Դավադրությունը

Դավադրությունը

Դավադրությունը կայանում էր հետևյալում. L փողոցի տղաները պետք է երեք ոտնաչափ խորությամբ, վեց ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ մի փոս փորեին Կազակյանի դատարկ հողամասի միջով անցնող ամենակարճ ճանապարհի հենց մեջտեղում, որն սկսվում էր M փողոցից և հասնում մինչև L և M փողոցների միջև ընկած նրբանցքը:

Նրանք փոս պետք է փորեին կեսգիշերին, երբ շրջակայքում բոլորն արդեն վաղուց քնած են լինում, այնպես որ Աբգար Փոփքորնը, ինչպես նրան կոչում էին, որն առավոտյան առաջինն էր այդ ճանապարհով գալիս, ոչինչ չնկատեր:

Նրանք փոսը պետք է ծածկեին ձողիկներով, թերթերով և հողով:

Առավոտյան ժամը հինգն անց կեսին նրանք պետք է թաքնվեին Կազակյանի տան հետևում և նայեին, թե Աբգար Փոփքորնը ինչպես է ընկնում փոսի մեջ:

L փողոցի տղաներն էին Շիմշամյան եղբայրները՝ Հուսիկը և Ջազիրեն, որոնց կոչում էին Ֆասի և Ջազ, Մելքոնյան եղբայրները՝ Արսենը և Արտաշը, Չաղ Քիշմիշը, Շագ Բարեկոմյանը, Հայկ կամ Այք Արծրունին և Ջորջ Վրեժը: Սակայն դավադրության գաղափարը պատկանում էր Ֆասի և Ջազ Շիմշամյան եղբայրներին: L փողոցի վրայի նրանց տան բակը նայում էր ուղիղ Աբգար Փոփքորնի տան բակին՝ M փողոցի վրա: Եվ ահա, նրանց ճտերից երկուսը անցել էին փողոցն ու մտել Աբգար Փոփքորնի այգին, այդպիսով գերի ընկնելով նրան, թեև Աբգար Փոփքորն այդ հերքում էր, տղաներն էլ հիմա ուզում էին նրա հետ հաշիվ մաքրել: “L” փողոցի մյուս տղաները ճտերի պատմությունը չգիտեին, նրանց պարզապես դուր էր գալիս Աբգար Փոփքորնի համար փոս փորելու միտքը, այնպես որ նրանք փորեցին այդ փոսը, ծածկեցին ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր և առավոտյան ժամը հինգն անց կեսին բոլորով հավաքվեցին Կազակյանի տան հետևում: Աբգար Փոփքորնը “M” փողոցի իր տնից դուրս է գալիս ուղիղ վեցին տասնհինգ պակաս և քաղաք գնալիս միշտ անցնում էր Կազակյանի հողամասի ամենակարճ ճանապարհով, և տղաները վստահ էին, որ մի քանի րոպեից շատ արտասավոր բան են տեսնելու:

Ժամը վեցից քսան պակաս, “M” փողոցից հայտնվեց մի պստիկ կին և կարճ ճանապարհը բռնած քայլեց դեպի ծածկված փոսը: “L” փողոցի տղաները նման բան բոլորովին չէին նախատեսել, իսկ կինն այնքան հանկարծակի հայտնվեց և այնպիսի արագությամբ էր մոտենում թակարդին, որ բոլորը պապանձվել մնացել էին:

Վերջապես Չաղ Քիշմիշն ասաց Ֆասի Շիմշամյանին.

-Կարծես քո մայրն է, Ֆասի:

-Չէ, ասաց Ֆասին, – իմ մայրը տանն է, հաց է թխում:

-Ջազ, քո մայրը չէ, – ասաց Չաղ Քիշմիշը Ֆասիի եղբորը:

-Նա է, – ասաց Ջազ Շիմշյանը, – տեսնես ինչ է անում “M” փողոցում:

-Ջազի և Ֆասիի մայրն է, – իրար ասացին “L” փողոցի տղաները:

-Ինչ է հիմա չէք զգուշացնելու, – ասաց Հայկ Արծրունին:

-Ոնց զգուշացնեմ, – ասաց Ֆասին, – նա ինձ կսպանի:

-Պետք է կանգնեցնենք նրան, ասաց Վրեժը:

– Ձեզնից մեկնումեկը պետք է նրան կանգնեցնի: Հո չեք թողնելու ձեր մայրը փոսն ընկնի:

-Հիմա արդեն շատ ուշ է, – ասաց Ֆասի Շիմշամյանը:

“L” փողոցի տղաները շունչները պահած նայում էին, թե ինչպես տիկին Շոքի Շիմշամյանը պիտի ընկնի փոսի մեջ, ոչ իրենք փորել էին Աբգար Փոփքորնի համար:

Կնոջը մնացել էր ընդամենը երկու-երեք քայլ անել:

Նրանք տեսան, ինչպես նրա ձախ ոտքը դիպավ իրենց սարքած կեղծ ծածկին, որից հետո կինն ամբողջ մարմնով թեքվեց առաջ ու ընկավ փոսը:

Նրանք մի բարձր ճիչ լսեցին:

Ծուղակն իրոք որ հիանալի էր սարքված ու թաքցրած, ու լավ էլ գործեց:

Կնոջ անհետանալուց հետո “L” փողոցի տղաները շրջվեցին ու փախան:

Նրանք վազեցին, Սան Բենիտո փողոցով ուղիղ դեպի Հարավ-խաղաղօվկիանոսյան երկաթուղագիծը, այնտեղից էլ դեպի Չինական թաղամաս, և միայն Չոնգ Ջանի խանութի մոտ վերջապես կանգ առան, որ մտածեն ու քննարկեն կատարվածը:

-Պայմանավորվեցին, որ իրենց կազմակերպության անդամներից և ոչ մեկը չպետք է խոստովանի, թե որտեղից է հայտնվել այդ փոսը և դրանով էլ գործը համարեցին վերջացած:

-Տիկին Շիմշամյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել, բայց այնուամենայնիվ, մի շաբաթ պառկեց:

-Բայց փոսը այդպես էլ մի քանի տարի մնաց Կազակյանի հողամասում և վերջապես լցվել պարոն Կազակյանի տան աղբով:

-Ամեն առավոտ, վեցից տասնհինգ պակաս, քաղաք գնալիս, Աբգար Փոփքորնը նայում էր այդ փոսին:

Այն հաճելի փոփոխություն էր մտցրել նրա ճանապարհի ձանձրալի միօրինակության մեջ:

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում