Չռչռ քար

Չռչռ քար

Իջել էինք սայլից, թողնելով որ հևիհև գար նա միանալու մեզ: Մագլցել էինք վերջին քարաժայռը և այժմ նրա մյուս կողմն անցած` նստել էինք անմոռուկների մի շքեղ մարգի վրա և դիտում հեռանկարը, որ փռվում էր մեր ոտքերի տակ:

Ամառնամուտի այդ սքանչելի պահուն, գիշերային առատ ցողի տակ ճղփացող անտառը բացվում էր ներքևում, ազատվելով հետզհետե ցրվող մշուշից:

Սեպաձև, հսկա ապառաժներով անտառոտ լեռները, մազերը գլխների վրա դիզացած վիթխարիների նման գագաթնին ամպերի մեջ, կողերն ի վար հոսանուտ ժայռեր թավագլոր, այս-այն կողմ անհատակ խորխորատներ, մթին անդունդներ ու կանաչ հագած ծործորներ հաջորդում էին իրար:

Մշուշն իջել էր մինչև հովիտների խորքը և այժմ դանդաղ, արևը ծագելու հետ, իր ընդարձակ ծավալով ոլորվում էր ծայրերից, բրդի խոշոր քուլայի նման օրորվում էր ծառերի ծայրերին և վարանելով կարծեք` մաքրում էր բռնած տարածությունը, սահելով լեռներն ի վեր:

Լուռ և անշարժ մնացել էինք: Ոչ իսկ կարողանում էինք հաղորդել իրար մեր սքանչացումը:

Ահա ուրեմն, թե որպիսի բնության մեջ էինք գնում ապրելու. – այդ ներքևի շքեղ հովիտներում, անտառոտ բլուրների կողերին…

Ու բացվում էր հորիզոնը մեր աչքի առաջ` մանիշակագույն և փոշելից:

Հեռուներն սկսում էին շեշտվել, շրջակա գյուղերը, գալարուն կապույտ` օձերի պես դեպի վեր սողոսկող ծխի անորս սյունակները, երևան էին գալիս բլուրների ստորոտներում: Բայց դեռ խորին, անշշուկ լռություն էր թագավորողը: Կարծես ոչինչ դեռ չէր զարթնել, ոչ մի թռչուն, ոչ մի բույս: Անլսելի էին նույնիսկ հեղեղատների և ջրվեժների կարկաչները…

Եվ հեռու, շատ հեռու, սպիտակ շերտով շարժվում էին հոտերը, սևին էին տալիս նախիրներ, թացությունն էլ այդ ամենը շեշտում էր` տալով հողին, ժայռին թարմ, գորշ գույն, լվացած լինելով թփի և բույսի փոշին…

Մի քանի ժամ ևս ու պիտի գնայինք այդ կանաչ, երանավետ վայրերում հանգչելու, թողած քաղաքի սեղմ օդը, ժխորն ու աղմուկը:

Մինչ այդ, մեր սայլը, բազմաչարչար այդ փայտե արկղը, ցնցվելով, ճռճռալով, ամեն քայլին փշուր-փշուր լինելու սպառնալիքով` գալիս հասնում էր մեզ…

– Քիչ տեղ է, – հաջողեց ասել մեզ ընկերս, որ տեղացի մի երիտասարդ էր և քաղաքում բնակվող, – երբ այդ Չռչռ-քարն անցնենք, այնուհետև հարթ է:

Չռչռ-քար կոչվածը մի ժայռոտ և անտառապատ լեռ էր, որ ցցվում էր կնճռոտ ձորակի ծայրին: Տեսնում էինք նրա կրծքի վրա ապառաժները ճեղքած և դեպի անդունդը խոնարհված կաղնիների տակ մթին, խոշոր քարայրներ, դեպի որոնց հասնելը մեզ թվում էր ուղղակի անհնարին:

Երբ քիչ ավելի հարթ տեղ էինք հասել, հարցրի նրանց մասին: – Այնտեղ մեղվի փեթակներ էին պահում գյուղացիք, երևի առաջ փարախներ են եղել և կամ, ո՞վ գիտե, ինչ:

Սակայն այդ այրերը նշանավոր են նրանով, որ այդտեղ են սպանված եղել Հասար գյուղացի չորս հայտնի եղբայրները… Անշուշտ, լսած պիտի լինեիք նրանց մասին:

Ոչ, – ասացի ես, – ի՞նչ եղբայրներ են դրանք:

Ընկերս գլխովը համբերության հրավիրեց, մինչև որ մեր աղիքները հանգիստ գտնեին քարերի վրա ոստնող սայլից: Եվ երբ վերջին վայրենի տանձենուց հետո, հարթ տեղ ընկանք այնտեղ, մինչ ձիերին շունչ էին առնել տալիս, պատմեց մեզ Չռչռ-քարի մասին:

– Հասարցի չորս եղբայրներ էին իրանց գյուղի ամենա – կտրիճները: Տունտեղ էլ ունեին, ամենքից մեծը, որ հիսնամյա հսկա մարդ էր, մեր լեռների հարազատ ծնունդը, ամուսնացած էր, միայն մի մանուկ ուներ, տասնամյա տղա, մյուսները ամուրի էին, ամուրի էլ մեռան…

Հետաքրքիր է, պատմեցեք, մենք ոչինչ չենք լսել:

– Հաբեթ աղան, – սկսեց ընկերս, – բազմահարուստ մի աղա էր իր շրջանում, հարուստ և լիրբ… փողի ուժը փորձել էր և լրբացել… Փողը, մանավանդ այսպիսի խուլ տեղերում, տեր և իշխան է ամեն բանի… Ունի՞ս փող, – ունիս ամեն ինչ, կարող ես գոռալ, կանչել, հայհոյել, ծեծել… անհոգ կաց, ամենքը կատու կդառնան առաջդ, քանի ամուր զարնես, այնքան ավելի կքծնեն, քանի պինդ գոռաս, այնքան ավելի լեզուները դուրս կհանեն… փող ունիս, դա հանաք բան չէ… Եվ Հաբեթ աղան փող ուներ շատ… Այսպես կամ այնպես` դիզել էր նա բավական, տոկոսով էր տալիս, – ի նկատի ունեցեք` հարյուրին ամենապակասը 20, հաճախ 40, և դեռ ընծաներն ավելի, ձրի աշխատացնելը, որևէ բան կես գնով պարտատերից կորզելը, գյուղի մեջ ամենալավ պատառների տեր դառնալը… Ու դիզում էր այդպես: Կենտրոն էր գտել իրան և կամաց- կամաց շրջան էր գծում իր չորս կողմը, ձեռքը հասնելու չափ ոտների առաջն էր քարշ տալիս հասնողներին… Նախ, իր գյուղացոց էր ստրուկ շինել, մուրհակներով, գրավներով շղթայել, հետո, շրջանը մեծացրել էր այնքան, որ հասել էր մինչև այս կողմերը, մինչև Հասար և դեռ էլ հեռուն… Գյուղացի չկար, որ պարտք չունենար նրան… Տոկոսները հենց – մի տարվա տոկոսը – ինձ ու իմ ընտանիքիս կապահովեցներ ընդմիշտ… Միայն կանխիկ փող այնքան թողեց, որ կհավատա՞ս, նրա մեռնելուց հետո որդին քաղաքում ցորենի նման բռով դեսուդեն ցրելով` հազիվ 3 – 4 տարում հասավ իր շորերը ծախելու օրին…

– Եվ այսպես, նա իր գրպանի և բռան մեջ էր հուպ տվել մի ամբողջ գավառ: Իր յուղը, պանիրը, բուրդն ու հնձվորը` տոկոսի տոկոսներն էին, իսկ տոկոսի, տոկոսի տոկոսները` “այսօր բաղս փորելու եկ, Արշակ… էգուց եզներդ ղրկիր գութանի, Մարկոս… եկող շաբաթ պատս պիտի շինես, ուստա Ղազար…” և կամ` “էս ո՞ւր ես այ հարամզադա Թորոս, բաս թողնելու ես, որ էս ծեր հալովս ե՞ս գնամ ցորեն հնձեմ, բերեմ կալը”… Հասկանում եք… Սրանք բուն տոկոսները չէին դեռ, բուն տոկոսներն սկսում էին ձմեռնամուտին… “Ղազար, մուրհակիդ օրը հասել է… Ադա Մարկոս, փողս չե՞ս տալու… Տո Արշակ, թե փող չունիս տոկոսը տալու, էլ ո՞ւր ես հարոցիդ խոտը տունդ տանում”… Եվ ժողովում էր, և ճզմում սարդից ավելի անգութ, վամպիրից ավելի խիստ… – Օրերից մեկ օր էլ, – շարունակեց ընկերս, – Հաբեթ աղան լուր է ուղարկում Հասար, Սողոմոնին թե` “դե շուտ, երկու օր կա մուրհակիդ լրանալուն, փողն ու տոկոսը բեր, թե չէ էսա` գալիս եմ տավարդ առաջս անեմ, քշեմ ու ծախեմ…

Բանն այն է, որ խեղճ Սողոմոնն ու իր եղբայրները վաղուց պարտք ունեին աղային: Մի տարի տավարների հիվանդությունը կոտորել էր գոմեշներին, եզներն էլ սովածությունից ընկել-սատկել էին, տուրք պիտի տային, ի՞նչ անեին, մի քանի, կարծեմ հենց երկու հարյուր ռուբլի` տոկոսով առել էին… 40 տոկոսով, պարտքն էլ, գիտե՞ս խո, ձնագնդի նման գլորվել էր, գլորվել, սար էր դարձել և դեռ էլի գլորվում, Չռչռ-քարի չափ էր լինում… Դեհ, խեղճ Սողոմոն և եղբայրներ, չորս հարյուրը մի անգամով ինչպե՞ս տային, այդ տարին էլ հակառակի պես անձրևային էր, կալերը ծլել էին, գետնախնձորը փչացել… Անիծվի այս երկիրը, ամեն տարի խո այդպես է… Հաբեթ աղան, ո՞վ գիտե ինչու, երևի Սողոմոնը շատ խոնարհ ողջույններով չէր հանդիպել նրան, թշնամացել էր, այժմ իր բոլոր առնելիքն էր ուզում… Մի կողմից էլ երևի տեսնում էր, որ պարտքն աճում է, իսկ վճարող աղբյուրը` ցամաքում, մտածում էր` քանի շուտ էր, եղածը սաղացներ… Պահանջում էր, կարո՞ղ ես գոռալ, վիճել… ձեռք ես քաշել` պիտի վճարես… Սողոմոնն էլ շատ դես ու դեն է անում, լուր է ուղարկում, աղաչում, բայց տեսնում է, որ աղաս անդրդվելի է, մի օր չարուխները հագնում, ոտքով Դուզան է գալիս, որ ինչ է` անձամբ աղաչի, պաղատի, գուցե մուրհակը կարողանա նորոգել տալ… Մի 20 – 30 մանեթ էլ, ոնց որ լինի, ճարում է, որ տոկոսները վճարի, գուցե խղճա և ժամանակ տա…

Գալիս հասնում է գյուղ, որ Հաբեթ աղան նստել Սերովբենց դուքանումը, գլխին է հավաքել գեղացոց ու ղալմաղալի մեջ է, տոկոսներն է հավաքում, նեղսրտվել է, գոռգոռում է, հայհոյում…

– Բարև, Աստծու բարին…

– Հա՞, եկար…եկ տեսնենք, գոնե դու պարտքդ բեր, թե չէ էս անիծածները ինձ սոված են թողնելու այս ձմեռ…

– Աղա, ես…

– Հը՞, ի՞նչ կա… քե՞զ հետ էլ կռվենք… Տո, էս ի՞նչ անամոթ լիրբ խալխ եք… փող եք ստացել` դե բերեք տվեք էլի… էլ ո՞ւր եք նեղացնում, էս կիրակի օրով հայհոյանքներ հանում բերնիցս… Չի լինիլ, չէ, ամբողջ պիտի տաս, հերիք է համբերածս…

Սողոմոնի լեզուն ասես կապվել է… Անձայն հանում է 30 մանեթը, դնում աղայի առաջ և աղաչում թե` էս է եղածը, աղա, որ քամես մեզ, ավելին չունենք… մուրհակը նորոգիր, գուցե գարնան…

Ոնց թե գարնան… Տո իծի մորուք, ես քու խաղա՞լիքն եմ, յա թե չէ` փողը դաշտիցն եմ գտել… բաս իմ տղերքը հաց չե՞ն ուզիլ, դու գարնան կարո՞ղ ես չորս-հինգ հարյուր մանեթ մի անգամով տալ… Էլ ինչ է լինում, ինչ չի լինում – մի թունդ կռիվ ու հայհոյանք հետևում է դրան… խո գիտե՞ք, մեր գյուղացիք ինչ որ չգիտենան, կիրակի օրով կռվելն ու միմյանց հայհոյելը շատ լավ գիտեն, մեկ էլ որ, մի թեթև պատճառ` և ահա միմյանց էլ հայր, էլ պապերի գերեզման… Մանրամասն չի հասել մեզ, թե ինչպես է լինում, որ Հաբեթ աղան մի թունդ, լկտի հայհոյանք է բաց թողնոմ բերնից, հետևից էլ մի մեծ ապտակ հասցնում Սողոմոնին… Մեկ էլ ինչ տեսնեն… Սողոմոնն էլ մոռանում է աղա, պարտք, անճարություն, արյունը գլխին է խփում, տանում է բերում և այնպիսի հարված հասցնում աղային, որ սա ետ-ետ է գնում ու խանութի գետինը չափելու պառկում…

Մի խառնաշփոթ, մի աղաղակ… Ո՞նց, Հաբեթ աղան ծե՞ծ ուտի, խանութի փոշին ավելի…

Բայց դեհ, թափվում են գյուղացիք, մեջ են ընկնում, աղային բարձրացնում, շորերի փոշին թափ տալիս, ճգնում են հաշտեցնել, Սողոմոնին են համոզում, աղային` ներել աղաչում… բայց ոչ կտրիճ և սրտի խորքից վիրավորված լեռնցին է ուզում աղաչելով հաշտվել և ոչ էլ լիրբ ու երես առած բռնավորը` զիջել և ներել:

Գնա, – կանչում է նա կատաղած, – գնա, ես մարդ չեմ լինիլ, եթե դու և բոլոր ցեղդ այս ձմեռ չկոտորվեք քաղցածությունից, շան որդիներ, ավազակներ…

Ու կատարում է սպառնալիքը: Ճշմարիտ է, կերած ծեծը ոչինչ, բայց մեկ մտածեք… Հաբեթ աղան, գավառի գլխին կակալ կոտրողը, ամենքի վրա անպատիժ գոռացողը, ամենքին վախ ու դող ազդողը… և հանկարծ, ծեծված մի ինչ-որ լեռնցուց, փռված գետին, ոտքի տակ այն էլ ողջ գյուղի առաջ… Վաղը չէ՞ որ լուրը կտարածվեր, անբողջ նահանգի խոսելիքը կդառնար… Ոչ, պետք է ցույց տալ և լավ ցույց տալ, որ անպատիժ կերպով չէր կարելի նույնիսկ բարձրաձայն խոսել նրա նման “իշխանի”, նրա նման գավառի մեծի, աղայի հետ… Այդ ձմեռ Սողոմոնն ու ընտանիքը, բոլոր եղբայրները, հիրավի, մնում են համարյա անոթի: Աղան ամեն կերպ աշխատում է և փողի ուժով հաջողվում է հասցնել նրանց այդ դրության: Խլում է տավարը, խոտը, կալի արդյունքը: Սողոմոնի կինը կրած տանջանքներից մեռնում է, թողնելով որբ տասնամյա մանուկին…

Գարունը երբ բացվում է, այլևս չկան ոչ եզ, ոչ գոմեշ, ոչ սերմացու, ոչ փող… Չորս եղբայրները դառնում են օրվա հացի կարոտ մարդիկ…

Եվ մի խորունկ զայրույթ, վառվող կատաղություն բռնկում է մի ժամանակ մեծ, առատ տան զավակների սրտի մեջ: Ավելացրեք դրանց վրա Հաբեթ աղայի ծաղրը, չարախնդաց ակնարկները, ամեն տեղ, ամեն բանում նրանց վնասելը…

Ոչ, տանել չէր կարելի այլևս: Հարկավոր էր քանդված օջախի վրեժն առնել, գավառն ամբողջ ազատել կլանող հրեշի ձեռքից, վիշապի ակռաները խլել…

Այս և ուրիշ այդ տեսակ մտքեր ներշնչում են եղբայրներին` թողնելու ամեն ինչ և ընկնելու լեռները: Մի գիշեր էլ զինված, իջնում են Դուզան, գտնում գյուղի գիշերապահներից մեկին, ստիպում, որ նա մի պատրվակով բաց անել տա Հաբեթ աղայի տան դուռը, ներս են նետվում և բռնում աղայի կոկորդից: Մեկը գտնում է բոլոր մուրհակները, դիզում, վառում է, իսկ Սողոմոնը վար է բերում տանտիրոջ արծաթապատ հրացանը, կամենալով զրկել նրան պաշտպանվելու միջոցից: Սպառնում է սպանելու, եթե նա չէր ցույց տալ փողերի տեղը: Այդպիսով մտածում է իրենց քանդած տունը վերանորոգող գումար ձեռք բերելուց հետո` թողնել հեռանալ:

Հաբեթ աղային և ոչ իսկ ճչալ է հաջողվում, կինն ու որդիները սարսափահար` կծկվում են անկյունում, օգնություն կանչել անհնար է, գիշերապահի վրա իսկ հսկում է եղբայրներից մեկը:

Ուրեմն մտադիր չե՞ն եղել սպանել աղային, – հարցնում եմ ես ընդհատելով:

Ոչ, արյուն թափել ոչ ոք չի կամենում, Սողոմոնը մինչև իր կյանքի վերջը երդվում էր, որ նա չէր կամեցել Հաբեթ աղայի մի մազն իսկ շարժել տեղից, այլ միմիայն դիզած մուրհակները ոչնչացնել և մի քանի հարյուր ռուբլի ձեռք բերել – գնալ ուրիշ երկրում տեղավորվելու համար.. Բայց փող քիչ են գտնում, հազիվ երկու հարյուր, աղան, ըստ երևույթին, զգույշ մարդ է եղել… ինչ որ էլ լիներ, գլխավոր խնդիրը կատարված էր, անբողջ գավառի շղթաները` մուրհակները, ոչնչացած էին… Եղբայրները գոհ, պատրաստվում են հեռանալու: Սողոմոնը կամենում է հետը վերցնել նաև աղայի լի հրացանը, վախենալով, որ հետևիցը չխփեն իրեն… Խելոք էր մտածում, Հաբեթ աղային ճանաչողը պիտի իրավունք տար Սողոմոնի կասկածներին…

Բայց, գրված էր, մուրհակներից հետո նրանց տերը ապրել չէր կարող… Հիմարությո՞ւն է գալիս Հաբեթ աղայի վրա այդ միջոցին, թե՞, հիրավի, նա կամենում է եղել եղբայրներին հետևից զարնել – փաստն այն է, որ նա անմիջապես բռնում է հրացանի փողիցը և չի թողնում, որ տանեն: – Ինչ որ տարար, վնաս չունի, – գոչում է նա, – բայց հրացանս թող, պապենական հիշատակ է…

– Թող տուր շուն, – ճգնում է նրա ձեռքիցը քաշել Սողոմոնը, – թողնեմ` որ հետևիցս զարնե՞ս մեզնից մեկին…

– Ոչ, երդվում եմ…

– Երդվո՞ւմ… քեզ նման շունը… թող տուր…

Եվ պինդ, գետնի երեսին քաշ գալով կառչում է աղան իր հրացանի փողիցը…

Մինչ այդ, աղայի կինը սթափվում է, դուրս է սպրդում և ճիչ ու աղմուկ բարձրացնում: Լսվում են աղմուկներ, շների հաչոց: Պետք էր փախչել, բայց աղան ձյութի պես կպել է հրացանից, ոչ աքացիները, ոչ գլխին տված բռունցքները, ոչինչ չեն հաջողվում պոկել նրան… Եղբայրները հասկանում են, որ զզվելի վաշխառուն դիտմամբ է սարքում այս տեսարանը, մինչև օգնության հասնեն, բռնեն նրանց և կամ, եթե հրացանը թողնեին, գնդակահար աներ հետևից մեկնումեկին…

– Շուտ, եղբայր, – ձայնում է Սողոմոնին կրտսերը, – գալիս են, վերջ տուր` գնանք, գյուղը ոտքի է ելնում…

– Ի՞նչ անեմ, թողնե՞մ հրացանը…

– Տո, ի՞նչ ես շվարել, – գոչում է Ղուկասը, – բլթակը քաշիր…

Եվ իրավ, ուրիշ ճար չկար… Սողոմոնը քաշում է բլթակը… Լսվում է մի խուլ թնդյուն, հետո բարձրանում են ճիչեր, աղմուկ և չորս եղբայրները հազիվ կարողանում են իրենց դուրս նետել գյուղից, մտնել անտառները և ազատվել հետապնդումից… Այլևս նրանք “ղաչաղներ” են… Ղաչաղներ` ազատ` բայց տխուր, որ մարդ են սպանել և այժմ հալածական, անտուն, մի մանուկ էլ հետերնին` աստանդական, ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում… Սողոմոնի երեսից ժպիտն անհետացել էր… Իրավ է, գյուղացիք օգնում էին նրանց, եղբայրներից գյուղ իջնողին տալիս էին պաշար, ոչխար, հագուստ, սակայն մյուս կողմից հալածանքը ստիպում էր միշտ շարժուն, միշտ թաքնված, քարայրների, խիտ անտառների մեջ ապաստանել, ոչ ազգականի կարողանալ երևալ, ոչ ժամերգություն լսել, հայրենի գյուղը մտնել…

Այսպես նրանք փախստական` ապրում են ամբողջ ամառը: Քանիցս ձիավորների զինված խմբերը նրանց հետևիցն ընկած` որոնում-գտնում են, բայց միշտ փախստականներին հաջողվում է ազատվել, մինչև մի օր էլ, այդ դժբախտ Չռչռ-քարի լեռը եղած ժամանակ, մատնությա՞ն շնորհիվ, թե՞ պատահմամբ, պաշարվում են հանկարծ, անհույս` այս անգամ էլ ազատվելու…

Ու կռվում են, որքան հնարավոր է չորս հոգուն, մի մանուկ էլ հետներին` հարյուրի դիմաց…

Եղբայրներից կրտսերը զարնվում է մի թփի տակ և մեռնում տեղնուտեղ, երկրորդը վիրավոր` ժայռերից գլորվում է ձորը և փշրվում քարերի վրա, երրորդին գտնում են ոտքը կոտրած` մի քարայրի մոտ, և նա էլ բանտումն է մեռնում, իսկ Սողոմոնն արյունաքամ, մի քանի գնդակ մարմնի մեջ, տասնամյա որդուն գրկած` նետում է իրեն, ահա նայեցեք, այն միջին մեծ քարայրը… Սայլն այդ միջոցին կանգ առավ, ձիերից մեկի սանձը կտրվել էր, կառապանը իջավ, բայց երևի նա էլ էր լսում պատմողին, որովհետև ներքևում կանգ առավ և փոկը ձեռքին` սպասեց:

Եվ այնտեղ, – շարունակեց ընկերս հուզված, – թշվառ ծերունին, թեև չի գտնվում, բայց երկու օր պաշարված, արյունաքամ, անխնամ և անոթի, որդին սեղմած կրծքի վրա, մեռնում է… անիծելով լեռն ու ձորը, կյանքն ու նրա դառնությունները, աղայի ամբողջ սերունդն ու հայրենի հողը… անիծելով բոլոր նրանց, որոնք սրտի փոխարեն քար են կրում կրծքերի մեջ…

Երկու օրից հետո պաշարողները քայլ առ քայլ խուզարկելով` հասնում են քարայրին և սառած կանգ են առնում արյունալի տեսարանի առաջ… Ծերունի հայրը արյունատապալ մեռած, իսկ մանուկը անոթությունից և հուզմունքներից` նվազած նրա կրծքի վրա…

Աստիճանավորը հրամայում է ձեռք չտալ դիակին, ետ քաշվել: Լուռ գրկում է մանուկին և հեռանում արյունոտ լեռներից… Պատմեց ընկերս և լռեց:

Դուզանը երևում էր դաշտի ծայրում իր կարմիր տանիքներով, գետեզրի ծառաստաններով: Մեր կառքը, ընկավ հարթ հողի վրա, գլորվում էր արագությամբ:

– Եվ ի՞նչ եղավ պատանին, – հարցրեց փեսաս:

– Ուսումի տվին նրան… Այժմ, տեսնողներն ասում են, որ հեռու մի քաղաքում “լավ մարդ” է դարձել նա… Իսկ թե այդ “լավ” մարդը երբևիցե պիտի գա՞ արդյոք գոնե իր թշվառ հոր արյունոտ գերեզմանին համբույր տալու… Չգիտեմ…

Ոչ ոք չխոսեց այլևս: Կառապանը նստեց, սանձերը ժաղովեց ու մտրակեց ձիերին…

Վրթանես ՓԱՓԱԶՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում