Այլաբանություն

Այլաբանություն

Ես կարող եմ
գրել սիրո մասին,
այսօր,
երբ ձյունը մատնում է
անտեսանելի էակներին,
երբ մետրոն մի պահ
արևին աչքով է անում և կրկին
մայր մտնում,
երբ զարդատուփի պարուհին դանդաղեցնում է
երազ-պտույտները,
և իրերն է արցունքով զննում,
ես կարող եմ գրել սիրո մասին:

Հիմա զբոսնում եմ, գիշերն էլ ինձ հետ,
սեփականացնում մայթի բոլոր լապտերները,
իսկ Արևը դաժան էր,
լապտերները` սառույց,
կներես,
այդ ես եմ`
Վահե Արսենը,
թիկունքովս թիակներիդ հենված,
կչքվեմ, թե շրջվես,
վրահաս փողոցի անկյունում,
«Պալերմո»-ից զեղչ-գնված կոշիկներով
տրոհվող բետոնին ամուր կանգնած,
կտրված ծառերի հարևանությամբ
ես կարող եմ գրել սիրո մասին:

Քամին իր ուրվական երգն է երգում,
ընդհատվում ռադիոընդունիչի խզզոց-հազով,
և ամեն շշուկ համերգ է,
այլաբանություն,
անձրև,
հարյուր տարի անընդմեջ,
մաշկս մրսում է,
ուրվագծվում,
սրբիր ճակատիս քրտինքն ու
վերցրու քեզ հետ,
ես կարող եմ գրել սիրո մասին:

02.01.05թ.
Վահե ԱՐՍԵՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում