսերեն, ռուսերենում ոչ “ջ” կա, ոչ` “փ”: Թե չէ, հայերեն միշտ Ջափինյան եմ գրվում և երբեք էլ չեմ ծածկում, որ հայ եմ: Ես ձեզ մի ուրիշ բան ասեմ, – շարունակեց շատախոս երգիչը, – Օդեսայում ինձ նոր հրավիրած ժամանակ, աֆիշի վրա փորձեցին ազգանունս գրել, Ժապինի,

բայց ես շատ քաղաքավարի կերպով հասկացրի, որ ոչ մի պայմանով թույլ չեմ տա իտալացի մկրտելու ինձ, չնայելով, որ իտալացի երգիչների անունն առհասարակ հարգի է Ռուսաստանում: Թե չէ, որ ուզենայի դավաճանել ազգիս և հավատիս, ավելի լավ կլիներ և ավելի շահավետ գրվեի Ժապինի, քան թե Ժապինով: Այնպես չէ՞:

Իհարկե, – նորից համաձայնեց քարտուղարը:

Երգիչը խոսում էր դեռ շատ երկար և բացառապես իր մասին: Նրա ձայնը հնչում էր առողջ և ինքնավստահ: “Ե՞րբ պիտի վերջացնի ու կորչի”, – մտածում էր քարտուղարը, սակայն առանց դժգոհության որևէ նշան ցույց տալու:

Ընդհակառակը, շարունակում էր լուռ լսել նրան նույն ստրկական – հարգական ժպիտը դեմքին:

– Ինչևիցե, – վերջապես վերջ տվեց իր շատախոսությանը երգիչը և վեր կացավ: – Ես ձեզ չխանգարեմ: Իմ խոնարհ հարգանքներս պարոն խմբագրին:

– Այս խոսքերի հետ երգիչը ծոցից հանեց իր այցետոմսը և դրեց քարտուղարի առջև: – Հույս ունեմ, որ նա, ինչպես և դուք, շնորհ կբերեք լսելու ինձ: Իմ առաջին դեբյուտը լինելու է ամսույս տասին: Երգելու եմ Օնեգինի պարտիան: Հետո դուրս կգամ “Կնյազ Իգոր” – ի, “Կապեց Կալաշնիկով”-ի, “Ցարսկայա նեվեստա”-ի, “Ժիզն զա ցարյա”-ի, “Ռուսլան և Լյուդմիլա”-ի, “Ռուսալկա”-ի և ուրիշ օպերաների մեջ: Ցտեսություն:

Ջափինյանն ամուր և երկար սեղմեց քարտուղարի ձեռքը, թեթևակի գլուխ տվեց մինչև այժմ գրասեղանի ծայրին կուչ եկած Պատրիկյանին, ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց նույնպիսի քայլերով, ինչպես որ մտավ, հատակը թրխկացնելով իր պլպլան կոշիկների կանացի բարձր ու բարակ կրունկներով:

Քարտուղարը մինչև դուռը ճանապարհ դրեց նրան և, երբ վերադարձավ, ձեռքերի ափերը խփեց իրար և բացականչեց ծայր աստիճան ապշած:

– Փահ… Տեսա՞ր, Պատրիկ: Գիտե՞ս ով էր: Երեկ-մեկել օրվա քելեխ ուտող տիրացուն էր, է… Նոր հիշեցի, Պատրիկ ջան, նոր:

Խմբագիրը պատմում էր, թե երեսփոխական արարողությունների մասին որ հայտարարություն էր բերում, չէր համարձակվում դռան շեմքից առաջ գալ, իսկ հիմա… իր բարոյական պարտքն է համարում այցելություն տալու խմբագրությանը: Ցիլինդրի տակ լրագիր դրեց, որ չփոշոտվի: Տեսա՞ր նրա փողկապի ադամանդը, մուշտակը: Մենք այստեղ ցրտից կաղկանձում ենք, իսկ նա քրտինքն էր սրբում… Գնացել վարժապետ և գրող ես դառել, վայ գրողը տանի քեզ, Պատրիկ ջան, գրողը… ինձ էլ քեզ հետ, – ավելացրեց քարտուղարը և գնաց նստեց իր տեղը:

– Դու ինձ այս ասա, հիմա լուրը կգրես, չէ՞, – հարցրեց Պատրիկյանը հեգնորեն ժպտալով:

Քարտուղարը պատասխանի տեղ ձեռքերը տարածեց խաչելության պես, ուսերը վեր քաշեց կոսմիկական տարակուսանքով, կարճ ժամանակ մտախոհության մեջ ընկավ, հետո հանկարծ նայեց ծոցի ժամացույցին և բացականչեց ոչ այնքան զայրացած, որքան զարմացած.

– Ինչքան էլ ժամանակ խլեց անիծածը… Իսկ տպարանում նյութ չկա: Գրիր, գրիր: Պատրիկ ջան, մինչև որ տեսնենք ինչ է դուրս գալիս այս էշի մարտիրոսությունից:

– “Մանիր, մանիր, իմ ճախարակ… ,, – արտասանեց Պատրիկյանը, առավ գրիչը և պատրաստվեց շարունակել հոդվածն անսիրտ և դառնացած, ինքն էլ չիմանալով` թե ինչի դեմ:

Իսկ այդ միջոցին քարտուղարն արդեն գրում էր իր մանր ու փութկոթ գրերով. “Մեր հայրենակից երգիչ Ջափինյանը (բեմական ազգանունը Ժապինով) գաստրոլով հրավիրված է երգելու Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում: Իտալիայում իր արվեստը կատարելագործելուց հետո, նա վերջին վեց տարվա ընթացքում երգել է Ռուսաստանի զանազան քաղաքներում, ի միջի այլոց` Մոսկվայում և Պետերբուրգում, ուր, տեղական թերթերի վկայությամբ, մեծ հաջողություն է ունեցել: Թիֆլիսում նա առաջին անգամ բեմ է ելնելու, ամսույս 10-ին Չայկովսկու “Եվգենի Օնեգին” օպերայի մեջ, Օնեգինի դերում”:

Նա ուզում էր մի քանի խոսք էլ ավելացնել, հասարակության ուշադրությունը հրավիրելով հայ տաղանդի վրա, բայց հիշելով թե անցյալում ինչ է եղել նա, վախեցավ, որ նրան ճանաչող ընթերցողները ծաղրի ենթարկեն թերթը, ուստի բավական համարեց գրածը և մի կողմ դրեց: Հետո նայեց Պատրիկյանին և տեսնելով, որ նա գրում է շատ դանդաղ և անդադար գլուխը քորելով, ասաց.

– Պատրիկյան ջան, շուտ արա, թե չէ, հրես որտեղ որ է` կգա պստիկ հոգեառս և նյութ կպահանջի:

Մտավ էքսպեդիտորը` փոստից բերած մի կույտ լրագրեր և նամակներ ձեռքին: Քարտուղարն ամենից առաջ վրա ընկավ նամակներին և սկսեց աչքի անցկացնել: Այնքան վարժվել էր, որ մի քանի տող սկզբից, մի քանի տող մեջտեղից և մի քանի տող վերջից կարդալուց հետո հասկանում էր ամբողջ նամակի բովանդակությունը և իսկույն էլ վճռում` կարելի՞ էր տպել, թե ոչ:

– Վայ, այս անիծածները կարծես խոսքը մեկ են արել, որ գրեն քահանաների, տիրացուների և հոգեբարձուների մասին, – բացականչեց նա մի քանի նամակներ աչքի անցկացնելուց հետո:

– Քահանա և տիրացու, տիրացու և հոգեբարձու, հոգեբարձու և տիրացու… Կարծես թե էլ ուրիշ բան չկա գրելու, ես ձեր…

Եվ զայրացած քարտուղարի բերանից ակամայից թռան ինտելիգենտ մարդուն անվայել մի քանի հայհոյական խոսքեր քահանաներից, տիրացուներից և հոգեբարձուներից դուրս ուրիշ նյութ չգտնող գավառական թղթակիցների հասցեին: Նա վերցրեց այդ նամակները և ուզում էր մեկեն պատռել ու ձգել գրասեղանի տակ դրած զամբյուղը, բայց հիշելով, որ տպարանում նյութ չկա, մի կողմ դրեց: Նույն կարգով շարունակեց աչքի անցկացնել մնացած նամակները և ինչպես երևում էր, այդ նամակներն էլ բանի պետք չէին, որովհետև նա իր երկայն ու չոր մատներով ջղայնորեն ոլորում ու փետրում էր ցանցառ բեղի ծայրերը: Այնուհետև, երբ նամակներն աչքի անցկացրեց պրծավ, խոնարհվեց գրասեղանի վրա և սկսեց ուղղել ամենից առաջ այն նամակները, որոնք քիչ թե շատ հասարակական նշանակություն ունեին: Անխնայորեն ջնջում էր ահագին պարբերություններ, երբեմն ամբողջ երեսները և տեղը գրում փոխում կամ ավելացնում էր այս կամ այն բառը կամ տառը, պեդանտի նախանձախնդրությամբ և համառությամբ պահպանելով լրագրի ուղղագրությունը, որի ստեղծողն ինքն էր: Մինչդեռ Պատրիկյանը, սուս ու փուս նստած գրասեղանի ծայրին, շարունակում էր գրել իր հոդվածը, այլևս ուշադրություն չդարձնելով սենյակում տիրող ցրտին:

Մի ժամից հոդվածն արդեն պատրաստ էր:

Նա գրած թերթերը դարսեց իրար վրա ըստ թվահամարների, դրեց քարտուղարի առջև և վեր կացավ:

– Ի՞նչ, դու գնո՞ւմ ես, – հարցրեց քարտուղարը, գլուխը բարձրացնելով և նայելով նրան պլպլան ակնոցի միջից:

– Հա: Ես բոլորովին սառեցի այստեղ: Գնամ տեսնեմ ինչ եմ անում:

Այսօր բան չեմ առել բերանս, թեյ էլ չեմ խմել: Տես այդ հոդվածը, – անսիրտ եմ գրել, – թե բանի նման է տպիր, թե չէ` զամբյուղը գցիր:

Ցտեսություն:

– Եվ Պատրիկյանը դիմեց դեպի դուռը, մի րոպե կանգ առավ նախասենյակում ինչ-որ անվճռականության մեջ, մեքենայաբար թափ տալով ձեռքին բռնած գլխարկը, հետո կամաց ետ դարձավ և ասաց ավելի ևս կամաց, կարծես վախենալով, որ ուրիշը կարող է լսել:

Չե՞ս կարող ինձ մի հինգ ռուբլի փոխ տալ:

– Հինգ ռուբլի՞, – բացականչեց քարտուղարը գլուխն արագորեն բարձրացնելով:

– Հա, խնդրում եմ: Սենյակիս վարձը պետք է տամ: Թե չտամ, դուրս են անում:

– Այս րոպեիս, հինգ ռուբլին ի՞նչ է որ, – ասաց քարտուղարը, շտապով հանեց իր մաշված – ջարդված պորտմանն, բաց արեց, միջի բոլոր փողը – սև ու սպիտակ դրամներ – թափեց սեղանի վրա ու սկսեց համրել, դրամները մեկմեկ քաշելով մի կողմ, – 10, 20, 35, 50, 58, 60, 62 կոպեկ: Ահա իմ ունեցած ամբողջ կապիտալը: Թե որ սրանից 5 ռուբլի դուրս գա, վերցրու տար տանտիրոջդ աչքը կոխիր: Հինգ ամիս է ռոճիկ չեմ ստացել, կհավատա՞ս, թե չէ:

Մի րոպե Պատրիկյանը լուռ նայում էր քարտուղարի աչքերին:

Բաս ինչո՞վ ես ապրում, – հարցրեց:

– Դու՞ ինչով ես ապրում, – եղավ քարտուղարի պատասխանը:

Պատրիկյանը ձեռքով հուսահատական մի շարժում արավ, գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս ուղղակի խփեց գլխին և դուրս գնաց:

Նար-Դոս
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում